Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ ապրիլի 23-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի և հատկապես կարևոր գործերվ ավագ քննիչ Արշակ Կիրակոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը, ով կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահացել է, Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ՝ 46-ամյա Նվեր Հովհաննիսյանն է։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նա Արցախյան և Քառօրյա պատերազմի մասնակից է եղել, առաջին կարգի հաշմանդամ էր, խնամքին ուներ 2 դուստր։

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Վաղարշապատ են ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ։

Կան տեղեկություններ, որ մինչև սպանությունը ազգային ժողովի նախկին պատգամավորներից մեկը մի քանի անձանց հետ հրահրումներ է կատարել սպանության վայրում, որից հետո հրահրողներից մեկը դանակով հարվածել է Ն. Հովհաննիսյանին, ում հանրապետությունում ավելի շատ ճանաչում էին Արմեն։ Նրան այդ անունով կոչում էին մարտական ընկերները։

Արցախյան և Քառօրյա պատերազմի ակտիվ մասնակից Նվեր (Արմեն) Հովհաննիսյանն է

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվեր Հովհաննիսյանի կենսագրությունը

Նվեր Ալեքսանդրի Հովհաննիսյանը ծնվել է 1972թ. հունվարի 21-ին Երևան քաղաքում, ծառայողի ընտանիքում:

1979-1989թթ. սովորել և ավարտել է Էջմիածնի Վ. Ռշտունու անվան թիվ 11 միջնակարգ դպրոցը:

1990թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տրանսպորտային ֆակուլտետը:

1997թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի լրիվ դասընթացը՝ մետաղահատ հաստոցներ և գործիքներ մասնագիտությամբ՝ ատանալով ինժեներ-մեխանիկի որակավորում:

1993-1994թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ծառայության ժամանակ Նվեր Հովհաննիսյանը մասնակցել է Հորադիզի ինքնապաշտպանական մարտերին:

1994թ. հունվարի 26-ին վիրավորվել է Հորադիզ գյուղում՝ զրկվել աջ ոտքից և ձեռքից, ու զորացրվել:

Այժմ առաջին կարգի հաշմանդամ էր:

1999-2005թթ. երկու անգամ ընտրվել է Էջմիածնի քաղաքապետարանի ավագանու անդամ:

2008թ.-ից աշխատում էր Էջմիածնի քաղաքապետարանում իբրև քաղաքապետի օգնական:

2009թ. ՀՀ ԵԿՄ Էջմիածնի տ/բ-ի փոխնախագահն էր:

Պարգևատրվել է ՀՀ նախագահի հրամանով «Մարտական գործողությունների մասնակից» «Մարտական ծառայության» մեդալներով, «ԵԿՄ» հուշամեդալով, ՀՀ ՊՆ հրամանով «Ծովակալ Իսակով» մեդալով և «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով:

Ամուսնացած էր, ուներ երկու դուստր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել