Սկսենք տերմինաբանությունից։ Եթե մաքսիմալ հակիրճ, ապա հեղափոխությունը տարբերվում է հեղաշրջումից նրանով, որ, բացի իշխանությունների ու/կամ դրա առանձին մասերի փոփոխությունից, փոխում է տվյալ երկրում առկա հասարակարգը․ մոնարխիան դառնում է հանրապետություն, կապիտալիստական համակարգը փոխարինվում է սոցիալիստականով, կամ էլ՝ հակառակը, աշխարհիկ պետությունը դառնում է կղերապետություն և այլն։

Հայաստանում ստեղծվել է նոր իրականություն, որը դեռ շատ հեղհեղուկ է։ Եթե փորձենք բնութագրել Հայաստանում առկա հասարակարգը մինչև այդ իրադարձությունները, ապա օխլոկրատիայի վրա հիմնված օլիգոպոլիա էր՝ ֆեոդալիզմի տեղային էլեմենտներով։ Նոր Հայաստանը դասակարգելը դեռ դժվար է։ Ազդարարված է, որ ո՛չ կապիտալիզմից ենք հրաժարվելու, ո՛չ պառլամենտական կառավարման ձևից, ո՛չ էլ, առավել ևս, պատրաստվում ենք կրոնապետություն դառնալ։ Սա նշանակում է, որ միակ բանը, որը կարող է նպաստել, որպեսզի ստեղծված իրադրությունը դարձնի հեղափողություն հենց օխլոկրատիայի վրա հիմնված ու ֆեոդալական տարրերով համեմված օլիգոպոլիայից անցումն է դեմոկրատիկ պառլամենտարիզմի։

Իրականում ամենաբարդը հենց դա է, որովհետև ո՛չ Նիկոլը, ո՛չ նրա թիմը, ո՛չ նրան դաշնակից դարձած քաղաքական ուժերն ի զորու չեն այդ անցումն անել ինքնուրույն, առանց ժողովրդի ստվար շերտերի գործուն մասնակցության։ Ու շարժման ամենամեծ մարտահրավերը հենց դա է, որովհետև նշանակալից փոփոխություններ չեն լինի, եթե շարժմանը միացած հազարավոր մարդիկ ինդիվիդուալ մակարդակով չգնան իրենց առօրյայի ու կենցաղի փոփոխությունների։ Օրինակներով խոսենք։

- Լավ է, եթե նախկինում ընտրակաշառք բաժանողը/վերցնողը այդ շարժման օրերին ճանապարհներ էր փակում ու ցույցերի էր գնում։ Վատ է, եթե նա կես տարի, մեկ տարի կամ էլ մի երկու տարի հետո էլի շարունակի կաշառք տալ ու վերցնել։

- Լավ է, եթե նախկինում այս պետությունն իրենը չհամարողն ու օտարվածը՝ «երԳիրը երԳիր չի»-իստերից մինչև «հիասթափված արտագաղթում եմ»-իստները մեկ էլ մոռացան իրենց նեղացածությունը և գիտակցեցին, որ երկիրն այնուամենայնիվ իրենցն է, արտագաղթելով էլ միայն թուլացնում են այն, հրաժարվում են պայքարից։ Վատ է, եթե այս ամենի հանդարտվելուց հետո նրանք թողնեն ու հետ գնան Ռոստով, Լոս Անջելես ու Նիցցա, իսկ մյուսներն էլ շարունակեն պնդել, որ երկիրը, մեկ է, երկիր չէ։

- Լավ է, երբ շարժման մասնակիցներն անկեղծորեն սիրում ու հիանում են միմյանցով՝ համարելով, որ իրենք հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներ են; Վատ է, եթե այդ սերն ու հանդուրժողականությունը միայն բարիկադների մի կողմի վրա է տարածվում ու չի տարածվում ո՛չ բարիկադների մյուս կողմից, ո՛չ էլ բարիկադների կողմեր ընտրելուց հրաժարված քաղաքացիների վրա։

- Լավ է, երբ մարդիկ արդարացիորեն ընդվզում են անարդարության, թալանի ու օլիգարխիայի դեմ։ Վատ է, եթե լուծումը տեսնում են բանալ «раскулачивание»-ի մեջ ու համարում են, որ դե ոչինչ, կարևորը «սրանցից» սաղ խլեն ու ժողովրդին բաժանեն, արանքում էլ ինչ իրենց պահեն, հալալ լինի։

Կենցաղային ու առօրեական խնդիրները, որոնք անհատական լեվլի լուծում են պահանջում, անթիվ են ու անհամար․ չի՛ կարելի միզել շքամուտքերում, չի՛ կարելի հայհոյել փողոցում, չի՛ կարելի մոջահեդի նման վերաբերվել կանանց, չի՛ կարելի հերթեր կանգնել այնպես, որ դրանք ունենան կլոր կուտակումների տեսք, չի կարելի օրենքներ խախտել, անգամ եթե գիտես, որ քեզ չեն պատժելու, չի կարելի ձայն վաճառել ու ձայն գնել և այլն․․․ Այս ամենը մի օրում չի փոխվելու, բայց այս ամենը փոխելը պետք է սկսել օր առաջ ու նույնքան միահամուռ, որքան ճամփաներ էին փակում ու դասադուլ անում, հակառակ դեպքում զուտ ժամանակի հարց է, թե երբ է գալու այն օրը, երբ արթնանաք ու գիտակցեք, որ ոչ մի հեղափոխություն էլ չստացվեց, ու կյանքում միակ ռեալ փոփոխությունը, որ եղավ, այն էր, որ միևնույն օխլոկրատիայի վրա հիմնված օլիգոպոլիայում է ապրում, պարզապես փոխվել են գործող իշխող անձանց անունները և մի շարք այլ ոչ էական դետալներ։

Ի վերջո, ո՛չ Նիկոլը, ո՛չ էլ որևէ այլ մեկը Մեսսիա չէ, աստված չէ ու ամենազոր չէ։ Նիկոլի հաղթանակը պայմանավորված էր նրանով, որ նրան հավատացին ու միացան հարյուր հազարավոր քաղաքացիներ ու արեցին դա մի մարդու պես։ Հիմա կարևոր է, որ նրանք հասկանան, որ բոլոր մնացած փոփոխություններն ու վարդագույն տեսլականներն իրականացնելիս էլ պետք է լինեն միահամուռ ու անձնուրաց՝ զրկանքներ ու սահմանափակումներ կրելով, որովհետև կենցաղն ու առօրյան փոխելն ամենամեծ զրկանքներն ու անձնուրացությունն է պահանջում։

Հ․Գ․ Ես այս շարժման մասնակիցը չէի ու չեմ։ Չեմ էլ լինելու։ Բայց շահագրգռված չեմ, որ այս մեծ էներգետիկան ու զարթոնքը դառնա նույնքան մեծ հիասթափություն ու ֆրուստրացիա, դրա համար օրեր առաջ գերադասեցի լռել, որովհետև եթե չես կարող օգնել, ապա անպայման չէ խանգարել։ Իսկ հիմա իմ՝ հակահեղափոխականիս, թեև սուբյեկտիվ, բայց օբյեկտիվ փաստերով շարադրված դիտարկումներս եմ անում 

#ՎերջԼռությանս

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել