Մեր երկրում քաղաքացիների ընդվզման պատճառներից ամենաառաջնայինն անարդարության դրսևորումներն են, մասնավորապես՝ օրենքի ընտրանքային կիրառումը բազմաթիվ ոլորտներում։ Ինչ-որ մեկը կարող է ոստիկանների աչքի առաջ ծեծել ցուցարարին ու չպատժվել, իսկ մեկ ուրիշն ավելի թեթև հանցանքի, շատ դեպքերում հանցանքի բացակայության պայմաններում կալանավորվում է։ Օրենքի առաջ բոլորը հավասար են։ Սահմանադրական նորմի կոպիտ խախտումները, կերակրատաշտին մոտ կանգնած շատ մարդկանց, ժողովրդի այս կամ այն հատվածին կեղեքելու միջոցով գերշահույթներ դիզելու հիվանդագին մոլուցքը մարդիկ չեն ուզում անվերջ հանդուրժեն։ Օրինակ՝ վերջերս պետական մարմինը ստուգումների արդյունքում հայտարարեց, որ բենզալցակայանները 100 տոկոս դեպքերում խաբում են վարորդներին, ընդ որում՝ տարիներ շարունակ, և ոչ ոք չի պատժվում դրա համար։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ կոռուպցիա և թալան։ Լինկոլն ազգանունով նախագահը ժամանակին ասել է, որ հնարավոր է խաբել ժողովրդի մի մասին երկար ժամանակ, հնարավոր է խաբել ժողովրդի մեծ մասին՝ կարճ ժամանակ, բայց անհնար է մշտապես խաբել ամբողջ ժողովրդին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: