Ապրիլի 2-ին Յուքոմ ցանցում հեռարձակվող «Արմենիա Պրեմիումի» եթերում մեկնարկում է «Ազիզյանները» սիթքոմը:  «Պրեմիումի» հեռուստադիտողների ամենասիրելի ու սպասված գերդաստանն արդեն սկսել է 4-րդ եթերաշրջանի նկարահանումը: Սերիան սկսվում է Մարիի և Տարոնի ամուսնությամբ: BlogNews.am-ը եղել է նկարահանման հրապարակում և զրուցել դերասանների հետ, ովքեր որոշեցին հետաքրքիր մանրամասները դեռ չբացահայտել:

Դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանը նշում է, որ իրեն էլ է հետաքրքիր՝ ինչ է լինելու 4-րդ եթերաշրջանում. «Այս ընթացքում ինձ հաճախ էին հարցնում՝ արդյոք լինելու է նոր եթերաշրջան, թե ոչ: Այս եթերաշրջանում աշխատանքները բարդ չեն, քանի որ հեռուստադիտողը լավ ճանաչում է բոլոր հերոսներին: Հեռուստադիտողի արձագանքից կարող եմ ասել, որ նրանց համար էլ գնալով ավելի է հետաքրքրացել սիթքոմը»:

«Թեպետ Արմենիա Պրեմիումի նոր եթերաշրջանն սկսվում է ապրիլի 2-ից, սակայն Ucom-ի հեռուստադիտողները, ինչպես միշտ, հնարավորություն ունեն օրեր առաջ դիտելու «Ազիզյանների» նոր արկածները «Տեսավարձույթ» բաժնում», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Սիթքոմի սիրահարները լավ գիտեն, որ Անի Լուպեի հերոսուhի Ռուզանը ճաշ պատրաստել չգիտի և նրա կյանքում այդ առումով ոչինչ չի փոխվելու. «Իհարկե, նոր անակնկալներ այս եթերաշրջանում կլինեն, բայց դրանց մասին չեմ ցանկանա խոսել: Կերպարիս բնավորությունը նույն է, բայց այս եթերաշրջանում մոտեցումս է փոխվում»:

Դերասանուհի Մարին խոստովանում է, որ այս եթերաշրջանը բումային և անսպասելի է լինելու. «Ես յուրաքանչյուր սերիայում փորձում եմ կերպարիս հետաքրքիր մոտեցում տալ, որպեսզի այն նույնը չմնա: Այս սիթքոմն ինձ հետաքրքիր է թե՛ որպես դերասանուհու, թե՛ որպես հեռուստադիտողի։ Ամեն սերիան երկու անգամ եմ նայում»։

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
    Լուսանկարները՝ Շաքե Արմենիի 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել