Նելսոն Մանդելան հայտնի է ոչ միայն որպես Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանության ամենահայտնի ակտիվիստներից մեկը: Մանդելան պատկանում էր Տեմբո գերդաստանին, որն իշխում էր ՀԱՀ արևելյան Կաբո գավառում: Սակայն իշխող գերդաստանին պատկանելը նրան գահին տիրելու իրավունք չէր տալիս, քանի որ ընտանիքի կրտսերն էր: Բացի այդ՝ նրա հայրը Մվեզո գյուղի գյուղապետն էր, ում գաղութային իշխանությունները զրկեցին այդ պաշտոնից և տեղափոխեցին Կուն` պահպանելով նրա տեղը Տեմբո տոհմի գաղտնի խորհրդում, որն 9 տարեկան հասակում ժառանգեց Նելսոնը:
Իր քաղաքական գործունեությունը նա սկսեց 1948 թ.՝ դառնալով Աֆրիկյան ազգային կոնգրեսի երիտասարդների խմբի քարտուղար, ապա՝ Աֆրիկյան ազգային կոնգրեսի ազգային խորհրդի անդամ, իսկ 1950 թ.՝ Երիտասարդական լիգայի նախագահ: Նելսոնը չէր դադարում պայքարել Հարավաֆրիկյան Հանրապետության ժողովրդի իրավունքների համար: Հավատարիմ ընկեր և գործընկեր Օլիվեր Տամբոյի հետ միասին 1952 թ. Մանդելան հիմնեց Mandelo և Tambo իրավաբանական ընկերությունը և սկսեց անվճար օգնություն տրամադրել տեղի բնակիչներին:
1956 թ. Մանդելան և 150 կողմնակիցներ ձերբակալվեցին պետական դավաճանության մեղադրանքով: Դատական գործը տևեց մինչև 1961 թ.: Արդյունքում բոլոր ամբաստանյալներն արդարացվեցին: Այնուհետև նա սկսեց ակտիվ գործունեություն ծավալել ընդդեմ գործող կառավարության` կազմակերպելով և գլխավորելով Աֆրիկյան ազգային կոնգրեսի զինված թևը, որը կոչվում էր «Ազգի նիզակ»: Սկզբնական շրջանում թևի անդամները կառավարության դեմ դիվերսիաներ էին կազմակերպում, այնուհետև սկսեցին պարտիզանական պատերազմ մղել, որի ժամանակ տուժեցին նաև խաղաղ բնակիչներ:
1962 թ. օգոստոսի 5-ին նա ձերբակալվեց ԿՀՎ-ի օգնությամբ և դատապարտվեց 27 տարի ազատազրկման: Ազատազրկման 18 տարին նա անցկացրեց Բարե հուսո հրվանդանի մոտ` Ռոբեն կղզում գտնվող մենախցում: Որպես քաղբանտարկյալ՝ Մանդելան շատ ավելի քիչ արտոնություններ ուներ, քան մյուս բանտարկյալները: Նա կարող էր միայն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ նամակ գրել: Հետաքրքրական է, որ ազատազրկումը չխանգարեց նրան ավարտել Լոնդոնի համալսարանը և ստանալ իրավագիտության բակալավրի աստիճան: 1982 թ. նրան Աֆրիկյան ազգային կոնգրեսի այլ բանտարկյալների հետ միասին տեղափոխեցին Պոլսմուր բանտ: Այդ քայլին, ինչպես ենթադրվում էր, կառավարությունը դիմեց քաղբանտարկյալների հետ հարաբերությունները բարելավելու համար: Իսկապես, 1987թ. Նելսոնն առաջարկեցին ազատ արձակել պայմանով, եթե հրաժարվեր բռնությունն օգտագործել որպես քաղաքական զենք: Քանի որ այս առաջարկն արվել էր միայն Մանդելային, նա հրաժարվեց դրանից՝ ասելով հետևյալը. «Ի՞նչ ազատության մասին է խոսքը, երբ միջազգային կազմակերպությունը շարունակում է արգելվել: Միայն ազատ մարդիկ կարող են մտնել բանակցությունների մեջ: Բանտարկյալը չի կարող պայմանագրեր կնքել»:
Այնուամենայնիվ, ՀԱՀ կառավարությունը չէր դադարում բանակցել Նելսոնի հետ: 1988 թ. շատ մեղմ ռեժիմով նրան տեղափոխեցին Վիկտոր Վեստեր բանտ, իսկ 1990 թ. Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ֆրեդերիկ դե Կլերկը հրամանագիր ստորագրեց Աֆրիկյան ազգային կոնգրեսի օրինականացման համար, և 1990 թ. փետրվարի 11-ին Նելսոն Մանդելան ազատ արձակվեց:
Ազատ արձակվելու օրը ելույթ ունենալով՝ Մանդելան քաջ գիտակցում էր, որ Աֆրիկայի ազգային կոնգրեսը շարունակելու էր սևամորթների ընտրությանը մասնակցելու իրավունքի համար մղվող պայքարը: Եվ իրոք, պայքարը դեռ շարունակվում էր: Իրար ետևից շարուանկվում էին անկարգություններն ու բունտերը, որոնք հանգեցրին ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը: Ընտրությունները տեղի ունեցան 1994 թ. ապրիլի 27-ին: Ընտրությունների արդյունքում Մանդելան դարձավ ՀԱՀ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը: Նրա կառավարման առաջին 5 տարիների ընթացքում երկիրը կարողացավ դուրս գալ դժվարին վիճակից: Վերջինս կարողացավ օգնել հաղթահարել երկրի սոցիալ-տնտեսական անհավասարությունը: Նելսոն Մանդելան կարողացավ վերջ դնել սպիտակամորթների և սևամորթների միջև շարունակվող անհավասարությանը: Նախագահականի աշխատակազմում նա ոչ մի փոփոխություն չիրականացրեց, անգամ ներեց այն մարդկանց, ովքեր 27 տարով բանտարկել էին իրեն: Նելսոն Մանդելայի կառավարման տարիներին Հարավային Աֆրիկայում առաջին անգամ բժշկական անվճար օգնություն ցուցաբերվեց, և դրամական նպաստներ շնորհվեցին երեխաներին:
Մանդելայի ավանդը ՀԱՀ ողջ պատմության մեջ փաստացի անգնահատելի է: 1999 թ.՝ թոշակի անցնելուց հետո, Մանդելան սկսեց ուշադրություն դարձնել ՁԻԱՀ-ի և ՄԻԱՎ-ի խնդիրներին: Ճակատագրի հեգնանքով, 2005 թ. նախագահի կրտսեր որդին մահացավ հենց այս հիվանդությունից: Մանդելան իր ողջ կյանքը նվիրել է ժողովրդավարական պետություն ստեղծելու նվիրյալ գործին: Նա հավատում էր, որ ժողովուրդը կարող է հասնել հաջողության միայն ու միայն համառ և գիտակից պայքարի շնորհիվ: 2013 թ. դեկտեմբերի 5-ին նա հեռացավ կյանքից: Աշխարհը կորցրեց 20-րդ դարի մեծ բարեփոխչի, ով պայքարում էր մարդու իրավունքների համար և արժանացել է 2 տասնյակից ավել մրցանակների, այդ թվում՝ և Խաղաղության Նոբելյան մրցանակի:
ՄԱԿ-ը 2009 թ. հուլիսի 18-ը՝ Մանդելայի ծննդյան օրը, հռչակել է Նելսոն Մանդելայի միջազգային օր:
Հ.գ. Մանդելա. «Եթե դուք երազանք ունեք, ոչինչ չի խանգարի կյանքի կոչել այն, քանի դեռ ինքներդ չեք հանձնվել»: