ՀՀ զինված ուժերի 2018-2024թթ.-ի արդիականացման ծրագիրը բազմաշերտ ռազմավարություն է, որը հաջող կյանքի կոչման դեպքում հայոց բանակը բարձրացնելու է որակապես նոր մակարդակի վրա` «smart» («խելացի») բանակի` ավելի պրոֆեսիոնալ անձնակազմով ու ժամանակակից զինատեսակներով հագեցած։
Ռազմավարության մեջ առաջնային տեղ է հատկացվում Ադրբեջանի միլիտարիզացիային ու լայնածավալ պատերազմական գործողությունների զսպմանը։ Ադրբեջանական բանակին նախատեսվում է անհամաչափ, ցավոտ հարվածներ հասցնել ռազմավարական խորության վրա` թույլ չտալով ռազմական բռունցքի ձևավորում ու կենտրոնացում Արցախի ու ՀՀ-ի սահմանների երկայնքով։
Այդ նպատակով նախատեսվում է գնել նոր գերճշգրիտ զինատեսակներ ու բարձրացնել առկա զենքերի խոցման հեռահարությունը։ Հաշվ առնելով Ադրբեջանի էներգետիկ-տրանսպոտրտային լոգիստիկայի առկայությունը, որն անցնում է ՀՀ-ի ու Արցախի սահմանների երկայնքով այդ ամբողջ համալիրը, դրան գումարած նավթագազային ռեսուրսներն ու օբյեկտները կարող են հարվածի տակ դրվել` Արցախի ու նրա ժողովրդի բնաջնջման վտանգի առկայության պայմաններում։
Նախատեսվում է նաև հագեցնել առաջնագիծն ու ապահովել առաջնագծի զինվորների առավել անվտանգ ծառայությունը դիվերսիոն ներթափանցումների կանխման ու ակտիվ պաշտպանության ապահովման միջոցով։ Առավել մեծ լիազորություններ են իջեցվելու բանակի ստորին օղակներին` իրավիճակից ելնելով ինքնուրույն գործելու ու օպերատիվ կերպով հակառակորդի շարժին ու կուտակումներին հակահարվածներ հասցնելու համար։
Բացի այդ՝ ՀՀ զինված ուժերի 2018-2024թթ.-ի արդիականացման ծրագրում խոսվում է բազմաֆունկցիոնալ օդուժի ստեղծման մասին․ Ադրբեջանի օդուժը համալրված է կործանիչներով, ինչպես նաև հարվածային ուղղաթիռներով․ օդում բալանսը վերականգնելու առումով այդ քայլը նույնպես կարևոր է։ ՀՕՊ-ի ուժեղացմանը զուգահեռ օդուժի համալրումը լուրջ քայլ է ու բանակում այդ բաղադրիչի ամրապնդումը կտա իր ցանկալի արդյունքները մարտի դաշտում։
Հատուկ շեշտվում է սպառազինությունների մրցավազքի մեջ չմտնելու հանգամանքը։ Բաքվի նպատակն է ստիպել Երևանին ու Ստեփանակերտին մեծ գումարներ հայթայթել ու դրանք ուղղել նոր զինատեսակների գնմանը` «հյուծելով» երկրների բյուջեները։
Նշվում է, որ ՀՀ-ն շարունակելու է ռազմա-տեխնիկական համագործակցությունն ավանդական դաշնակից ՌԴ-ի հետ․ Մոսկվայից արտոնյալ պայմաններով ու գներով նորագույն զինատեսակների գնումն առավել լավ պատասխան կլինի Բաքվի «հյուծիչ» ռազմավարությանը։ Բացի այդ՝ նախատեսվում է ստեղծել բազմապրոֆիլ ռազմական արդյունաբերական համալիր։ Այն պետք է սպասարկի թե՛ բանակին, թե՛ երկրի տնտեսական զարգացման մի շարք ճյուղերի համար լրացուցիչ խթան ու «պատվերներ» իջեցնող դառնա։
Հայրենական ռազմաարդյունաբերական համալիրը թույլ կտա պատրաստել կադրեր բանակի համար`զինված ուժերը համալրվելու են ժամանակակից զինգիտելիքներով զինված անձնակազմով`պայմանագրային ծառայության հատվածն ավելի է մեծանալու, կանայք նույնպես ներգրավելու են մի շարք ոլորտներում, ինչը նորություն է, իսկ դրա դրական փորձն ունի Իսրայելը։
Բանակի նկատմամբ մեծանալու է հանրային վերահսկողությունը`բանակի նկատմամբ հարգանքն ու ուշադրությունը դառնալու են ուղղորդիչ հասարակության համար`ռազմական էլիտայի կերտման գործում նույնպես մեծ տեղ է հատկացվում`ռազմական համալսարանները պատրաստելու են մասնագետներ բանակի բոլոր ստորաբաժանումների համար։
Ակտիվ պայքար է մղվելու կոռուպցիոն երևույթների դեմ`գնումների էլեկտրոնային համակարգի ներդրում, թափանցիկ աշխատանք և այլն։
Կարևորագույն բաղադրիչը, որն ամրագրված է ՀՀ զինված ուժերի 2018-2024թթ.–ի արդիականացման ծրագրում, վերաբերվում է ակտիվ պահեստազորին`արտագաղթի պայմաններում պահեստազորի, թիկունքի պահպանումը շատ կարևոր է`ռեզերվիստները պետք է անցնեն հատուկ կուրսեր և անհրաժեշտության դեպքում կանգնեն զինված ուժերի կողքին։ Ակտիվ պահեստազորը կարող է անհրաժեշտության դեպքում հասնել մարտական գործողությունների այն վայրեր, որտեղ կզգացվի մարդկային համալրման կարիքը։
Այսպիսով, տարիների ընթացքում ՀՀ զինված ուժերը պետք է դառնան ավելի պրոֆեսիոնալ`ռեսուրսների ճիշտ կառավարման արդյունքում Ադրբեջանի քանակական առավելությունը չեզոքացվելու ռազմավարությունից ելնելով։ ՀՀ զինված ուժերի 2018-2024թթ.–ի արդիականացման ծրագիրը պետք է նպաստի «smart»(«խելացի») բանակի ձևավորմանը`«խելացի» հասկացողությունը վերաբերվում է առկա տեխնոլոգիաներին, նոր կադրերին ու ռեսուրսային նոր բազաներին`ռազմարդյունաբերական սեփական համալիր, ռազմակրթական նոր որակ(դպրոց–ԲՈւՀ–բանակ) և այլն: