Բացառություն կանեմ, քանի որ խոսելու եմ մարդկանց մասին, ովքեր մեծատառով ՀԵՐՈՍՆԵՐ են, խոսելու եմ տղերքի մասին։
Ասում են, չէ՞, մեր մեծերը կամ արվեստագետներն այնքան են կենդանի մնալու, ինչքան նրանց արած գործերը կամ նրանց մասին հիշողներ կան, ու այ էդ նույն տրամադրությամբ մեր հերոսների մասին խոսելիս պետք է ասեմ, որ նրանք անմահ հերոսներ են ու միշտ կենդանի են մնալու, քանի որ նրանց մասին ոչ միայն մեր սերունդներն են խոսելու, այլև՝ մեր երեխաներն ու նրանց երեխաները։ Ինչքան հայը կա, նրանց մասին միշտ խոսվելու է, պատմվելու է ու հիշատակվելու է նրանց անունները։
Բացառություն եմ անելու, քանի որ խոսելու եմ կենդանի հերոսների մասին, ովքեր այսօր մեզ հետ նույն երկրում են ապրում, ու մենք պատիվ ունենք նրանց հետ նույն հողի վրա կանգնելու։
Բացառություն եմ անելու, քանի որ խոսելու եմ հերոս ծնած ու հպարտ հայ մայրերի մասին, որոնց առաջ ազգովի խոնարհվում ենք ու եթե նույնիսկ չենք ասում, ապա հոգու խորքում իրենց զավակների մասին խոսելիս նաև նրանց ենք շնորհակալ լինում։
Բացառություն եմ անելու, քանի որ խոսելու եմ այն մասին, որ մի քանի ժամում 13 միլիոն հայություն կարա դառնա մեկ բռունցք, 13 միլիոն մարդ կարա իր ամբողջ ներուժով օգտակար լինի հայոց բանակին ու իր երկրին։
Բացառություն եմ անում, քանի որ այս օրերին էր, երբ մարդիկ նույնիսկ ցանցային պատերազմում էին հաղթանակում ու մարդիկ գիշերները չէին քնում՝ սպասելով նորության, նույնիսկ եթե սահմանին ծանոթ-բարեկամ չունեին։
Ես երկար կարող եմ խոսել ապրիլյան դեպքերի մասին, քանի որ գրեթե 24 ժամ հետևել եմ ու մի որոշ չափով մասնակից եմ եղել տեղեկատվական պատերազմին, բայց ես ուղղակի կասեմ՝ մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում։
Ցավոտ ու հպարտությամբ պարուրված հիշողություններ․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել