Անխոս, տարիների ընթացքում հասունացած խնդիրը շատ ավելի խորքային և ընդգրկուն է, քան սոսկ բողոքի ցույցերը և դրանց հնարավոր հանգուցալուծման տարբերակները, սակայն ներկայիս ձևավորված օրակարգը պայմանավորում է նմանօրինակ քննարկման արդիականությունը: Ինչու՞ պետք է այսպես լիներ:

Հավանաբար, նույնիսկ իշխանության ներկայացուցիչների համար ակնհայտ է, որ գործընթացները, որոնք այս օրերին տեղի են ունենում, այդքան էլ նման չեն իշխանական աթոռի համար հակառակ ճամբարի կողմից տարվող պայքարի: Անկախ գործընթացի զարգացման հետագա ընթացքի՝ դրա հնարավոր քաղաքական ուղղորդման ենթադրյալ տարբերակներից, ակներև է, որ այս պահին գործ ունենք հազարավոր մարդկանց՝ տարիների ընթացքում կուտակված բողոքի անկեղծ և հուսահատ արտահայտման ձևի հետ:

Զերծ մնալով իրադարձությունների հետագա ընթացքի հետ կապված կանխատեսումներ կատարելուց (կլինի այնպես, ինչպես միշտ է եղել, թե՞ այս անգամ աննախադեպ փոփոխություններ ենք ունենալու)՝ պետք է այնուամենայնիվ արձանագրել, որ գործընթացն ինքնին տարբերվող է նախորդներից: Թերևս, առաջին անգամ կենտրոնական դերակատարը քաղաքացիական հասարակությունն է, այլ ոչ այս կամ այն քաղաքական ուժը: Եվ միգուցե սա հանրային կառավարման այն բնագավառն է, որտեղ իշխանության աշխատանքը կարելի է դրական գնահատել: Չէ՞ որ համեմատաբար հասուն և ունակ քաղաքացիական հասարակությունը (հատկապես՝ երիտասարդները) ձևավորվել և զարգացել է ներկայիս իշխանությունների օրոք: Համենայն դեպս, չենք կարող համեմատել արևելքից հարևանող երկրի այս ուղղությամբ գրանցած արդյունքների հետ: Եվ փաստորեն, առնչվում ենք հանրային կառավարման յուրօրինակ մի պարադոքսի, երբ կառավարման մարմինները, ձախողելով տնտեսության կառավարման շատ բնագավառներում, այնուամենայնիվ հնարավորություն են տվել (թեկուզ՝ փոքր) զարգացած երկրներին բնորոշ կերպով ժողովրդավարական գործընթացների միջոցով փոփոխություններ կատարելու երկրում: Սակայն միգուցե այսպիսի լավատեսական մոտեցումը նմանվեր ցնորամտության, եթե սոցիալ-տնտեսական առկա խնդիրների ամբողջ խորքայնությունը «չարթնացներ նիրհող» քաղաքացիական հասարակությանը՝ որպես հանրային կառավարման իրական և գործուն լծակի:

Տնտեսության տարբեր ոլորտների կառավարման խնդիրներն այնքան շատ են, որ դրանց մասին անվերջ կարելի է խոսել, ընդ որում՝ դրանց մի մասն իսկապես պայմանավորված է արտաքին միջավայրի օբյեկտիվ իրողություններով (փակ սահմաններ, արտահանման ծախսատար և սահմանափակ ուղիներ, դեպի ծով ելքի բացակայություն, պատերազմական իրավիճակ և այլն): Սակայն հենց այս օբյեկտիվ իրողություններն են, որ օրհասական պահանջ են ներկայացնում կառավարման մարմիններին՝ նվազագույնի հասցնելու ներքին միջավայրի սուբյեկտիվ խոչընդոտները, միավորվելու բոլորի ջանքերը հանուն դժվարին աշխարհաքաղաքական իրադրությունում տնտեսությունը զարգացնելու և բարձրացնելու սեփական երկրում բազում զրկանքներ կրած և կրող մարդկանց բարեկեցության մակարդակը: Իսկ բարեկեցության կարևորագույն տնտեսական ցուցանիշներից մեկը՝ աղքատության մակարդակը (շուրջ՝ 30%), վերջին 10 տարիների ընթացքում նվազելու փոխարեն աճել է: Ավելացել են, ցավոք, նաև ծայրահեղ աղքատները: Նման անբարենպաստ արտաքին միջավայրում կարելի է ենթադրել, որ պետությունը՝ որպես հասարակական համակարգ, պետք է արձագանքի իր ներքին ռեսուրսների գերարդյունավետ օգտագործման միջոցով՝ որոշակիորեն վերականգնելով խախտված հավասարակշռությունը: Հետևելով սոցիալական դարվինիզմի մոտեցմանը՝ թվում է, թե բնական օրգանիզմներին բնորոշ զարգացման այսպիսի ընթացքն անխուսափելի է և միայն ժամանակի հարց է: Հարկավոր չէ ծանոթ լինել Սպենսերի, Գալտոնի կամ Մալթուսի գաղափարներին, որպեսզի տրամաբանորեն ակնկալենք հասարակության և տնտեսության զարգացման որոշակի բնական հավասարակշռություն: Սակայն մեր պարագայում ներքին ռեսուրսների մոբիլիզացման այսպիսի դանդաղ ընթացքի դեպքում հասարակական-տնտեսական օրգանիզմը կարող է շնչահեղձ լինել: Կարող ենք պարզապես չհասցնել: Ահա թե ինչու Հայաստանի համար օրհասական խնդիր է դառնում էականորեն վերափոխել տնտեսության կառավարման ներկայիս համակարգը (անկախ այն բանից՝ դա կլինի իշխանափոխության, թե ներկայիս իշխանությունների գիտակցման ճանապարհով):

Այն, որ կոռուպցիան՝ իր բոլոր դրսևորումներով, յուրաքանչյուր տնտեսական համակարգի համար բացասական երևույթ է, հայտնի և բազմիցս ապացուցված ճշմարտություն է: Սակայն վերոբերյալ իրավիճակի համատեքստում տնտեսության կառավարման հատկապես բարձրագույն օղակներում նվազագույն անգամ կոռուպցիոն դրսևորումները նկարագրելու համար, թերևս, ավելի տեղին են «սրբապղծություն» և «հայրենիքի դավաճանություն» եզրույթները: Բարոյականությունը, իհարկե, տնտեսագիտական կամ կառավարման կատեգորիա չէ, սակայն այդպիսին են «արժեքները» և «արժեքային համակարգը»: Տնտեսության զարգացմանը նպաստող կառուցողական արժեքների ձևավորումը և զարգացումը կառավարման մարմինների երկարաժամկետ, ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ նշանակության պարտավորությունն է, իսկ կրթության ոլորտը՝ իրական գերակայություն:

Կրթությունը, իհարկե, ընդգրկուն հասկացություն է. այն միայն տարատեսակ ուսումնական հաստատությունները չեն: Կրթությունը փոխանցվում է նաև փորձի միջոցով: Երկրում, որտեղ աղքատ է երեքից մեկը, աղքատության մակարդակը նվազեցնելու համար անմիջապես պատասխանատու պաշտոնյաների կողմից մայրաքաղաքի կենտրոնում գերթանկարժեք առանձնատներ կառուցելը նախևառաջ էական կրթական նշանակություն ունի: Այս ամենն անմիջական ազդեցություն է ունենում մարդկանց մտածելակերպի, թույլատրելիի և անթույլատրելիի ընկալման, երեխաների և երիտասարդների արժեքային համակարգի ձևավորման և հետևաբար՝ երկարաժամկետում մարդկային ռեսուրսների որակի ու տնտեսական զարգացման վրա: Հանրային կառավարման մարմինների, զանազան պաշտոնյաների պնդումները տվյալ պաշտոնի պատասխանատվության և դրա գիտակցման մասին սոսկ ամբոխահաճո հայտարարություններ պետք է դիտվեն բոլորի կողմից, քանի դեռ պատասխանատվության գիտակցման վերոնշյալ նվազագույն դրսևորումները իրականություն չեն դարձել: Աղքատի հացը «կարելի է» գողանալ, եթե գողն ինքը հացի խնդիր ունի, սակայն երբեք ոչ ավտոմեքենայի մակնիշը վերջին տարվա թողարկմամբ թարմացնելու նպատակով:

Առհասարակ, հաշվի առնելով նկարագրված իրողությունները, խիստ անհրաժեշտություն է առաջացել նոր, վճռական և միայն մեր՝ հայաստանյան ճգնաժամային իրավիճակին համապատասխան կառուցակարգերի ու պահանջների մշակման: Որպես ակնառու օրինակ՝ վերից վար որևէ պաշտոնյա իր պաշտոնավարման ընթացքում չպետք է վարի 10 մլն ՀՀ դրամը գերազանցող արժողությամբ ավտոմեքենա: Նույնը վերաբերում է նաև ընտանիքի անդամներին: Եվ նպատակը բնավ հանրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը չէ կամ տվյալ պահին կոռուպցիայի նվազեցումը. նպատակը կրթությունն է:

Քանի դեռ նկարագրված խնդիրների լուծման ուղղությամբ վճռական և արդյունավետ քայլեր չեն կատարվում, մենք շարունակելու ենք ապրել նույն իրականությունում, նույն Հայաստանում: Այս պահին բռնկված շարժման կրակը կարող է և մարել, սակայն միայն ժամանակավոր, մինչև նոր կայծի ի հայտ գալը:

Հ.Գ. Երկու կողմերի պահանջներն էլ միանգամայն արդարացված են և կարող են փոխադարձաբար կատարվել դրանց տրամաբանական հաջորդականությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել