«Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Երևանում և թերևս ամբողջ Հայաստանում սկսված շարժման յոթերորդ օրը, երևի թե, հնարավոր է գնահատել որպես խաղաքարտերի զգալի բացման օր, ընդ որում` այդ բառի ամենևին ոչ խորհրդապահական իմաստով: Պարզա­պես շատ հարցեր և դիրքորոշումներ որոշակիացան և´ փողոցում, և´ իշխանությունում: Իհարկե, դրանք ամենևին սպառիչ որոշակիացումներ չէ­ին և ոչ միայն չէին տալիս բոլոր հարցերի պա­տասխանները, այլ նաև ինքնին առաջացնում են նորերը և ոչ պակաս կարևորները, քան կային արդեն իսկ: Սակայն իրավիճակի զարգացումը, նոր փուլը, որի մասին մենք խոսել էինք երկու օր առաջ, արդեն իսկ դրսևորվում է որոշակիորեն ավելի բաց խաղով:
Ապրիլի 20-ը կամ յոթերորդ օրը, այսպես ասած, սկսվեց երկխոսության մասին դրանից մեկ օր առաջ իշխանության արած հայտարարություն­ների շարունակությամբ և ինտենսիվացմամբ, նույնիսկ որոշակի քայլերով, սակայն ավելի շատ հենց իշխանական շրջանակում:
Երևան ժամա­նեց Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը՝ հայ­տարարելով, որ արյունահեղությունն ու բախումը անթույլատրելի են, և պետք է երկխոսություն ժո­ղովրդին ներկայացնող բոլոր ուժերի շրջանա­կում: Կիլիկիո կաթողիկոսն ու Գարեգին Երկրոր­դն այդ թեմայով այցելեցին Սերժ Սարգսյանին ու Արմեն Սարգսյանին: Ի՞նչ է մտածում երկխոսության մասին կոնկրետ Սերժ Սարգսյանն ի՞նչ է մտածում, առայժմ պարզ չէ: Փոխարենը` պարզվեց, որ երկխոսության պատրաստ է առա­ջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Թե ինչի շուրջ է իշխանությունը պատրաստ երկխո­սության, դեռ պարզ չէ: Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ երկխո­սության, այսպես ասած, գնացքը գնացել է, իշ­խանությունը արդեն պատկանում է ժողովրդին, և իրենք ՀՀԿ-ի հետ պատրաստ են քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի պայմաններն ու արտահերթ խորհրդարանական ընտրության անցկացումը:

Մաքսիմալիստակա՞ն է Փաշինյանի այդ պայ­մանը կամ պահանջը, իռացիոնա՞լ, որ թելադր­ված է շարժման առաջ բերած ոգևորության ալի­քի ազդեցությամբ, բայց ոչ իրավիճակի ամբող­ջական և մանրակրկիտ գնահատման, թե՞ ամեն ինչ իսկապես հաշվարկված է, և Սերժ Սարգսյանն իսկապես կանգնել է կա´մ բռնության և ու­ժի միջոցով հանգուցալուծման փորձի, կա´մ հրա­ժարականի միջոցով իրավիճակի լիցքաթափ­ման անհրաժեշտության առաջ: Մյուս կողմից, սակայն, Փաշինյանը, փաստորեն, չի դնում միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց, այլ խորհրդարանի լուծարման, արտահերթ ընտրու­թյան, և այս դեպքում ՀՀԿ-ն հազիվ թե կարողա­նա նման իրավիճակում ոչ միայն մեծամասնու­թյուն ապահովել, այլ նույնիսկ հայտնվել խորհր­դարանում: Ըստ այդմ` խնդիրը ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ ՀՀԿ-ում ներառված տարբեր թե­լերի դաշտում է, առնչվում է նրանց:


Այս տեսանկյունից առավել հրատապ է դառնում հարցը, որ տվել ենք այս օրերին և դիտարկել հնարավոր կոնֆիգուրացիաները, թե ինչքանով է ստեղծված իրավիճակում միատարր իշխանու­թյունը` առնվազն իր մոտիվացիաներում»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել