
Իհարկե այսօր Ֆեյսբուքը և ընդհանրապես ամբողջ վիրտուալ աշխարհը շատ գեղեցիկ է, որովհետև այն գրեթե ամբողջովին զարդարված է հայրենասիրական-ազգագրական նկարներով, երգերով, սակայն փաստը մնում է փաստ, որ մարդիկ այս ամենի մասին հիշում են միայն մեկ օր: Ապրիլի 24-ին, ինչպես նաև ջահերով երթերի ժամանակ Ծիծեռնակաբերդում ասեղ գցելու տեղ չի լինում բառիս բուն իմաստով, բայց եթե մենք փորձենք Ծիծեռնակաբերդ գնալ հունիսի 3-ին, օրինակի համար, ապա կտեսնենք, որ այն դատարկ է կամ էլ մեկ-երկու սփյուռքահայ հազիվ լինի, թե չլինի: Ինչու՞: Ինչու՞ պիտի մենք մեր հարգանքի տուրքը մատուցենք եղեռնի անմեղ զոհերին միայն մեկ օր: Ինչու՞ պիտի մեր հերոսներին, ֆիդայիներին հիշենք միայն մեկ օր: Եվ սա այն գլխավոր պատճառներից մեկն է, որ հայոց պահանջատիրությունը օր օրի ավելի է մարում, կորցնում իր ուժը: Իսկ այդ նույն ժամանակ թուրքական և ադրբեջանական քարոզչամեքենան մեզ՝ հայերիս աշխարհին ներկայացնում է որպես ագրեսոր, որպես մի ազգ, որը իրականացրել է թուրքական ցեղասպանությունը, մի ազգ, որը գրավել է ադրբեջանցիներից Արցախը, Երևանը, ամբողջ Արևելյան Հայաստանը: Ազգ, որը եկել է Բալկաններից և կոտորելով թուրքերին և ադրբեջանցիներին՝ գրավել է նրանց տարածքները, սեպ խրել երկու եղբայրների միջև: Եվ այս ամենը աշխարհը ընդունում է ի գիտություն և զրպարտում հայերին՝ տեղյակ չլինելով խնդրի բուն էությանը: Իսկ ո՞վ պետք է նրանց տեղեկացնի ճշմարիտը, եթե ոչ մենք: Ո՞վ պետք է դա անի մեր փոխարեն: Իհարկե ոչ ոք: Ուրեմն ես կոչ եմ անում ամբողջ հայությանը, Հայաստանում և աշխարհում: Ամեն օր հիշեք, որ դուք անավարտ գործ ունեք, հիշեք և ամեն օր հարգեք մեր հերոսներին: Գոնե ձեր մտքում: Որովհետև այդպես մենք երբեք հետ չենք կանգնի մեր պահանջատիրությունից: Կհիշենք և կհիշեցնենք աշխարհին, որ մենք Ցեղասպանություն ենք տեսել, որ Արցախը մերն է եղել, որ Արևմտյան Հայաստանը մերն է եղել, որ Նախիջևանը մերն է եղել, Ջավախքը, Ախալքալաքը: Մենք ամեն օր պետք է հիշենք և գիտակցենք, որ այդ հողերի համար մեր պապերը, հայրերը, մեր հայրենակիցները արյուն են թափել, կռվել են, պարտվել ու հաղթել են: Հաղթանակները պետք է հիշենք, որպեսզի պատրաստվենք ամենամեծ հաղթանակին: Իսկ պարտություններից պետք է դասեր քաղենք: Ինչևէ: Սա այն թեման է, որի մասին պետք է բարձրաձայնի ամեն հայ: Եկեք մեկ անգամ ևս հիշենք ու խոնարհվենք բոլոր մեր հերոսների առջև: Հիշենք և խոստանանք, որ իրենց սուրբ արյան գնով կերտված անկախ հայրենիքը պահելու և պահպանելու ենք, սիրելու ենք ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան, այլ ոչ թե տարին մեկ անգամ, այն էլ ապացուցելու, որ մենք հայրենասեր ենք: