«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Հեղափոխությունը հաղթել է» արտահայտությունն ինձ չափից դուրս լավատեսական է թվում: Եթե մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, ապա 
անգամ այդ դեպքում ես չէի շտապի արձանագրել հեղափոխության հաղթանակը:

Հաջողության մասին հնարավոր կլինի խոսել այն դեպքում, եթե մենք կարողանանք ավելի լավ պետություն և հասարակություն ունենալ: Քանի որ այս ամենը մենք արդեն անցել ենք, ինձ թույլ կտամ երկու նկատառում հայտնել:

1. Պետք չէ սպասել արագ արդյունքների: Մայիսի 8-ից հետո (եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի) հազարավոր մարդիկ, որոնք այս 25 տարվա ընթացքում առնչվել են անարդարությանը կամ կարծում են, որ առնչվել են, գալու են կառավարության շենքի մոտ իրենց արդար կամ անարդար պահանջներով: Կամ ավելի զարգացածներն այդ պահանջները ձևակերպելու են «բաց նամակների» տեսքով:

Մեր քաղաքացիների մեծ մասն իրավամբ չի հավատում ինստիտուտներին՝ դատախազությանը, ոստիկանությանը, առաջին հերթին, իհարկե՝  դատարանին,  նրանք իրենց հույսը կապում են երկիրը ղեկավարող անհատի հետ, առավել ևս այս պարագայում, երբ նրան վստահում են: Համոզել մարդկանց, որ նրանք, այնուամենայնիվ, դիմեն համապատասխան պետական մարմիններին, այս պահին, ինձ թվում է, հնարավոր չէ: 

Բնականաբար, պետք է փոխվեն այդ ինստիտուտները: Կասկածում եմ, որ դա հնարավոր է մի քանի օրում անել, և այդ առումով քաղաքացիները պետք է, կարծում եմ, մի փոքր համբերատար լինեն: Բայց որ այդ ինստիտուտները հնարավոր է փոխել, չեմ կասկածում: Փողոց են դուրս եկել հարյուր հազարավոր ազնիվ, բարի, իրար նկատմամբ հարգանքով և սիրով լցված մարդիկ, մնում է, որ նրանք իրենց աշխատավայրերում նույնպես դրսևորեն այդ գովելի հատկությունները: Ինչպես դա անել՝ մասնագետները կասեն, միջազգային փորձն էլ կա:

2. Պետության համար «շարժման տղերքը» ոչնչով ավելի լավը չեն, քան մնացած քաղաքացիները: «Ես շարժման տղա եմ, ես պայքարել եմ, զրկանքներ եմ կրել, բերման եմ ենթարկվել, ուրեմն ինձ մի հատ կուկլա պաշտոն է հասնում»՝ այդ տրամաբանությունը բերում է տխուր հետևանքների: Տասնամյակների փորձը ցույց է տալիս`  «շարժման տղերքից» շատերը 2-3 տարում կարող են դառնալ ճիշտ այնպիսի կերպարներ, որոնք մերժվել են հեղափոխության ժամանակ:

Այդ նույն տրամաբանության մեկ այլ դրսևորում է՝ «էս տղեն մեր թիմից է, մենք չենք կարող նրան պատժել» արտահայտությունը: Կամ էլ մեկ այլ տարբերակ՝ «դու ո՞ւր էիր, երբ ես ճամփա էի փակում»:

Հեղափոխական ռոմանտիկան հաճախ վերածվում է փոխարժեքի, որը, ինչպես ասում են, կապիտալիզացիայի է ենթարկվում միանգամայն պրագմատիկ եղանակներով: Ոչ մեկի բարձր տրամադրությունը չեմ ուզում փչացնել: Պարզապես հիշում եմ, թե ինչ է տեղի ունեցել 30 տարի առաջ և դրանից հետո»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել