Ծեր հեղափոխականի օրագիր
Եվ ուրեմն՝ երբեք, երբեք չի լինում, որ 10, 100, 1000, 10000, 100000 քաղաքացի ցանկանա ակցիայի միջոցով իշխանափոխություն իրականացնել, և ոստիկանություն, հատուկ ծառայություններ, ներքին զորքեր և այլ կառույցներ չկանգնեն այդ որոշման/գաղափարի ճանապարհին...
Որքան էլ ռեժիմները լինեն ստոր, ծախու, կոռումպացված, դավաճան (լրացրեք ըստ ճաշակի), կիրառում են գործիքակազմեր, այո՛, և՛ իշխանությունը պահելու, և՛ հանրային կյանքի որոշակի ինստիտուտների գործունեությունը ապահովելու համար՝ երթևեկություն, ստրատեգիական շենքերի պահպանություն և այլն...
Եվ դա նորմալ է, դա այդպես էլ պետք է լինի, դա այլ կերպ չի կարող լինել, որովհետև ակցիաները նախքան համընդհանուր ժողովրդական ընդվզումներ դառնալը, նախքան հեղափոխություն դառնալը, նախքան այնքան զորեղ դառնալը, որ իրեն ենթարկեցնի ուժային կառույցներին ու հատուկ ծառայություններին, պետք է ընթանան հենց այդ տրամաբանության մեջ... Եվ ընտրված բաց ձեռքերով պայքարի մարտավարությունը հենց այս տրամաբանության մեջ է...
Այնպես որ, ոստիկանները մեզ հրեցին, թույլ չտվեցին փակել փողոցը, անել այս կամ այն բանը, բա դուք հայ չեք, խի չեք թողնում՝ վերցնենք իշխանությունը. իռացիոնալ դաշտից է... Նույն դաշտից է նաև՝ արա դու հո թուրք չեք, խի՞ չես միանում ժողովրդին, այստեղ նաև տատդ է կանգնած կոչերը։ Տատը քաղաքացի է, ինքը՝ գործիքակազմի մի մաս, և «ժողովրդին» կարող է միանալ բացառապես քաղաքական իրավիճակի փոփոխության հետևանքով, ինչին էլ հենց պետք է միտված լինեն հեղափոխության առաջնորդների գործողությունները...
Պուպուշ հեղափոխություններ, հարգելի սիրելիներ, չեն լինում, լինում են և՛ բռնություններ, և ձերբակալություններ, և քթից արյուն է գալիս։ Այնպես չէ, որ ցանկացած պահի, երբ որոշես իշխանափոխություն անել, ոստիկանությունը կամ հատուկ ծառայությունները պետք է «միանան ժողովրդին» և 16 ժամ 48 րոպե հետո «իշխանությունը պատկանում է ժողովրդին»...
Հեղափոխականները սովորաբար ամուր են լինում, շատ ամուր, այնքան ամուր, որ նույն ոստիկանները կամ հատուկ ծառայություններն իրենց ընկալեն որպես իշխանություն և փոխեն հրաման տվողներին...
#Սինգափոխություն