Մահ ոչ իմացեալ մահ է,

մահ իմացեալ՝ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ է...

 

Կրակոցները մի պահ լռեցին:

Միայն հատուկենտ կրակոցներն էին խախտում գիշե­րային լռության անդորրը: Նա հասկանում էր, որ սա հարաբերական խաղաղություն է: Թշնամին մի պահ լռել է, լիզում է վերքերը ու շուտով, շատ շուտով կնետվի նոր գրոհի:

Լռությունը սպանիչ էր: Մանավանդ կատաղի մարտից հետո: Մահվան լռություն էր:

Թիկունքում դեռ լսվում էր հեռացող տղերքի ոտքերի ձայնը: Չէին ուզում գնալ, բայց նա համոզեց: Փամփուշտները վերջացել էին, դիմադրելու ոչ մի հնարավորություն չունեին: Նահանջելու ու փրկվելու համար մեկը պիտի մնար: Այդ ժամանակ նա որոշեց, որ մնացողը հենց ինքը պիտի լինի: Համոզեց, որովհետև միայն իր մոտ էր փամփուշտ մնացել: Համոզեց, որովհետև ինքն էր ամենադիպուկ կրակողը: Բայց հոգու խորքում ինքը այլ պատճառ ուներ: Ոչ մեկն ամուսնացած չէր ու չուներ ժառանգ: Ամեն մեկը մի տան ջահել շիվ էր, որ նոր պիտի ամրանար, արմատ քցեր այս հողի վրա: Ինչպե՞ս թողներ, որ այդ դալար շիվերից մեկը կոտրվեր ու գնար: Տղերքը արդեն այնքան հեռու էին, որ հանգիստ էր: Հանգիստ էր, որ չէին փորձի ստուգել փամփշտատուփերը: Ոչ մի հատիկ փամփուշտ չկար... Խաբել էր: Խաբել էր, որ չփորձեին իրեն համոզել...

Մնաց մի քանի րոպե: Մնաց ընդամենը մի քանի րոպե: Մի քանի րոպեից թուրքերը կհարձակվեն, ու... ու ամեն ինչ կվերջանա: Կվերջանա իր կյանքը: Կյանքը, որը ինքը այդքան սիրում է:

Ինչ հագել էր համազգեստը ու տանից դուրս էր եկել, նամակ չէր գրել: Չէր էլ զանգել: Բնավորությունն էր այդպիսին: Բայց հիմա... երազում էր գոնե մի վերջին անգամ խոսեր կնոջ հետ, լսեր տղայի քաղցր բլբլոցը, թե ոնց է կարոտել իրեն, ու ականջ դներ նորածին աղջկա քնած մշմշոցին: Մինչև հիմա չէր պատկերացնում, որ այդ ամենը այլևս երբեք չի լինի իր կյանքում, որ ինքը ընդմիշտ կհեռանա ու կլքի նրանց՝ թողնելով մեն-մենակ այս դաժան կյանքի հորձանուտներում:

Չէր կարող, չէր կարող առանց մի վերջին խոսքը ասելու հեռանալ: Բայց ինչպե՞ս:

Պայուսակի միջից գտավ, հանեց մի քանի թղթի կտոր: Նստեց խրամուղու հատակին, հենվեց սառը հողին, գրկեց հրամանատարական պայուսակը, վառեց լապտերը ու... բայց ի՞նչ գրի, ինչպե՞ս ասի, որ ինքը էլ չի լինի:

Գրիչը ինքը սկսեց գրել, իր կամքից անկախ...

«... Ահա և վերջ: Ես հասա իմ վերջին: Երբեք չէի մտածի, որ վերջը լինելու է այսպես: Այսպես մութ ու այսպես ցուրտ: Այսպես միայնակ: Փամփուշտները վերջացել են: Մնացել է միայն երկու նռնակ: Երկու նռնակ, որոնք կկիրառվեն ըստ նպատակի:

Ամեն ինչ վերջացավ: Այնքան եմ ափսոսում այն ժամանակը, որ ծախսել եմ անիմաստ: Իսկ հիմա, երբ մնացել են րոպեներ նոր եմ միայն հասկանում այս րոպեների արժեքը: Րոպեներ, որոնցից յուրաքանչյուրը անգին է:

Ես էլ չեմ լինի, դուք էլ երբեք չեք տեսնի ինձ, ես գնում եմ, գնում եմ՝ թողնելով այս աշխարհում իմ համար ամենաթանկագինը... մարդկանց, ում սիրում ու պաշտում եմ: Մարդկանց, որ իմաստ են հաղորդում իմ կյանքի ողջ ընթացքին: Ես խնդրում եմ ձեզ, եթե բախտ վիճակվի ինձ հանձնել հողին, ապա անարցունք ճամփու դրեք ինձ: Ես հենց այնպես չեմ մահանում: Ես գնում եմ գիտակցված մահվան:

Իմ կյանքի ընթացքում ոչ մի ուրիշ հարստություն չեմ կուտակել բացի հպարտու­թյունից և անունից: Հպարտությունս կտակում եմ կնոջս՝ գլուխդ բարձր, դու իմ կինն ես, դու զինվորի կին ես: Անունս թողնում եմ զավակներիս՝ ավելի ու ավելի բարձր պահեք այն, իմ անունը երբեք գետին չի ընկել: Ուրիշ ոչինչ չունեմ այս կյանքում, ոչինչ: Ու էլ ոչինչ չեմ կարող թողնել ձեզ:

Իմ ժամանակը վերջանում է, բայց ասելու դեռ այնքան բան ունեմ: Չեմ կարող հատ-հատ, անուն առ անուն հիշել բոլորիդ, բայց հուսով եմ, որ բոլորդ կկարդաք սա, կկարդաք իմ առաջին ու վերջին նամակը: Կկարդաք  ու... ու կհիշեք ինձ:

Ահա և վերջ: Իսկ ե՞րբ էր սկիզբը: Այնքան վաղուց ու անիրական էր սկիզբը: Ու ինչքան չոր ու միայնակ է վերջը: Ու միայն այստեղ, այս խավար միայնության մեջ սպասելով վերջին սկսում ես հասկանալ, որ չկա ոչինչ, ոչ մի կուսակցություն, ոչ մի գաղափար, ոչ մի հարստություն: Կա մեկ կյանք, մեկ ազգ ու մեկ մահ՝  նվիրված այդ ազգին:

Ազգ իմ, ես՝ նվաստս, քո ծառան, չունեմ ոչ մի պատգամ բացի մեկից. սիրեցեք զ’մի­միյանս...:  Սիրեցեք և ապրեք մի ամբողջ ու լիարժեք կյանք:

Մնաք բարով... Ահա և վերջը...»:

Չէր ուզում ավարտել, բայց չէր էլ կարող շարունակել: Ժամանակը թանկ էր, մի քիչ էլ երկարացներ ու կարող է չհասցներ իրականացնել իր նախատեսածը: Ծալեց թղթի կտորը, դրեց պայուսակի մեջ: Հիմա հարկավոր էր պայուսակը պահել: Բայց որտե՞ղ: Հա: Հասկացավ: Կպահի գետնատնակի այն գաղտնարանում: Տղաները տեղը գիտեն: Երբ կգան ու իրեն չգտնեն, անպայման այնտեղ կնայեն, կփնտրեն իր քարտեզները: Դրանք այնտեղ են պահված: Իր նամակն էլ կդնի այնտեղ: Տղաները կվերցնեն քարտեզները ու կտեսնեն իր նամակը... ու իր նամակը կտանեն տուն, կտանեն իր ընտանիքին, կտանեն ու կկարդան բոլորին: Իսկ տղաները կգան: Անպատճառ կգան: Հավատում էր դրան ամբողջ սրտով, չէր կարող այլ կերպ լինել:

Մտավ գետնատնակ, մոտեցավ անկյունին ու կքանստեց: Հանեց սվին դանակը ու մտցրեց գերանների արանքը, թեթևակի սեղմեց ներքև և գերաններից մեկը բացվեց ինչպես զարդատուփ: Այնտեղ էլի թղթեր կային: Նամակը դրեց դրանց վրա, մի անգամ էլ նայեց: Կարծես ուզում էր հետ վերցնել ու շարունակել գրելը: Բայց... ժամանակ չկար: Ինչ որ շատ տարօրինակ էր արդեն լռությունը: Հապաղել չէր կարելի ոչ մի պայմանով: Փակեց գաղտնարանը, գետնից վերցրեց մի բուռ հող ու շփեց գերանը, որ մի լավ փոշոտվի: Հետո վեր կացավ ու դուրս եկավ:

Արդեն շատ մոտիկից ինչ-որ շշուկներ էին լսվում: Ուրեմն մոտենում են: Երևի հասկանում են, որ մեկուկես օրվա մարտերից հետո զինամթերքը վերջացել է: Երևի մոտենում են լկտիաբար, զենքերը ուսերին... բա փամփուշտ չլիներ, գնդացիրը լիցքավորեր ու գետին փռեր թուրքական խուժանին այդ:

Նռնակները լիցքավորեց ու սկսեց ընտրել հարմար տեղ: Այնպիսի մի տեղ, որ ինչքան հնարավոր է բաց լինի: Բաց պիտի լինի, որ նռնակների բեկորները ինչքան հնարավոր է հեռու թռչեն: Այդ դեպքում կկարողանա իր հետ այն աշխարհ տանել ավելի շատ թուրքերի: Խրամուղիները նեղ էին ու անհարմար: Հիմա եթե փորձեր դուրս գալ դրանց դիմաց, երևի տեղում կգնդակահարեին իրեն, ու անիմաստ կլիներ իր մահը: Չէ, պետք է այնպես, որ իրեն իբրև թե պատահաբար նկատեն: Ու այնպես պիտի լինի, որ նրանք հասկանան, որ ինքը էլ չի կարող պայքարել, չի կարող կռվել: Պիտի ստեղծի այնպիսի տպավորություն, որ իրեն շատ հեշտ կարելի է գերի վերցնել: Երևի ճիշտ կլինի, որ դեռ երեկ ուսերից հանած աստղերը նորից ամրացնի: Կտեսնեն, որ սպա է, կուզենան անպայման գերի վերցնել: Իսկ ինքը կօգտվի առիթից ու կիրագործի իր պլանավորածը: Գրպանից հանեց աստղերը ու սկսեց արագ-արագ հագցնել համազգեստին: Ինչքան շտապում էր, այնքան ինչ-որ բան այն չէր ստացվում: Կատաղեց մի պահ ու քիչ էր մնում դեն նետեր աստղերը, բայց անմիջապես տիրապետեց իրեն: Խորը շունչ քաշեց ու հանգիստ շարունակեց իր գործը:  Մեկ, երկու, և ամեն ինչ պատրաստ է: Բան չմնաց, մնաց միայն ընտրի տեղը, նախապատրաստի  նռնակները մարտի ու... ու մնացածը ժամանակի հարց է:

Սկսեց շարժվել դեպի ցից քարը: Այնտեղ բնությունն էր կրկային դիրք սարքել, փորելու անհրաժեշտություն չկար, թաքնվում էիր քարի հետևում, որը մեջտեղում մի փոքր փոսորակ տեղ ուներ, դնում էիր զենքը այնտեղ ու կրակում...: Չէին փորել այնտեղ ու տարածությունը մեծ էր, իսկական իր մտածածը իրագործելու տեղն է: Վերջին ոլորանն էր անցնում, երբ հետևում շնչառություն զգաց: Մի՞թե չի հասցնելու: Սկսեց վազել: Հետևից ոտքերի ձայներ լսվեցին, ու հանկարծ լռությունը խախտվեց, կարծես միանգամից շրջապատը լցվեց բազմաթիվ մարդկանցով: Բոլոր կողմերից լսում էր վազքի ու հևոցի ձայն, թուրքերեն ու կոտրտված ռուսերեն հայհոյանքներ ու ինչ-որ ահավոր ծանր հոտ: Խրամուղու միջով և կողերով դեպի նա էին վազում մի քանի հոգի: Ուզում էին գերի վերցնել: Իսկ ինքը համաձայն չէր այդ մտքի հետ: Ինքը այլ խնդիրներ ուներ լուծելու: Վազում էր ինչքան ուժ ուներ, հիմա այնքան չէր մտահոգում բաց տարածք դուրս գալու հարցը: Ավելի շուտ ուզում էր ուղղակի մի քանի մետր կտրվեր հետապնդողներից, որ կարողանար, հասցներ նռնակները մարտական վիճակի բերելու, թե չէ... չէ, ինքը գերի ընկնողը չի: Հետապնդողներից մեկը երևի որոշեց, որ հերիք է ինչքան վազել են ու բարձրացրեց ավտոմատը: Մի կրակահերթ բաց թողեց ոտքերի տակ: Գնդակներից մեկը դիպավ աջ սրունքին, անցավ փափուկ մսի միջով և դուրս եկավ մյուս կողմից: Շամփրող ցավը գետնեց սպային, ու նա մի պահ չդիմացավ... գոռաց ինչքան ուժ ուներ, բայց ցավից չէ, որ նա գոռում էր: Գոռում էր անզորությունից:

Մի ակնթարթ ընդամենը: Անզորությունը նրան հաղթեց մի ակնթարթ միայն, հաջորդ պահին նորից վազում էր: Վազում էր՝ անտեսելով ցավն ու արյունը: Հասավ քարին վերջապես: Չոքեց գետնին, արագ-արագ հանեց նռնակները: Վերցրեց առաջինը՝ ուղղեց օղակը պահող բեղիկները, ամուր սեղմելով պահող ժապավենը՝ մյուս ձեռքով դուրս քաշեց օղակը: Հիմա նռնակին պահում էր միայն ժապավենը, հերիք է թողեր այն ու... երեք-չորս վայրկյանից կհնչեր պայթյունը:  Մի ձեռքով ամուր բռունցքեց նռնակը, մյուսով արագ սկսեց մարտական վիճակի բերել մյուսը: Ուղղեց բեղիկները, բռունցքի մեջ առավ նռնակը, իսկ օղակը դուրս քաշեց բերանով... Այ հիմա արդեն ամեն ինչ կարգին է: Այնպես է, ինչպես պիտի լիներ: Հիմա էլ ոչ մի վտանգ չի սպառնում իրեն: Այո, փաստորեն զոհվելը վտանգ չէ: Զոհվելը փրկություն է, իսկ գերի ընկնելը վտանգ է: Այդ վտանգից ինքն իրեն ապահովեց: Այդպես չոքած էլ մնաց  մինչև մոտեցան թուրքերը:

Գլխի վերևում լսվում էր նրանց հևացող շնչառությունը, կիսամարդկային լեզվով հնչացող հայհոյանքների տարափը ու նրանցից եկող հոտը, ծանր ու զզվելի հոտը: Թուրքի հոտը: Մարդասպանի հոտը: Թիկունքին զգաց ավտոմատի խզակոթի ու զինվորական կոշիկների բութ ու ծանր հարվածները: Ժպտաց, թուլացրեց մատները ու բաց թողեց նռնակների հարվածիչը պահող երկաթյա ժապավենները, որոնք դուրս թռչեցին մատների արանքից: Շուռ եկավ դեմքով դեպի թուրքական խուժանը և սկսեց բարձրաձայն ծիծաղել: Բարձրացրեց ձեռքերը վեր, դեպի երկինքը, ու միայն այդ ժամանակ թուրքերը տեսան նրա բռունցքների միջի նռնակները: Շրջվեցին, որ հեռու փախչեն խենթացած զինվորից: Բայց ո՞ւր փախչեին: Մեկը մյուսի հետևից հնչեցին պայթյունները: Օդը շիկացավ ծիծաղից ու մարդկային այրվող մարմնի հոտից: Պայթյունի ալիքը թուրքերի մի մասին նետեց երկինք, պտտեցրեց, ոլորեց ու ջարդուփշուր եղած ոսկորների պարկերը մեխեց գետին, մյուսները, որ հեռու էին փոքր ինչ, խոցվեցին նռնակների բեկորներից:

Լույսը բացվում էր: Բարձունքի գագաթին մարդկային մարմինների մի կույտ էր՝ մեջտեղում բզկտված, բայց ծիծաղը դեմքին հայորդին էր: Նա դեռ ծիծաղում էր, ծիծաղում էր, որովհետև հաղթել էր, հպարտ էր ու հանգիստ: Հանգիստ էր, որովհետև գրել էր իր առաջին ու վերջին նամակը:

Պատերազմի վեց երկար ու ձիգ տարիներին հազարավոր հայորդիներ իրենց կրծքով փակեցին թուրքական գնդակների ճանապարհը, պայթեցրին իրենք իրենց, ընկան՝ պաշտպանելով այն մի թիզ հողը, որի անունն է Հայաստան, ու նրանցից շատ-շատերը այդպես էլ չհասցրեցին, ուղղակի ժամանակ չունեցան գրելու իրենց վերջին նամակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել