Պապս միշտ լուռ էր: Խոսում էր միայն անհրաժեշտության դեպքում: Ամբողջ ժամանակ իր սենյակում պառկած գիրք էր կարդում: Իմ մանկական հիշողությունները դրանով էլ սահմանափակվում են: Կապուտաչյա, խոհուն դեմքով պապս, դեղերով բեռնված աթոռակը մահճակալի կողքին` կարդում է:
Հորս հայրն ավելի շուտ է մահացել: Չնայած որ ինքն ինձ շատ է սիրել (բոլորն այդ են ասում), բայց ես իրեն համարյա չեմ հիշում, մի քանի դրվագներ են միայն հիշողությանս մեջ մնացել, որոնցից ամենադրականն այն էր, որ, երբ արդեն հիվանդ էր, իսկ ես 7 տարեկան աղջնակ, բարձրացել էի իրենց բակի թթենուց մի քանի հատիկ քաղել, որ պապիկս ուտի: Հիշում եմ, թե ոնց էր իր մեծ ու կոշտացած մատներով պուճուրիկ բռիս միջից վերցնում ինձ հսկայական թվացող թութն ու երանավետ դեմքով ծամում, որ ես լավ զգամ: Հետո պապիկս մահացավ, ես չհասկացա էլ, թե դա ինչ է նշանակում: Տարիներն անցան, մնացել էր մյուս պապիկս` մորս հայրը, որն իմ լուռ պապիկն էր: Շատ անգամներ եմ մորս, տատիկիս հարցրել, թե ինչո՞ւ նա էլ մեզ հետ ժամանակ չի անցկացնում, ախր բոլորի պապիկները միշտ թոռների հետ են, զբոսնում են, խաղում: Տատս թախծոտ դեմքով ասում էր, որ պատերազմի ժամանակ ստացած վերքերը դեռ ցավում են, դրանից է, որ ինքը միշտ պառկած է մնում: Հետո, մի օր մահացավ: Գիրք կարդալիս: Զորայր Խալափյանի նոր լույս տեսած վեպը ձեռքից ընկել էր, էջը պատռվել… Այդ գիրքը մինչև հիմա էլ չեմ կարողանում կարդալ, չնայած շատ տարիներ են անցել: Պապս շատ երիտասարդ տարիքում է գնացել պատերազմ, վիրավորվել մի քանի անգամ, մի աչքն էլ կորցրել… Ես մտածում էի, որ դա է պատճառը նրա լռության: Բայց մի օր մորաքույրս պատմեց, որ պապիկս ասել է, թե ինչից է ամենաշատը տպավորվել այդպես ծանրորեն: Գրոհներից մեկի ժամանակ նրա աչքի առաջ ֆաշիստի կրակահերթը մեջտեղից կիսել է մի տասնյոթ-տասնութ տարեկան զինվորիկի: Ամեն անգամ այսքանն ասելուց հետո, նորից ահագնացող հուզմունքը քողարկելու համար պապս գնացել է իր սենյակ ու էլի չի խոսել: Մենք այդպես էլ չգիտենք՝ ով է եղել այդ զինվորը, ինչ են խոսել մինչ այդ սարսափելի գնդակահարությունը: Բայց, եթե անգամ թույլ երևակայություն ունեք, էլի կարելի է պատկերացնել, ինչ է հնարավոր զգալ, երբ մարդն աչքիդ առաջ վերից վար կրակահերթից կիսվում է երկու կտորի ու … Բնական է, սա միակ դեպքը չի եղել, պատերազմում փլավ չեն բաժանում: Հիմա պարզ է, թե ինչ են ապրել նրանք:
Ես չեմ հասկանում, որ ոմանք հրաժարվում են այս տոնից և ընդունում միայն Շուշին: Դա իրենց գործն է: Այս օրը պատերազմի պատճառով միանգամից ծերացած ու առողջությունը կորցրած պապիկիս հաղթանակի օրն է:
Ես խոնարհվում եմ կռվին մասնակցած պապերիս, թիկունքում ապրած ու երեխա պահած տատերիս հիշատակի առաջ: Այս օրն ինձ համար եղել է, կա ու կլինի տոն, իսկական տոն: Փառք մեր տղաներին, հազար փառք, որ Շուշին էլ գրավեցին, խոնարհվում եմ նաև նրանց առաջ: Մեր տղաների, ովքեր զոհվեցին, ովքեր լռում են պապիս պես: Մեր տղաների, ովքեր պատերազմի պատճառով, առանց ամուսնանալու միանգամից այրիացրեցին իմ սերնդի շատ աղջիկների: Շնորհակալ եմ, հավերժ փառք…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/554957927860822
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել