Ինձ համար իրական, շոշափելի ապրիլյանը սկսվեց ոչ թե գիշերը, երբ զանգեցին ու ասացին, որ ադրբեջանցիները երկու ճակատով հարձակում են սկսել, այլ՝ վաղ առավոտյան, երբ տղես` Արեգ Սարդարյանը, զանգեց ու ասեց․ «Պապ, ոչ մեկին չասես, բայց դու իմացի. ես Թալիշում եմ լինելու»: Ու հենց էդ պահից սկսվեց էն դժոխքը, երբ դու՝ որպես մասնագետ, ստանում ես զոհերի ու վիրավորների մասին ամբողջական տեղեկատվությունն ու ամեն վիրավորի ու զոհի հետ կյանքիցդ մի տարի գնում ա, որովհետև ձեռքիդ տակ թվերը կան, իսկ անուններ` ոչ: Ու դա կրկնակի ծանր ա, որովհետև լիքը մարդու համար դու վերածվել ես յուրատեսակ լրատվամիջոցի, ու հենց քո պահվածքից ա կախված, թե էդ մարդիկ ոնց կընկալեն տեղի ունեցածը: Էդ ընթացքում մի անգամ եմ փլվել, երբ իմ աննման ընկեր Վարդ Սիմոնյանը քոմենթներից մեկում գրել էր․ «Լևոնին հալալ ա: Մարդը էրեխուց արդեն երեք օր խաբար չունի, բայց տեսեք, թե իրեն ինչքան պինդ ա պահում»: Ու հետո Էդիկ Բաղդասարյանը էս ֆոտոն տարածեց, ու մենակ էդ ժամանակ ես հասկացա, ընկալեցի, որ դեռ ողջ եմ: Ու հենց էս ֆոտոն դարձավ էրեխեքի մասին լուր սպասող շատ ծնողներին սրտի բալասանը: Որովհետև տղերքը ժպտում էին ու ժպտացնում էին նաև: Բայց սարսափելին էն ա, որ հարյուրավոր ծնողներ էդ ժպիտներին էդպես էլ կարոտ մնացին: Ու ես հիմա ոչ թե ցանկանում եմ հիշեցնել մեր տղերքի մասին, այլ ուզում եմ խոնարհվել էն մարդկանց առաջ, ում որդիները, ամուսինները, եղբայրները կամ հայրերն այլևս երբեք տուն չեն վերադառնալու: Ու չեն ժպտալու:
Խոնարհումս ձեզ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: