Օքսյումորոնը ( οξύμωρον — «սրամիտ հիմարություն») ոճաբանական գիտակցված սխալ է` հակառակ իմաստ ունեցող բառերի կապակցություն: Դրան բնորոշ է հակասությունների կանխամտածված օգտագործումը ոճական ազդեցություն ստեղծելու համար, օր.` կենդանի մեռել, բարի դաժանություն, ուրախ տխրություն:
Շուրջ մեկ տարի տևող ընտրական գործընթացը պարզ դարձրեց երկու հանգամանք`
1. ՀՀ իշխանություններն անպարտելի են
2.ՀՀ ընդիիմության դերը հանգում է 1-ին կետի ապացուցմանը:

Հետադարձ հայացք գցելով նախորդ ընտրական զարգացումների վրա` կարելի է փաստել, որ նախընտրական շրջանում ամեն ինչ գրեթե հարթ է, վիրտուալ աշխարհում իրականացված հարցումները կանխատեսում են իշխանության պարտությունը, այն էլ ձայների բացարձակ տարբերությամբ: Բայց գալիս է ընտրության օրը և ճիշտ հակառակը` իշխանական ուժը հավաքում է այնքան ձայն, որ եթե գումարենք մյուս բոլոր ուժերի ձայները, ապա նրանց հասնել կրկին անհնար է: Իսկ որտե՞ղ է կտրվում ընդդիմության հաղթանակի շղթան, չէ՞ որ նախընտրական շրջանում ընդդիմադիր ուժերը հոծ բազմություն են հավաքում, որը հաստատակամ կքվեարկի ընդդիմության օգտին (ինչքան էլ այսօր ընտրազանգվածը ծախվում է, ամեն դեպքում կան ֆանատ-ընտրողներ, որոնք երբեք չեն վաճառում սեփական ձայնը): Եվ այդ շղթան իրականում կտրվում է ընտրատեղամասում և դրան հարող տարածքում: Սեփական փորձից ելնելով կարող եմ պնդել, որ նախորդող ընտրություններից ոչ մեկի ժամանակ ընդդիմությունը տեղամասերի մեծամասնությունում չի ներկայացրել այնպիսի կուսակցական հանձնաժողովների անդամների և վստահված անձանց, որոնք պատրաստ են պայքարել սեփական քաղաքական ուժի ամեն մի քվեի համար: Ասածիս վառ ապացույցը նախորդ օրը տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններն են: «Արթնացիր» կարգախոսով հանդես եկող «Բարև, Երևան» կուսակցությունների դաշինքը ներկայացնող հանձնաժողովի անդամի դեմքին նայելիս ակամա մտաբերում էիր ` «Օղորմի, Երևան, Մեռիր»: 
Արմատական ընդդիմության դերում հանդես եկող ՀԱԿ-ի պաշտպանները նույնպես «թշվառ էին», չկար այն ընդդիմադիր կրակը, որը պատրաստ է պայքարել ամեն մի անարդարության դեմ: Ու այսքանից հետո խաբված ժողովուրդ, պարտված ընտրություններ... ու մենք ոչխարի հոտի նման էլի գնում ենք հանրահավաք, բողոքում, պայքարում, բարձրագոչ կոչեր լսում...բայց պետք է հարցնել` ո՞ւր էին մեր ձայները պահողները, մի՞թե դժվար էր գոնե Երևանի տարածքում ապահովել անհրաժեշտ որակներով վստահված անձանց քանակը:
Եվ արդյունքում նույն քաղաքական ուժի «ջախջախիչ հաղթանակը», միջազգային դիտորդների վերամբարձ գնահատակները, իշխանական վեհ ու անպարտելի հայացքներն ու գրառումները: Իսկ մենք փորձում ենք ավարտին հասցնել այս երկրում մեզ բաժին հասած ամենակարևոր առաքելությունը` ԱՐՏԱԳԱՂԹԸ:

Վերջին մեկ տարվա քաղաքական կյանքի ամենագլխավոր իրադարձությունները` 2012 թ. ԱԺ ընտրությունները, 2012թ. ՀՀ ՏԻՄ ընտրությունները, 2013թ. ՀՀ նախագահի ընտրությունները, 2013թ. Երևանի ավագանու ընտրությունները լեզվաբան-ոճագետներին թույլ են տալիս վերոնշյալ օքսյումորոնների շարքին ավելացնել «ՀՀ ազատ և արդար ընտրություններ» բառակապակցության օրինակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել