Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սրտամկանի և անոթների համար առավել օգտակար է կարմիր լոբին: Գիտնականները նշում են, որ կարմիր լոբին ոչ միայն համեղ ու հասանելի մթերք է, այլև պարունակում է մի շարք օգտակար տարրեր՝ այդ թվում նաև ամինաթթուներ, մագնեզիում, կալիում, կալցիում, մանրաթելեր, սպիտակուցներ և օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք շատ կարևոր են օրգանիզմի համար: Նրանց խոսքով՝ լոբով ուտեստներն օգնում են մարդկանց ազատվել ավելորդ քաշից և կանխարգելում են սրտանոթային հիվանդությունները:
Կարմիր լոբին նույնքան սննդարար ու հագեցնող է, որքան մսամթերքը: Պարբերաբար լոբու օգտագործումը կարգավորում է նյութափոխանակությունն ու օրգանիզմի բոլոր համակարգերի աշխատանքը: Բացի այդ, այն նաև հիանալը «հակատարիքային» մթերք է, որը նպաստում է կոլագենի արտադրմանը: Միևնույն ժամանակ այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, որոնք օգնում են պահպանել մազերի և եղունգների առողջությունը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լոբին պարունակում է նաև ֆոլաթթու, որի պակասը կարող է հանգեցնել անոթների պատերի վնասման, աթերոսկլերոզի և զարկերակային գերճնշման առաջացման: Բացի այդ, այն հարուստ է նաև լուծվող մանրաթելերով, որոնք օգնում են նվազեցնել օրգանիզմում «վատ» խոլեստերինի մակարդակը՝ նպաստելով սրտամկանի նորմալ աշխատանքին: