Երևանի մի շարք թաղամասերում մարտի 24-ին հուժկու քամիների պատճառով տանիքներ են վնասվել: Բարեբախտաբար, ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, քամիների հետևանքով տուժածներ  չկան:

Ժամը 19:26-ին  ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևան քաղաքի Միկոյան փողոցի թիվ 13 շենքի տանիքի սալիկները թուլացել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը սալիկները պոկվել թափվել են (0,5 քմ), և թուլացել են տանիքի թիթեղները:

Փրկարարներն ամրացրել են տանիքի թիթեղները (3 քմ):

Ժամը 18:50-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 27 շենքի տանիքի թիթեղը պոկվել կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ամրացրել են տանիքի թիթեղը (4 քմ):

Ժամը 18:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքն ուժեղ քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տան (սեփականատեր Մ. Մ.) տանիքի թիթեղը (4 քմ) պոկվել և ընկել էր. փրկարարները թիթեղը տեղափոխել են անվտանգ տարածք:

Ժամը 17:49-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 39ա շենքի տանիքը ուժեղ քամուց թուլացել կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են կոնստրուկցիոն տարրերին ամրացված թիթեղները (15 քմ) և սահմանազատել տարածքը:

Ժամը 15:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 188 շենքի տանիքը ուժեղ քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարներն ամրացրել են շենքի տանիքի թիթեղը (1 քմ):

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ։

Այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում վտանգավոր ուժգնության քամիները շարունակվելու են։

Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35 մ/վրկ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց Ձորում և Երևանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25 մ/վրկ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, էլեկտրահաղորդման գծեր և այլ առարկաներ։

Պայմանավորված նման վտանգավոր օդերևութաբանական իրադրությամբ` ԱԻՆ-ը ազգաբնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին կոչ է անում ցուցաբերել հնարավորինս զգոնություն։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել