Armenpress.am-ը գրում է.

Միայն մեկ օրվա ընթացքում ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի  ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է 30 արտակարգ դեպքի ահազանգ: Մարտի  24-ի ժամը  14:54-ից   սկսված  ուժեղ քամու հետևանքով տուժել  են  Շիրակի մարզի  16 համայնք՝  26 բնակավայր: Հիմնականում վնասներ են կրել բնակֆոնդի ու  դպրոցների տանիքները, հոսանքազրկվել են բնակավայրեր, տապալվել ծառեր, գրանցվել է քամու հետևանքով հրդեհի առաջացման դեպք:

Ուժեղ քամու  պատճառած վնասները ճշտելու նպատակով մարտի  25-ին Շիրակի մարզպետի գլխավորությամբ տեղի ունեցավ արտակարգ խորհրդակցություն, որին ներկա էին  մարզպետարանի պատասխանատուներ, ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարար վարչության, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի ներկայացուցիչներ: «Դեռ երեկվանից Շիրակի մարզպետարանում սահմանվել էրհերթապահություն, մարզպետարանի պատասխանատուները աշխատել են արտակարգռեժիմով մինչև ժամը 22։30-ը և կապի մեջ են եղել բոլոր պատասխանատուծառայությունների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամաբ՝ նշեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: 

Շիրակի մարզային փրկարար վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանը նախնական տվյալներ ներկայացնելիս նշել է, որ ահազանգեր ստացվել են ժամը 14։50-ի սահմաններից, եղել է շուրջ 30 արտակարգ դեպք, բոլոր ահազանգերին վարչությունն արձագանքել է օպերատիվորեն, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ահազանգերը հիմնականում վերաբերել են բնակելի տների ու բազմաբնակարան շենքերի, դպրոցների տանիքների մասնակի կամ ամբողջական վնասվելուն, ծառերի, էլեկտրասյուների շրջվելուն, եղել են նաև հրդեհների դեպքեր: 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանի տեղեկացմամբ՝ էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ արդեն չկան մարզում, առկա են միայն վթարային անջատումներ, իսկ  վթարավերականգնման  աշխատանքները  մեկնարկել են. ժամը 12։30-ի դրությամբ՝ 45 բնակավայրերերից 20-ում էլեկտրամատակարարումը վերականգնվել է:

Շիրակի մարզպետի հանձնարարականով՝ մարզպետարանում ստեղծվել է քամու հետևանքների ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողով, որը բաժանված է 3 խմբի։ Երկուշաբթի առավոտից մասնագետները շրջելու են բոլոր բնակավայրերում: «Մարզային հանձնաժողովիանդամներին հանձնարարում եմ գույքագրել բոլոր վնասները, հետևողական և ուշադիրաշխատել բնակավայրերում»,- շեշտել է Արթուր Խաչատրյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել