Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հարցազրույց է տվել Հայաստանում մնացած գողերի, մականունավորների եւ թիկնապահների զինաթափման մասին, որում հնչել են ինձ համար ինչպես հաճելի, այնպես էլ անհասկանալի մտքեր:
Գասպարյանը հայտարարել է, որ ոստիկանությունը մշտապես իրականացնում է պլանային, արտապլանային, չկանխատեսված եւ օպերատիվ անհրաժեշտությունից իրականացվող միջոցառումներ, և Գյումրիում վերջին իրադարձություններից հետո ծավալված ակտիվությունը տեղավորվում է դրա մեջ, այլ ոչ թե հանդիսանում է ինչ-որ նոր պրոցեսի սկիզբ (ինչո՞ւ Վարդանիկը մինչև հիմա ձերբակալված չէ):
Անդրադառնալով կրիմինալի ու օրենքով գողերի հարցին՝ ոստիկանապետը ազնվորեն նշում է, որ կրիմինալը դեռ չի շտապում արտագաղթել, իսկ Հայաստանում առկա օրենքով գողերը մշտապես գտնվում են վերահսկողության տակ (մայիսի 5-ին կրիմինալի կարկառուն ներկայացուցիչները առոք-փառոք զվռնում էին ընտրատեղամասերի մոտ ու ահաբեկում մարդկանց, իսկ ոստիկանությունը ոչինչ չէր անում):
Ինչ վերաբերում է թիկնազորների զինաթափմանը, ապա ըստ ոստիկանապետի այս գործընթացը դադարել է, որովհետև դադարել են թիկնազորներով շրջագայել մեր քաղաքական-տնտեսական էլիտայի ներկայացուցիչները, իսկ ինչ վերաբերում է մականունավորներին, ապա Գասպարյանն այսպիսի հետաքրքիր մի միտք է ասել․
«Ես երեւանցի եմ եւ կարծում եմ, որ սա ֆոլկլորի մի մասն է: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ տխուր կլիներ, եթե Հայաստանում մականունավորներ չլինեին եւ բոլորին անուն ազգանուններով դիմեին, իսկ այսպես կենդանակերպեր եւ այլ երեւույթներ կան, ինչը հրաշալի է»:
Հրաշալին գուցե հրաշալի է, եթե կան մականունավորներ, համենայն դեպս կոլորիտի առումով արդարացված է, այ իսկ այն հանգամանքը, որ այդ մականունավորներից զգալի մի թիվ հանդիսանում է իշխանական մարմինների ներկայացուցիչ, արդեն սարսափելի է: Հիշեցի մի անեկդոտ այս կապակցությամբ․
«Մի խումբ զինված հանցագործներ ներխուժել են խորհրդարան և ուշացումով զբաղեցրել են իրենց տեղերը»․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/303579569775814?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել