Ն. Զոհրաբյան. «Երիտհանրապետականների շտաբին նորից եմ ասում, ամոթ է, անհեթեթությամբ մի զբաղվեք»«Ես չեմ տիրապետում և չեմ էլ ուզում տիրապետել նման անհեթեթության: Ինձ զարմացնում է այն, որ ՀՀԿ-ն սկսել է այսպես աննախադեպ զոհի կարգավիճակով հանդես գալ»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով այն ահազանգը, որը itidord.am կայքն էր հաղորդել՝ հղում կատարելով Henaran.am-ին: Ըստ այդմ՝ խմբագրություն է ահազանգել քաղաքացի Լուիզա Աղաջանյանը եւ պատմել, որ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությանը պատկանող «ՀՅՈՒՆԴԱԻ» մակնիշի 188ԼՍ01 պետ. համարանիշներով մեքենայից Արաբկիրում, մասնավորապես Քոչար 18 շենքի բակում գումար է բաժանվում ԲՀԿ-ի համար: Շարունակելով միտքը՝ տիկին Զոհրաբյանը նշեց. «ՀՀԿ-ն իր տիրապետության տակ գտնվող լրատվական միջոցներով ապատեղեկատվություն է տարածում, որոնցից վերցնում են նաև մյուսները: Ուզում են այնպիսի պատկեր ստեղծել, թե ԲՀԿ-ն քաղաքով մեկ աննախադեպ փող է բաժանում, իսկ ոստիկանությունը, ՀՀԿ-ն և մյուս անաչառ կուսակցությունները չեն կարողանում դեմն առնել: Երիտհանրապետականների շտաբին նորից եմ ասում, ամոթ է, անհեթեթությամբ մի զբաղվեք, ձեզ մի դրեք անհեթեթ իրավիճակի մեջ: Բոլորս էլ գիտենք՝ իշխանությունն ում ձեռքին է, լծակներն ում ձեռքին են, ուժն ում ձեռքին է: Անհարմար է, այլ քաղտեխնոլոգիաներ մտածեք, որոնք ծիծաղ չեն առաջացնի: Մենք ունեինք տեղեկատվություն, որ իրենք այդ տեխնոլոգիան են դնելու շրջանառության մեջ, այսինքն՝ ինչն իրենք անելու են, փոխելու են և տրանսֆորմացնելու «Բարգավաճի» վրա, նույն այդ գունավոր գրիչները, Ձեր նշած մեթոդները և այլն: Սեփական իշխանության մասին խորհուրդ կտամ երիտհանրապետականներին շատ ավելի բարձր կարծիքի լինեն, քան մենք ենք: Բայց մենք ավելի բարձր կարծիքի ենք, քան իրենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել