Սեյրան Օհանյանը նույն ճանապարհը երկու անգամ չպետք է անցնի՝ անկախ նրանից, թե ով կփորձի համոզել իրեն ևս մեկ անգամ ընդդիմադիր շարժում ղեկավարել։ Մեկ անգամ սխալ մարդկանց հետ քաղաքական ճանապարհ սկսելուց հետո, համոզված եմ, Օհանյանն ինքն իր համար վերլուծած կլինի, որ պետք չէ զինվորական անցյալը փոխարինել ներկա քաղաքական իրավիճակներով։

Ներկա քաղաքական ուժերին հարկավոր է նախկին նախարարի անունը և տարիների ընթացքում ձեռք բերած հեղինակությունն իրենց քաղաքական խաղերը խաղալու համար։ Իսկ այդ ամենից՝ նմանատիպ խաղերը տանուլ տալուց հետո միակ տուժողը լինելու է հենց Օհանյանը, քանի որ մնացածը վաղուց այդ կեղտոտ քաղաքական խաղերի մեջ բազմիցս մտել և դուրս են եկել։

Օհանյանը ժամանակին մերժել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկն, ու Հայաստանում չկա այդպիսի պաշտոն, որը այժմ կարող է հետաքրքրի կամ արժանի լինի նախարարի պաշտոնից հեռացած գեներալին։ Մանավանդ այն հանգամանքում, որ այժմ ընդդիմադիրների գրեթե բոլոր քայլերը ուղղված են միայն ձախողման կամ պարզապես ժողովրդի աչքին թոզ փչելուն։

Վերջապես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարարը ավելիին է արժանի ու չպետք է իր քաղաքական գործունեությամբ փողոցներում ցույցեր գլխավորի, մանավանդ շատերը Օհանյանին ընդհանրապես չեն տեսնում ընդդիմադիր գործիչի կեցվածքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել