Արտագաղթի մասին
Սա, իրոք, ինձ հուզող ամենամեծ խնդիրն է: Արտագաղթը մեծանում է ու հիմա անկախ թե ինչ պատճառներ ունի` այն կա: Պատճառների մասին չեմ խոսի, քանի որ ամեն մեկը իր կարծիքը կունենա, բայց դե կարծես ոչ մեկը չի հերքում, որ արտագաղթ կա, ու ամեն տարի ավելի շատ մարդիկ են գնում: Հիմա հասարակությունը բաժանված է երկու մասի՝ արտագաղթողի ու արտագաղթի հնարավորություններ որոնողի և հաստատակամ մնացողների: Ես մնացողներից եմ, ոչ թե որ չունեմ այն դժվարությունները, որ շատերին տարան հեռուներ, կամ չունեմ հնարավորություններ, որոնք գուցե ավելի լավ պայմաններ կապահովեն ընտանիքիս, այլ որ պարզապես Հայաստանից բացի ուրիշ տեղ ապրել չեմ կարող և չեմ ուզում: Գնացողներին չեմ պիտակավորում, ընդամենը տխրում եմ: Ինչևէ, ինչքան էլ վատ է, սա նաև իմ երկիրն է, ես էլ եմ ինձ տեր համարում, ինչքան էլ չակերտավոր հզորները հոխորտան ու հաթաթա անեն: Առկա իրողությունները փոխելու համար գնացողների բաժինն էլ ակամա ընկնում է մնացողներիս վրա: Հետընտրական սալյուտից հետո էլ մտածում եմ՝ կարիք կա անելու քայլեր, որ իրենց հաղթող հռչակածները չմտածեն, թե առաջիկա չորս տարին հանգիստ վայելելու են... Հույս չունենաք...