«Հայաստանի խորհրդարա­նը վավերացրեց Եվրամիու­թյան հետ 2017-ի նոյեմբերի 24-ին ստորագրված համա­ձայնագիրը: Զուտ տոկոսային հարաբերակցության առումով համաձայնագիրը վավերաց­վեց ավելի տպավորիչ ցուցա­նիշով, քան ԵՏՄ անդամակցության պայմանագիրը: ԵՄ հետ համաձայնագրին կողմ քվեարկեց 95 պատգամավոր, դեմ ու ձեռնպահ չէր քվեարկել ոչ ոք: ԵՏՄ պայմանագիրը վավերացվել էր, իհարկե, ավելի շատ կողմ ձայնով, բայց այն ժամանակ ավելի շատ էր նաև խորհրդարանի պատգամա­վորների քանակը, և այդ պայ­մանագրին կար դեմ քվեար­կած 7 պատգամավոր, ու մեկն էլ ձեռնպահ:

Իհարկե, թվաբանական այս հարաբերակցությունը հե­տաքրքիր է զուտ վիճակագրական խորհրդանշականության տեսանկյունից, իսկ իրական քաղաքականության ռեժիմում իրավիճակն, անշուշտ, այլ է, և ակնհայտ է, որ եվրասիառուսական նժարը Հայաստանում կշռում է անհամեմատ ավելի ծանր, քան եվրոպականը կամ եվրատլանտյանը:
Մյուս կող­մից, սակայն, Հայաստան-ԵՄ համաձայնագիրն, անշուշտ, նժարների հավասարակշռու­թյանը միտված մի քայլ է, որը կատարվում է, անշուշտ, նաև Ռուսաստանի հետ համաձայնեցվածության սկզբունքով, ու հենց դրանով է նաև դառնում առավել հետաքրքիր քաղաքա­կան ռազմավարության կամ ռազմաքաղաքականության տեսանկյունից:

Ի վերջո, Արևմուտքի հետ կոշտ դիմակայության մեջ գտնվող Ռուսաստանը ինչո՞ւ և ինչպե՞ս համաձայնեց, որ 2013- ի սեպտեմբերի 3-ին ԵՄ Ասոցացման գործընթացն իր իսկ պահանջով, հաճախ նաև շան­տաժով ու սպառնալիքով տա­պալած Հայաստանը չորս տարի անց, այդուհանդերձ, նոր փաս­տաթուղթ ստորագրի ԵՄ-ի հետ, թեկուզ կարգավիճակով ոչ ասոցացման: Առաջին հայաց­քից պատասխանն այն է, որ Հայաստանն արդեն ԵՏՄ ան­դամ էր, այսինքն` ստորագրել է, ըստ էության, ձեռնաշղթանե­րով: Սակայն սա, իհարկե, չի կարող դիտվել ամբողջական բացատրություն, որովհետև, ի վերջո, Հայաստան-ԵՄ համա­ձայնագիրն իրավական փաս­տաթուղթ է, որում արտացոլ­ված է գործողությունների հստակ հաջորդականության, քաղաքական և տնտեսական, նաև անվտանգության ոլորտներում շատ հստակ հետապնդվող նպատակներով, որոնք կա­րող են իրավիճակ փոխել: Հետևաբար, պատասխանը, թե ինչու է Ռուսաստանը համաձայնել դրա ստորագրությանը, թերևս առավել բարդ է իր կա­ռուցվածքով ու բաղադրիչնե­րով, քան կարող է թվալ առա­ջին հայացքից: Եվ պետք չէ բա­ցառել իհարկե, որ այդ պատասխանի մի շարք բաղադրիչ­ներ էլ կարող են հայտնի դառ­նալ ավելի ուշ: Վերջին հաշվով, Ռուսաստանը կա´մ համաձայնել է ինչ-որ հաշվարկով, կա´մ գուցե ստիպված է համաձայնել` Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի մեջ տեսնելով որոշակի օդանցք նաև իր համար` Արևմուտքի հետ հարաբերությունների ավելի ու ավելի նեղացող օղակի պարագայում»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել