Artsakhpress.am-ը գրում է.
Ադրբեջանում ապրիլի 11-ին մեկնարկած նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Հաֆիզ Հաջիևն, ով հայտնի է «Ծաղրածու» մականվամբ, լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ինքը քվեարկել է գործող նախագահ Իլհամ Ալիևի օգտին:
Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az-ը:
Հանրայնացնելով, թե ում օգտին է քվեարկել, Հաջիևը ցանկացել է հաստատել իր հավատարմությունն Իլհամ Ալիևին և Ադրբեջանական ընդդիմադիր մամուլում և սոցկայքերում շրջանառվող այն կարծիքը, որի համաձայն` նախագահական արտահերթ ընտրություններում Իլհամ Ալիևը մրցակիցներ չունի և որ բոլոր թեկնածուններն առաջադրվել են նրա պատվերով:
Ադրբեջանի նախագահի պաշտոնին հավակնում են ութ թեկնածուներ՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության թեկնածու, գործող նախագահ Իլհամ Ալիևը, ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Արազ Ալիզադեն, «Ադրբեջանի միասնական ժողովրդական ճակատ» կուսակցության թեկնածու Գուդրաթ Հասանգուլիևը, «Ազգային վերածննդի շարժում» կուսակցության թեկնածու Ֆարաջ Գուլիևը, «Մուսաիր Մուսավաթ»-ից՝ Հաֆիզ Հաջիևը, Ազգային ճակատի նախաձեռնող խմբից՝ Ռազի Նուրուլլաևը, Ադրբեջանի դեմոկրատական կուսակցությունից՝ Սարդար Ջալալօղլուն:
Ադրբեջանական հիմնական ընդդիմությունը ի դեմս «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի», որի կազմում ընդգրկված են «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը, մեծ թվով ժողովրդավարական հասարակական և քաղաքացիական ակտիվիստներ բոյկոտել է ընտրությունները: