Մարդկության պատմությունից սկսած մինչև Ավարայր, Ավարայրից՝ Սարդարապատ, Առաջին և Երկրորդ աշխարամարտներից մինչև Արցախյան գոյամարտ Հայոց մարտիկների ուղին եղել է միշտ ՓԱՌԱՎՈՐ, հիշատակն էլ՝ ԱՆՄԱՀ:  

Ի տարբերություն Առաջին աշխարհամարտի՝ Հայաստանի տարածքը զերծ մնաց պատերազմական գործողություններից: Սակայն Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրվանից սկսած ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ նետվեց մահ ու կենաց պայքարի մեջ, և նրա մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին ոչ միայն ԽՍՀՄ-ի, այլև ողջ ԱՇԽԱՐՀԻ և մարդկության պատմության ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԵՎ ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ էջերից մեկն է: Սովետ միության կազմում գտնվող հայ ժողովուրդը՝ Ցեղասպանությունից մազապուրծ և աշխարհասփյուռ եղած զավակներով հանդերձ, իր ուսերին տարավ պատերազմի ողջ ծանրությունը: Թրքական յաթաղանից մածապուրծ եղած հայության ավելի քան 650000-ը կռվեցին պատերազմում, և նրանցից մոտ 350000-ն էլ...ԱՆՄԱՀԱՑԱՆ: Պատերազմը սկսվեց անակնկալներով: Գերմանիան սկզբում արագ ծնկի բերեց խորհրդային զինված ուժերին ու հայտնվեց Մոսկվայի մատույցներում: Գերմանական զորքերի «Հարավ» խմբավորումը հարձակվեց Կովկասի ուղղությամբ և լուրջ սպառնալիք ստեղծեց ԽՍՀՄ-ի գոյության համար: Կովկասի անկումով՝ ոչ միայն ԽՍՀՄ-ը կկորցներ վերահսկողությունը Բաքվի (Բագիի՝ Բագավանի) նավթահանքերի նկատմամբ, որ այդ տարիներին լուրջ հարված կլիներ ԽՍՀՄ-ի բանակի սպառազինություններին, այլև գերմանացիները հնարավորություն կստանային թափանցելու Միջին Ասիա և թիկունքից շրջանցելու մարտնչող խորհրդային զորքերին: Էլ չեմ ասում, որ Ստալինգրադի գրավումից հետո Հայաստանի սահմանների մոտ կենտրոնացած թրքական սպառազեն 26 դիվիզիաներ պատրաստ սպասում էին հարձակվելու ԽՍՀՄ-ի վրա և խժռելու նրան… 1942թ. ամռանը գերմանացիները գրավեցին Ղրիմը, Կերչը, հասան Ստալինգրադ: Բայց...1943թ. հոկտեմբերին գերմանական բանակը ՇՆՈՐՀԻՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ՝ Ստալինգրադի մատույցներում անձնատուր եղավ: Պատերազմի տարիներին Հայաստանում արդեն կազմավորվել էին վեց Ազգային Դիվիզիաներ, որոնցից 76-րդ Հայկական հրաձգային դիվիզիան կազմավորվել էր դեռևս 1922 թ. և հսկում էր հայ-թուրքական սահմանը: Պատերազմի սկզբից ևեթ դիվիզիան նետվեց մարտերի, իսկ Ստալինգրադի ճակատամարտում հենց առաջինն ինքն էր, որ ամբողջ հարվածը վերցրեց իր վրա: Իսկ արդեն 1943 թ., վերակազմավորվելով որպես 51-րդ գվարդիական դիվիզա, Ստալինգրադից հետո մասնակցեց նաև Ուկրաինայի և Մերձբալթիկայի ազատագրման համար մղված մարտերին: 1941 թ. դեկտեմբերին Երևանում գնդապետ Սիմոն Զաքյանի հրամանատարությամբ ձևավորվեց 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան: 1942 թ. օգոստոսից այն արդեն գործող ռազմաճակատում էր: Ռազմաճակատ մեկնելու պահին իր շարքերում ուներ շուրջ 12000 զինվոր և սպա, բոլորը հայեր: Դիվիզիան իր մարտական ուղին սկսեց Գրոզնու մատույցներում և ծանր մարտերով անցնելով շուրջ 3700 կիլոմետր` իր փառավոր ուղին ավարտեց...Բեռլինում: Դիվիզիան ազատագրեց Թերեքը, Մալգոբեկը, Մինվոդին, Ստավրոպոլը, Տիխորեցկը... հատկապես աչքի ընկավ Թաման թերակղզու համար մղվող մահու և կենաց մարտերում, արդյունքում՝ ճեղքեց պաշտպանական յոթ շերտից բաղկացած թշնամու «Կապույտ գիծ» շղթան: Դրա համար էլ Գերագույն գլխավոր հրամանատարության հրամանով 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան հետագայում կրեց ԹԱՄԱՆՅԱՆ անվանումը: Այդ ժամանակներում դիվիզիայի հրամանատարն էր ԽՍՀՄ հերոս, գեներալ-մայոր ՆՎԵՐ ՍԱՖԱՐՅԱՆԸ: 1942 թ. հունվարին Հայաստանում գտնվող 409-րդ հրաձգային դիվիզիան վերակազմավորվեց, և նրա շարքերը համալրվեցին միայն հայազգի մարտիկներով: Ռազմաճակատ մեկնելու պահին դիվիզիայի շարքերում հաշվում էին ավելի քան 14000 ռազմիկներ: 409-րդ դիվիզիան իր մարտական ուղին սկսեց Մոզդոկ քաղաքից և հաղթական երթով հասավ...Չեխիա և Ավստրիա: 1942 թ. Հայաստանում կազմավորվում է 408-րդ հայկական հրաձգային դիվիզիան, որն արդեն սեպտեմբերից մարտերի մեջ է մտնում Նովոռոսիյսկի շրջանում: Դիվիզիան համալրված էր շուրջ 12000 մարտիկներով: Հայկական զորամիավորումներից առաջիններից մեկը ռազմաճակատ էր մեկնել նաև 390-րդ դիվիզիան և 1942 թ. գարնանը Նովոռոսիյսկից ծովային դեսանտով ափ իջեցվեց Ղրիմի Կերչ թերակղզում ու մինչև 1942 թ. մայիսը մասնակցեց Կերչի համար մղվող պաշտպանությունում... Դիվիզիան գրեթե ամբողջությամբ ԱՆՄԱՀԱՑԱՎ, զոհվեց նաև նրա հրամանատար՝ գնդապետ ՍԻՄՈՆ ԶԱՔՅԱՆԸ: 1942 թ. Հայաստանում ձևավորվեց նաև 261-րդ հայկական հրաձգային դիվիզիան, որ ռազմաճակատ չմեկնեց, սակայն պաշտպանում էր հայ-թրքական սահմանը և ամեն վարկյան պատրաստ էր ազատագրելու ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ և հարավից արդեն հարված հասցնելու թշնամուն: Բացի նշվածներից՝ Հայաստանում կազմավորվեցին և համալրվեցին 61-րդ, 151-րդ, 236-րդ և 320-րդ հրաձգային դիվիզիաները: Չնայած դրանք պաշտոնապես չէին համարվում հայկական, բայց դրանց կազմում մարտնչում էին ընդհանուր առմամբ շուրջ 50000 հայ մարտիկներ: Եվս 30000 հայեր կռվում էին սևծովյան նավատորմի կազմում: Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացան հայ ժողովրդի 116 զավակներ: ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանն ու օդաչու Նելսոն Ստեփանյանն այդ կոչմանն արժանացան՝ կրկնակի անգամ: Նելսոն Ստեփանյանի հաշվում կա 1700 մարտական թռիչք, թշնամու խորտակված 13 նավ և հազարավոր սպանված թշնամիներ… ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ 64 հայ սպաներ միայն արժանացան գեներալի ուսադիրների: Պատերազմի ժամանակ արդեն Հովհաննես Իսակովը (Տեր-Իսահակյան) ծովակալ, ապա նավատորմի ծովակալ էր, իսկ հետագայում՝ Խորհրդային Միության նավատորմի ծովակալ, Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց)՝ ավիացիայի մարշալ։ Հետպատերազմյան շրջանում Խորհրդային Միության մարշալի կոչում շնորհվեց Հովհաննես Բաղրամյանին, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում՝ Համազասպ Բաբաջանյանին և ինժեներական զորքերի մարշալի կոչում՝ Սերգեյ Ագանովին (Ագանյան)։ Իսկ պատերազմի ընթացքում նրանք գրավել են բարձր պաշտոններ և ակտիվորեն մասնակցել խոշոր ռազմական գործողություններին։
Պատերազմում աճեցին տասնյակ բարձրակարգ հրամանատարներ՝ գեներալներ, որոնց թիվը, ինչպես վերը հիշատակվեց, պատերազմի վերջում դարձել էր 64։
Ցուցաբերած խիզախության ու արիության համար բարձրագույն պարգևի՝ Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացան հայ ժողովրդի 106 զավակներ (այդ թվում 4-ը խորհրդա-ֆիննական պատերազմում և 5-ը պատերազմից հետո իրականացրած հատուկ առաջադրանքների համար) և ևս 10 հայաստանցիներ՝ ազգային փոքրամասնություններից, ընդհանուր թվով՝ 116 մարդ։ Նրանցից երկուսին՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանին և գվարդիայի փոխգնդապետ, օդաչու Նելսոն Ստեփանյանին, շնորհվել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչում։ Հերոսների թվում են զորավարներ, բարձր ու միջին հրամանատարներ, շարքայիններ։ Նրանցից 36-ը զոհվել են կռվի դաշտում՝ հերոսի կոչման արժանանալով հետմահու։ Գնդապետ, ԽԱՀՄ հետախույզ Գևորգ Վարդանյանին հերոսի կոչումը շնորհվել է Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի նկատմամբ մահափորձի կանխմանը գործուն մասնակցության (1943թ., Թեհրան), Իրանում գերմանական գործակալությունը բացահայտելու և այլ առաջադրանքների կատարման համար։
1943թ. Մանուշյանի գլխավորած խումբը մոտ 30 հարձակում է գործում գերմանական օկուպանտների վրա: 1943 թ. նոյեմբերին Մանուշյանը ձերբակալվում և տանջանքների է ենթարկվում և երեք ամիս անց՝ 1944 թվականի փետրվար 21-ին, իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվում Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։ Մանուշյանին հետմահու շնորհվել է Ֆրանսիայի ազգային հերոսի Պատվո լեգեոնի շքանշանը։
- Հոգիս բուրվառ է մշտավառ, ուր կը ծխան սերերս համայն,
Կը խնկարկեմ ես զայն կյանքի տաճարին մեջ հավերժական,
Բազմահազար հավատացյալ ամբոխներու երեսն ի վեր,
Ու կը ժողվեմ անոնց դեմքեն հավատամքի լույսեր տարբեր...
«Կյանքիս երգը» - Միսակ Մանուշյան
1943 թ.-ի սեպտեմբերի 16-ին Դոլգայա լեռան (Նովոռոսիյսկի մատույցներում) ֆաշիստական հենակետային ամրությունները ոչնչացնելուն մասնակցել է նաև Հունանի դասակը: Առաջադրանքը կատարելիս վիրավոր Հ. Ավետիսյանն իր մարտիկներով առաջինն է բարձրացել լեռը, կրծքով փակել հակառակորդի գնդացրի հրակնատը և ապահովել գրոհի հաջողությունը: Կատարած այս սխրագործության համար Հունան Ավետիսյանին ետմահու շնորհվել է (16.5.1944 թ.) Խորհրդային Միության հերոսի կոչումը:
Հայերը՝ ԽՍՀՄ-ի ողջ ընթացքում, չորրորդն էին ռազմածովային նավատորմի գեներալների, ռազմաօդային ուժերի, հրետանային զորքերի սպաների կազմում (ռուսներից, ուկրաինացիներից և բելառուսներից հետո) և բնակչության մեկ շնչի հաշվով ԱՌԱՋԻՆԸ՝ ԽՍՀՄ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ: Իսկ եթե հայ ժողովրդի զոհերի և հերոսների թիվը համեմատենք այդ տարիների ՀԽՍՀ բնակչության թվի հետ...ապա, նույն ինքը՝ Ռուսաստանը, մոտ երկու անգամ պակաս զոհ և հերոսներ է տվել: Հայ մեկ զորահրամանատար զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոնը (Հովհաննես Բաղրամյան), 3-ը` բանակի, 6-ը` կորպուսի, 28-ը` դիվիզիայի, 100-ից ավելին` բրիգադի ու գնդի հրամանատարներ էին: Ավելի քան 300000 հայ մարտիկներ պարգևատրվել են մեդալներով ու շքանշաններով… Ի՞նչ կլիներ աշխարհի, ԽՍՀՄ-ի և այսօրվա Ռուսաստանի կարգավիճակը, եթե Հայ ժողովուրդն իր զավակների կյանքի և իր կորցրած տարածքների գնով շանթարգելի նման իր վրա չվերցներ մարդկությանը և ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆԸ հասցվող օրհասական արհավիրքները: 
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՈՒ ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ...


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել