Այսօր ՀԱԿ-ի ակտիվիստների դրամատիկ դատավարության հերթական արարն է:

Դատավճռի պատվերից առաջ պատվիրատուները պետք է հիշեն մի քանի տարրական կանոն և փորձեն առաջնորդվել առողջ դատողությամբ.
1. Սեփական երկրում պայքարող մարդու տեսակը հասարակության մերանն է, որը մարդուն բնակչից վերափոխում է քաղաքացու...
2. Պայքարող տեսակը արտագաղթի կանխարգելման կարևորագույն նախապայմանն է, անկախ նրանից, թե նրանց գաղափարները որքանով են ձեր քիմքին հարիր...
3. Զնդանելով մարդու պայքարող տեսակը՝ դուք ամորձատում եք հասարակությանը և քաղաքացի տեսակը՝ պետությունը դարձնելով չբեր...
4. Նրանց պահելով զնդաններում՝ դուք հարամում եք ինքներդ ձեր քառամյա հետընտրական անդորրը՝ ընդդիմադիր ուժերին և միջազգային կառույցներին պաս տալով այն գնդակը, որով գոլ են խփելու ձեր դարպասը...
5. Դուք կտրում եք այն ճյուղը, որի վրա նստած եք, որովհետև նրանց երազած Հայաստանում ապրելու են նաև ձեր երեխաներն ու թոռները: Վստահ եմ, որ դուք ձեր սերունդների համար այսպիսի Հայաստան չեք երազել...
6. Նրանց պահելով բանտերում՝ դուք խորացնում եք հասարակության մոտ անարդարության զգացումը, որովհետև ձեր իսկ կողմից մատնանշված շատ քրեածին կլաններ ազատ հերկում են քաղաքական դաշտը, իսկ նրանց միակ մեղքն այն է, որ մտածում են այլ կերպ, քան դուք...
7. Մի արմատավորեք այլախոհության ճնշումը, որովհետև իշխանությունից այլախոհություն մեկ քայլ է, և մեծ է հավանականությունը, որ վաղը ինքներդ կդառնաք այլախոհ...
8. Ընդառաջ գնացեք հասարակությանը, որովհետև միայն այդ դեպքում միգուցե հնարավորություն ունենաք ձեր մաշկի վրա զգալու Եղիազար Այնթապցու հայտնի առակի վերլուծության արդյունքը...
9. Լեգիտիմացրեք ձեր հրապարակած տոկոսները՝ կատարելով այդքան բաղձալի և տարփողված հանդուրժողականության առաջին քայլը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել