ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչության եւ տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից մարտի 12-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կատարվել են դեղատնային այցեր: Շրջայցերի նպատակն է եղել տեղում ծանոթանալ դեղատների աշխատակիցների իրազեկվածության մակարդակին՝ ՀՀ կառավարության 2017թ․ նոյեմբերի 9-ի թիվ 1402-Ն որոշմամբ կարգավորվող դեղատոմսերի գրման եւ դեղերի բաց թողնման կարգի վերաբերյալ, ինչպես նաեւ կատարել լրացուցիչ իրազեկման աշխատանքներ եւ արձանագրել նշված կարգի խախտումների դեպքերը:
Նշված ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում կատարվել են 481 դեղատնային այցեր։ Արձանագրվել են առանց դեղատոմս պահանջելու դեղատոմսով դուրս գրվող դեղերի՝ մասնավորապես հակավարակային դեղերի բաց թողնման 57 դեպք, որից 35-ը՝ Երեւանում եւ Կոտայքի մարզում, 3-ը՝ Լուռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզերում, 11-ը՝ Արարատի եւ Արմավիրի մարզերում, 5-ը՝ Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում, իսկ 3-ը Տավուշի ու Գեղարքունիքի մարզերում։
Դեղատնային այցերի ընթացքում բացահայտվել են բժիշկների կողմից դեղատոմսերի գրման եւ դեղատան աշխատակիցների կողմից դեղեր բաց թողնելու կարգի խախտումներ եւ թերություններ: Մասնավորապես եղել են դեպքեր, երբ դեղատուն է ներկայացվել դեղատոմսի միայն մեկ օրինակ, սակայն սահմանված կարգի համաձայն (http://moh.am/#1/612 ) նախատեսվում է երկու օրինակ, որից մեկը պետք է պահվի դեղատանը, մյուսը՝ պացիենտի մոտ: Առանձին դեպքերում դեղագետը հրաժարվել է դեղը բաց թողնել դեղատոմսում կնիքի բացակայության պատճառով, սակայն դեղատոմսի վրա ոչ բժշկի, եւ ոչ էլ բուժհաստատության կնիքը պարտադիր չեն. դեղատոմսը հաստատվում է բուժող բժշկի (թմրամիջոցներ եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող ինչպես նաեւ անվճար եւ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեպքում նաեւ բուժհաստատության տնօրենի կամ տնօրենի տեղակալի) ստորագրությամբ։ Դեղատոմսերում բացակայել են բժշկի անուն-ազգանունը (կամ գրված է եղել անընթեռնելի ձեռագրով) եւ ստորագրությունը․ բուժող բժշկի անուն-ազգանունը (գրված ընթեռնելի ձեռագրով կամ տպագիր) եւ ստորագրությունը դեղատոմսի վրա պարտադիր են:
Շրջայցերի ընթացքում հայտնաբերվել են դեղատոմսեր, որտեղ լրացված չեն եղել պացիենտի ամբուլատոր բժշկական քարտի համարը, սակայն բժիշկը պարտավոր է դեղատոմսի վրա լրացնել պացիենտի ամբուլատոր բժշկական քարտի կամ բուժմանը վերաբերող այլ փաստաթղթի (հիվանդության պատմագիր, ամփոփաթերթ եւ այլն) համարը։ Գրանցվել են դեպքեր, երբ դեղը գրված է եղել առեւտրային անվանմամբ, սակայն ըստ սահմանված կարգի՝ բժիշկը պարտավոր է դեղատոմսը գրել դեղի համընդհանուր անվանումով, իսկ առեւտրային անվանումով գրելու դեպքում դեղատոմսին պետք է կցել առանձին պատճառաբանված հիմնավորում: Հավելենք նաեւ, որ վերոնշյալ թերություններով եւ առհասարակ սահմանված կարգին չհամապատասխանող դեղատոմսերի հիման վրա դեղատան աշխատակցի կողմից չպետք է բաց թողնվեն դեղեր:
ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմինը բժիշկներին, դեղագետներին, դեղագործներին եւ հատկապես խոշոր դեղատնային ցանցերի, ինչպես նաեւ բուժհաստատությունների տնօրեններին հորդորում է պահպանել օրենքով սահմանված կարգը՝ վերոնշյալ թերություններն ու խախտումները բացառելու նպատակով:



