Tert.am-ը գրում է.
Ստամբուլում հրատարակվող հայկական պարբերականներից «Ակօս»-ի սյունակագիրներից Օհաննես Քըլըդաչդաղըն անդրադարձել է Թուրքիայի հայերի շրջանում կրոնական ինքնության ընկալումների, Պոլսո Հայոց պատրիարքարանի հետ իրական փոխհարաբերությունների ու մի շարք այլ խնդիրների։
Քըլըչդաղըն իր սյունակում ներկայացրել է Թուրքիայում գործող հայկական «Մտքի հարթակ» նախաձեռնության ու KONDA հետազոտական կենտրոնի համատեղ անցկացրած սոցհարցման տվյալները՝ փաստելով, որ համայնքի ներսում կարծքիները բավական տարբեր են, սակայն յուրաքանչյուր հարցադրման մեջ գերակշռում է պատրիարքարանի՝ ժողովրդի հետ համագործակցելով որոշումներ կայացնելու անհրաժեշտության մասին միասնական կարծիքը։
Սյունակագիրը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Ստամբուլի հայերը բավական մեծ կարևորություն են տալիս կրոնական ինքնությանը՝ թեև մեծ մասի դեպքում դա այլևս խոչընդոտ չէ նաև մահմեդականցված հայերին ընդունելու հարցում։
«Մահմեդականացված հայերի շուրջ թեմայի համատեքստում վերջին տարիներին երբեմն սկսել է քննարկվել, թե որքանով է քրիստոնեությունը հանդիսանում հայկական ինքնության անբաժան մաս։ Այս հարցմանը մասնակցած հայերի 65 տոկոսը հայտնել է, որ հետևում է քրիստոնեական ավանդույթներին ու պահանջներին։ Այսինքն՝ Ստամբուլի հայերի մեծ մասը քրիստոնեությանը մեծ կարևրություն է տալիս։ Սակայն հայ լինելու համար քրիստոնյա լինելը կարևոր նախապայման համարողները հարցվածների մեջ կազմել են ընդամենը 27 տոկոս։ Հետևաբար մի ստվար զանգված իր իսկ կարևորած քրիստոնեությունն ուրիշների համար պարտադիր պայման չի համարում։ Սա կարող ենք մեկնաբանել որպես ազատական ու դրական վարքագիծ, ինչպես նաև ապացույց, որ մահմեդականացված հայերին ընդունելու հարցում կտրուկ բացասական դիրքորոշում մեզանում չկա», - նշում է Քըլըչդաղըն՝ միևնույն ժամանակ նկատելով, որ ի տարբերություն վերոնշյալ հարցի՝ Պոլսո Հայոց պատրիարքարանի պարտականությունների ու դրա գործունեության հետ կապված պոլսահայերն առավել տարակարծիք են։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



