(Մեկ տարի առաջ եմ գրել. սահմանները նույնն են)
Անցնող կիրակի Հայաստանում ընտրություններ էին (էս բառը վստահաբար բոլորին է հոգնեցրել)։ Ես Աշնակում էի. ոչ որպես ընտրող, ոչ էլ դիտորդ։
Աշնակն իմ մայրենի գյուղն է. այն գնալով նվազող վայրերից մեկը, որի հետ հանդիպմանը թրթիռով եմ սպասում, նույն այն անանց թրթիռով, երբ վերջին զանգից հետո դպրոցական պայուսակս մի կողմ էի նետում ու վայրկյանները հաշվում, թե երբ է Թալին տանող ճանապարհը հասնելու այն խաչմերուկին, որտեղից ձախ, ծաղկած, մոխրականաչ քարերի տափաստանում, գրեթե ափի մեջ, երևալու իմ գյուղը՝ կարմիր տանիքներով ու տներից էլ վեր խոյացող բարդիներով։ Ու տարին երեք ամիս ես ու Աշնակը ճանաչում էինք իրար, ես մեծանում էի, Աշնակը՝ փոխվում։
Հինավուրց հող Աշնակ, որ ըստ Եղիշեի՝ Արշակ Արքայի ամառային նստավայրերից մեկն էր։
Անցնող տասնհինգ դարերի ընթացքում Աշնակի դժվար հողով շատերն են անցել, բայց պիտի գար անցյալ դարասկիզբը՝ իր մեծ արհավիրքով, ու Սասունի ութ գավառներից գաղթած սասունցիները՝ Անդրանիկի առաջնորդությամբ հատեին Արաքսը, ու ծաղկած քարերի հովիտ Աշնակն իրենց վերջին հանգրվանը դառնար։ Նրանց մեջ էին նաև Փշուտցի Ուստյան տատս ու Կոշակցի Ֆայաթ պապս։
15 դար հետո Արշակ Արքայի բերդապարսպի մնացորդները երիզում էին պապիս ծիրանի այգին, ու ես դեռ պիտի մեծանայի՝ հասկանալու, թե ինչու էինք այգու վայրագ ծիրանին բերդի ծիրան ասում։
Մեր գյուղի աշխարհ տեսած, ռուսերենի դասատու Գառնիկ Մկրտչյանը, որի մեծ աշխարհի առաջին ու վերջին սահմանը Այթայի երկրամասում անցկացրած տասնամյա աքսորն էր, երկրորդ բաժակից հետո գրեթե ասմունքում էր. «Աշնակ` կուլտուրական համալսարան»։ Ես էլի պիտի մեծանայի, երկու-երեք համալսարան ավարտեի՝ հասկանալու Գառնիկի տողը։
Իսկ իմ ամառային արձակուրդներն այդ համալսարանում էին անցնում, ու Աշնակն առատորեն, առանց պարտադրելու, առանց հատուցում պահանջելու բացում էր ուրիշ աշխարհ տեսնելու դռները, ուր արժանապատվությունն ու ազնվությունը ամենօրյա կերպ էր, հայրենիքն՝ անսակարկելի ու չքարոզվող արժեք, ուր ոչ մի տուն կողպեք չուներ, ուր նոր թխվող լավաշի կապը բաժանվելով հասնում էր այն տները, ուր նրա բույրն էր տարածվում, ուր տները ժամանակավոր էին՝ Արաքսը նորից հատելու ու Էրգիր վերադառնալու մտածումով, ուր նոր կառուցվող տան վրա ամբողջ գյուղն էր աշխատում, ու բանակ ճանապարհվող յուրաքանչյուր տղայի համար ողջ գյուղը մի աչքով լացում ու ուրախանում էր, ուր մինչև վերջերս ոչ գաղթականից աղջիկ չէին ուզում, ուր ջուրը խանթարով էին բերում, գյուղի ակումբում միայն հնդկական ֆիլմեր էին ցույց տալիս և ամենակարևորը՝ հպարտանում 1957-ին Մոսկվայի միջազգային փառատոնում մեր Յարխուշտայով նվաճած ոսկե մեդալով։
Ես մեծանում էի, Աշնակը՝ փոխվում։ Բանակից տուն եկած տղեքը հայր պիտի դառնային, տուն կառուցեին` թոնրատնով ու մարագով, ու ծիրանի ծառերի տակ կապուտաչ ու ոսկեմազ փոքրիկ սասունցիներ պիտի վազեին։ Ու գյուղը երիզած բազալտե սալերը համառ սասունցու քլունգից նահանջում էին՝ դառնալով այգի, թոնրի ծուխն անպակաս տուն ու լվացքի պարանին՝ Արագածի քամիներից ճոճվող գույնզգույն շորեր-շորեր։
Մեր գյուղի հոտն ու մեղեդին ես դեռ խաչմերուկից էի զգում՝ չորացող ծիրանի, մեղվի անընդմեջ բզզոցի, անթառամ ծաղկի, տաք բոքոնի, Հովասի մանգաղած խոտի... ու շարականի պես խաս մեր բարբառի...
Ես մեծանում եմ, Աշնակը՝ փոխվում: Արցախի ազատամարտում զոհված առաջին ֆիդայու գույժով գյուղը վերապրեց չփակված վերքերը, անավարտ կռվի շունչը դարձավ ամենօրյա ներկայություն, ազատության նոր տեսակը ներքին սահմաններ բերեց, դռներից կողպեք կախվեց, տները միմյանցից բաժանող գլաքարե նախշուն երիզները տուֆե պարիսպներ դարձան։ Հիմա աշնակցիներն իրենց որդիներին միայն բանակից չի, որ սպասում են. գրեթե տուն չկա, որ դրսում մեկը չունենա... օրվա հացը միայն թոնրով չես ապահովի... Իսկ տները միմյանցից բաժանվեցին ոչ միայն պարիսպներով, այլև անվերջ ու մղձավանջ դարձած ընտրություններով... Նույնիսկ յարխուշտա պարելիս ծափ-հարվածի մեջ ընտրական քեն կա։ Կոլխոզի նախագահները հիմա գյուղապետ են կոչվում, նրանք էլ սապոգ չեն հագնում, ոչ էլ Վիլիսով շրջում։ Նրանց կոստյումին իշխող կուսակցության նշան կա պարտադիր, ու նստած մեքենան էլ՝ Մերսեդես։
Ես մեծանում եմ ու իմ փոխված Աշնակին սիրում ինչպես միշտ հարազատի պես, անքննելի... Գյուղում ինձ հանդիպած հին ու նոր բարեկամների հայացքում դժվար կյանքի դրոշմ կա, դառնություն, կարոտ, ափսոսանք ու սպասում-սպասում...
Նրանք գիտեն, որ ես էլ պատգամավոր չեմ, բայց հարցերը նույնն են՝ ջուրն ուրիշին են ծախում, սերմը բերք չի դառնում, աշխատանք չկա, տղամարդիկ հեռանում են, աղջիկները մենակ են մնում, ուսանող պահել չեն կարողանում, չորացած ծիրանենիների տակ գրեթե վազող երեխա չկա... Հայաստանի բոլոր գյուղերում լսած հարցեր... գյուղացուն մենակ ենք թողել...
Անցնող կիրակի Հայաստանում ընտրություններ էին. ոչինչ չի փոխվել՝ իշխող կուսակցությունն «ընտրության» արդյունքում դարձյալ պահել է իր դիրքերը։
«Ընտրվել» է նաև մեր գյուղի միակ, մրցակից չունեցող, կոստյումին նշանով թեկնածուն։
Ես մեծանում եմ, դու փոխվում ես, Աշնակ, ու ես առաջվա պես սիրում եմ քեզ էլ, քո խեղճությունն էլ, ջուր չտեսած ու կարկտից ծեծված ծիրանդ էլ, որ քո մեղեդին ու բույրը ունի։
2012, աշուն
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Lilit.Galstian/posts/475069565902996?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել