Բաղադրությունը
6 հ. ձու
1 բ. շաքարավազ
1 բ. ալյուր
Կրեմի համար
100 գ կարագ
կես տուփ խտացրած կաթ
վանիլին
1 հ. նարինջ
200 գ ելակ
Պատրաստման եղանակը
Խմոր
Ձվերը հարել՝ մինչև մի փոքր պնդանան, ավելացնել շաքարավազը, հարել, որ լավ լուծվի, այնուհետև լցնել ալյուրը և գդալով խառնել:
Ջեռոցը նախապես տաքացնել 180-200 աստիճան, քառանկյուն տապակի մեջ յուղաթուղթ դնել, լավ պատել բուսայուղով, լցնել խառնուրդը և թխել՝ մինչև վարդագունի:
Կրեմ
Կարագը հարել, որ լավ սպիտակի, քիչ-քիչ ավելացնել խտացրած կաթը, հարել, լցնել վանիլինը:
Նախապես սեղանի վրա խոհանոցի խոնավ սրբիչ փռել, թխվելուց հետո խմորը տաք-տաք շրջել վրան և ռուլետի նման փաթաթել, թողնել սառչի: Այնուհետև բացել, քսել կրեմը, շարել կտրտած ելակները և նարինջը, կրկին փաթաթել: Մատուցելիս կարելի է վրան և՛ շաքարի փոշի ցանել, և՛ կրեմ քսել ու զարդարել ելակներով և նարնջով:
Հ.Գ. Եթե սիրով պատրաստեք, ապա համաձայն եմ կրկնակի սիրով ընդունել ձեր հրավերը և մեծ հաճույքով համտեսել: