168.am-ը գրում է.
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներմուծվող չինական ապրանքների վրա վերջերս Միացյալ Նահանգների կողմից մաքսատուրքերի սահմանումը եւ Չինաստանի կողմից հայտարարված պատասխան միջոցները առեւտրական պատերազմ չեն: Այդ մասին ԱՄՆ-ի ղեկավարը ապրիլի 4-ին գրել է Twitter-ում:
«Մենք Չինաստանի հետ առեւտրական պատերազմի վիճակում չենք: Այդ պատերազմը շատ տարիներ առաջ տանուլ են տվել ԱՄՆ-ը ներկայացնող տխմար ու անիրազեկ մարդիկ»,-գրել է Թրամփը: ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ ներկայում Չինաստանի հետ ԱՄՆ-ի առեւտրական հաշվեկշռի դեֆիցիտը կազմում է 500 մլրդ դոլար: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը նաեւ տարեկան եւս 300 մլրդ դոլար է կորցնում «Չինաստանի ընկերությունների կողմից ամերիկյան ինտելեկտուալ սեփականության գողանալու» պատճառով:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ դա շարունակվի»,-ընդգծել է նախագահը: Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ապրիլի 3-ին հրապարակել է Չինաստանից շուրջ 50 միլիարդ դոլար գումարի ներմուծվող այն ապրանքների ցուցակը, որոնց նկատմամբ պլանավորում է 25-տոկոսանոց մաքսեր սահմանել:
Այս միջոցը նախատեսված է Թրամփի կողմից ավելի վաղ ստորագրված «Չինաստանի տնտեսական ագրեսիայի դեմ պայքարի մասին» հուշագրում: Ցուցակում, մասնավորապես, ներառված են չինական արտադրության այնպիսի ապրանքներ, ինչպիսք են ավտոմոբիլները, մոտոցիկլետները, երկաթուղային տրանսպորտը, հաստոցները, բժշկական եւ այլ սարքավորանքը, ավիացիոն պահեստամասերը, արբանյակները՝ ընդամենը 1,3 հազար անուն:
Իր հերթին, ՉԺՀ-ի Պետխորհուրդն ապրիլի 4-ին 25 տոկոս մաքս է սահմանել ամերիկյան ավտոմոբիլների, նավթաքիմիայի արտադրանքի, ընդեղենի՝ ընդհանուր առմամբ 106 անուն ամերիկյան արտադրանքի համար: «Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրը կհայտարարվի ավելի ուշ»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ: ՉԺՀ-ի առեւտրի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է համաչափ պատասխան տալ Վաշինգտոնի ձեռնարկած միջոցներին, որոնք կհամապատասխանեն ազդեցության ուժով եւ մասշտաբներով:
Բացի այդ, չինական ապրանքների առեւտրական մաքսատուրքերի սահմանման պատճառով Չինաստանը ԱՄՆ-ի դեմ գանգատով դիմել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը՝ պաշտոնական դիմում ներկայացնելով միջազգային կազմակերպության համապատասխան մարմիններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: