Բոլորն են մեղավոր, բայց պատժվողները թող դիմեն դատարան: Չնայած դատարանին թելադրվող վճիռների համար նույնպես «բոլորն են մեղավոր»: Ո՞վ պիտի դատի «բոլորին»: Դասական գործնական դաս:
Հենց այսօր ՀՀԿ-ի կարկառուները հաճախ են ասում, որ երկրի այս վիճակի համար «բոլորն են մեղավոր»: Վաղը սա կդառնա իրավիճակի գլխավոր գնահատականը: Սրա մանրապատկերը ցուցադրվել է երեկ՝ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի և գիտխորհրդի ընդլայնված նիստին հաջորդած ուսանողների հետ տեղի ունեցած «ընդլայնված հանդիպմանը». «Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ բուհում ստեղծված իրավիճակի համար բոլորն են մեղավոր։ «Բոլորն են մեղավոր այս ամեն ինչի համար, ես էլ եմ մեղավոր, ես վերցնում եմ դա իմ վրա, մեղավոր են բոլորը՝ սկսած ուսանողից վերջացրած ամենաբարձր դասախոսը, մեղավոր են, որովհետև ժամանակին ամեն մեկը կարող էին մի քայլ անել, խրատական մի բան ասել, խորհուրդ տալ և կամ մի բան անել, որը կկարգավորեր այս հարցը, չէր հասցնի էս օրին։ Հիմա մենք ելք ենք ման գալիս»:
Սովորաբար «բոլորն են մեղավոր», «բոլորն են սխալ»՝ նշանակում է կոնկրետ մեղավոր չկա, սխալվող չկա: Անձից սկսած՝ ինստիտուտից վերջացրած: Բայց ԲՈՒՀ-ի գիտխորհուրդը գտել է, որ կա՛ն կոնկրետ մեղավորներ, և նրանք կոնկրետ պատիժ են ստացել: Եթե «բոլորն են մեղավոր», պիտի պատժվեն բոլորը, «սկսած ուսանողից վերջացրած ամենաբարձր դասախոսը...» և«ես էլ եմ մեղավորը»: Բայց «բոլորի մեղքի»՛ համար կոնկրետ պատիժ ստացողներ կան: Եվ դեռ կլինեն: Նրանք «բոլորի մեղավորության» քավության նոխա՞զն են: Եվ մինչ «հիմա մենք ելք ենք ման գալիս» անորոշությունը առնվազն ուսանողների մի մասը ելքեր էն ցույց տալիս, «մի քայլ» արել են, «խրատական մի բան» ասել են, իրենց կարողության շրջանակներում «խորհուրդ տվել և կամ մի բան» անում են, ինչու՞ նրանց չեն օգնում ոլորտի կարգավորման պատասխանատուները: Պատմության բաժնի 2-րդ կուրսում սովորող Աշոտ Թադևոսյանը շատ հստակ, գրագետ ձևակերպված հարց է տալիս նախարարին. «Մեր խորին համոզմամբ` այս խնդիրը համակարգային է ու այդ առումով անչափ կարևորում ենք, որ Դուք այստեղ եք։ Մենք ուզում ենք խորը հարցերից խոսել, ինչպիսի՞ հստակ լուծում եք Դուք պատկերացնում ստեղծված իրավիճակին ու ուսանողները շահելո՞ւ են դրանից։ Չէ՞ որ մարդը, որը բարձրաձայնում է խնդրի մասին, ինքը մեղավոր չէ այդ խնդրում։ Եթե ես խոսում եմ խնդրի մասին, այդ խնդիրը իմը չէ, պարտադիր չէ իմը լինի այդ խնդիրը, որ ես բարձրաձայնեմ այն։ Հիմա պարոն Խորիկյանն ու պարոն Համբարյանը բարձրաձայնել են խնդիրներ, որոնք առաջ չեն եկել իրենց մեղավորությամբ։ Ու էս պահին նրանց ազատել բուհի վարկանիշը գցելու համար, այդ մարդիկ չեն գցել բուհի վարկանիշը, այդ մարդիկ խնդիրներն են բարձրաձայնում...Այ, հիմա, խնդրում եմ՝ էլ մի լռեք, խոսեք, տեսնենք՝ ի՞նչ լուծում եք առաջարկում ուսանողներին»։ Բայց ոլորտի պատասխանատուները ուսանողի այս պարզ հարցերին պատասխան չունեցան:
ՀՀԿ-ն էլ կոնկրետ հարցերի պատասխան չի ունենում, որովհետև ընդհանուր խնդիրների համար «բոլորն են մեղավոր», իսկ կոնկրետ իրավիճակի և «դեպքի» համար պատժվողները «թող դիմեն դատարան»։ Վերահսկելի դատարան: Բայց դե հայտնի է՝ դատարանի վերահսկելիության համար էլ են «բոլորը մեղավոր»:
Որքան էլ պարադոքսալ չլինի՝ այս ամենի մեջ ցավալի մեծ ճշմարտություն կա: Անձիք և ինստիտուտները ստիպված են հարմարվել խաղի կանոններին, առանձին օղակների պատասխանատուները չհարմարվելու դեպքում չեն լինի, հարմարվողներն էլ գործում են կամ ստիպված են գործել «բոլորի մեղավորության» դաշտում: Այս ամենում իրավունքը և օրենքները որևէ դեր չունեն: Այդ թվում՝ դատարանի համար: Ո՞վ է սահմանում «բոլորը մեղավորության» խաղի կանոնները: Այո, բարձրագույն իշխանությունը: Ուրեմն «բոլորն են մեղավոր»ը պարզապես նշանակում է «մեղավոր է բարձրագույն իշխանությունը»: Բարձրագույն իշխանությունը անձ չէ, կարո՞ղ է դատարանը դատել «բարձրագույն իշխանությանը»: Չի կարող, ոչ խաղի կանոններով, ոչ իրավունքով: «Բարձրագույն իշխանություն»ը ֆիզիկական անձ չէ, առանձին իրավունքի սուբյեկտ չէ, որևէ օրենքով դատարանի վճռի ենթակա չէ: Եվ ինչքան այն հեռանում է «բոլորից», այնքան մոտենում է «բոլորին»՝ «բոլորին հարկադրելով» խաղալ իր սահմանած նորմերով: Երեկ Շիրակի պետական համալսարանում ցուցադրվեց կոնկրետ կոլեկտիվին և ուսանողությանը իշխանության՝ «բոլորն են մեղավոր»ի խաղի կանոններին ենթարկեցնելու գործնական դասերից մեկը: