Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Աղանիկյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի իշխանություններին 865 եվրո վճարել հայցվորին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Այդ մասին հայտնում է ՄԻԵԴ-ի կայքը:
Հայցվոր Հրայր Աղանիկյանը հայցը ներկայացրել էր 2012 թվականի ապրիլի 2-ին՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա:
Հայցվորը ՄԻԵԴ-ում բողոքել է, որ իր նկատմամբ քրեական դատավարության տևողությունը չի համապատասխանել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված «ողջամիտ ժամկետում» դատավարության իրավունքի վերաբերյալ պահանջին: Հայցվորը պահանջել է 3000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Հրայր Աղանիկյանի նկատմամբ 2004 թվականին քրեական գործընթաց է սկսվել՝ նրա կողմից վաշխառության մասին գործով:
Փաստացի, հայցվորի նկատմամբ քրեական հետապնդումը տևել է մոտ 6 տարի և 11 ամիս:
Հայցվորը պնդել է, որ դատավարությունների ընթացքում մեղադրող կողմը մի քանի անգամ չի ներկայացել դատարան՝ առանց որևէ լուրջ պատճառաբանության, և դատը նախագահող դատավորը մի քանի անգամ հետաձգել է դատը՝ գործի հետ կապ չունեցող պատճառներով: Դատը հետաձգվել է մոտ 136 անգամ՝ վկաների և տուժածների չներկայանալու պատճառով, որոնց ներկայությունն ապահովելու պարտավորությունը պետությանն էր: Բացի այդ, դատավարությունը վերսկսվել է ամենասկզբից մեկ տարի և երեք ամիս անց այն բանից հետո, երբ կասեցվել են նախագահող դատավորի լիազորությունները: Դատավարության ընթացքը երկարաձգել են նաև մեղադրանքներում տեղի ունեցած փոփոխությունները:
Իշխանությունները պնդել են, որ գործը բարդ է եղել՝ մեղադրանքների բնույթի, ինչպես նաև վկաների և ականատեսների մեծ թվի պատճառով: Բացի այդ, հետաքննությունը պահանջել է մի քանի փորձաքննություն, իսկ հավաքված ապացույցների ծավալը զգալի է եղել:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, որը երաշխավորում է, որ յուրաքանչյուր ոք նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի դեպքում ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Դատարանը գտել է, որ տվյալ գործում դատավարության ընթացքը չափազանց երկար է տևել և չի բավարարել «ողջամիտ ժամկետի» մասին պահանջը:



