Նախօրեին ՌԴ-ում տեղի ունեցան նախագահական ընտրություններ. ընտրության արդյունքը հայտնի է, այն, ըստ էության, հայտնի էր նույնիսկ ընտրությունից առաջ, պարզապես ինտրիգն այն էր, թե քանի տոկոս է գրանցելու նախագահ Պուտինը: Պուտինի թիմն ապահովեց այն նշաձողը, որը սահմանել էր Ռուսաստանի նախագահը. ընտրություններին մասնակցությունն աննախադեպ բարձր էր` մոտ 70%, Պուտինը ստացել է 76,6%-ից ավելի ձայներ` երկու հեղինակավոր էքզիտ-փոլերի և քվեների 20%-ի պաշտոնական հաշվարկի արդյունքներով:
Փաստացի, Պուտինը համոզիչ հաղթանակ է տանում` ստանալով մոտ 47-48 միլիոն ձայն` 2-3 միլիոն քվեով գերազանցելով 2012թ․-ի իր ցուցանիշները: 2012-ի հետ համեմատությունը պատահական չէ, որովհետև նախագահական վերջին ընտրություններին հետևել են Ղրիմի 2014-ի դեպքերը:
Սա ամենևին պատահական հանգամանք չէ հենց 2012-ի համեմատությամբ, որովհետև դա նրա վերադարձի տարին էր, որը Ռուսաստանում ամենևին անհարթ չանցավ: 2011 թվականի Պետդումայի ընտրությունից հետո Ռուսաստանում տեղի ունեցան մի քանի խոշոր հանրահավաքներ, ծավալվում էր շարժում «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակի դեմ: Պուտինը վերադառնում էր ահա այդ ֆոնին, և շատ փորձագետներ Պետդումայի ընտրությունից հետո ծավալվող այդ շարժման հետևում տեսնում էին իշխանության որոշ թևերի աջակցությունը՝ Պուտինի վերադարձի վրա ազդելու, այն թույլ չտալու, Մեդվեդևին պահելու համար:
Պուտինն, ընտրությունների արդյունքներով, աշխարհին ցույց տվեց, որ ռուսաստանցիների շրջանում անցած հինգ տարիներին ավելացել է իր համակիրների թիվը, կարճ ասած` այսօր Պուտինը լեգիտիմացրեց գլոբալ հավակնություններ ունեցող Ռուսաստանի հայտը: Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի ամբողջ քարոզարշավը կառուցված էր հենց այս թեզի վրա, որ Ռուսաստանը ոչ թե ռեգիոնալ, այլ գլոբալ գերտերություն է: Դրան էր ուղղված Պուտինի «միլիտարիստական» քարոզարշավը` մարտի 1-ի սկանդալային և էպատաժային ելույթով:
Ռուսաստանի իսթեբլիշմենթում շահերի բախումն ու պայքարը, ըստ էության, ավելի են խորացել այս տարիների ընթացքում, ստացել են ավելի թեժ բնույթ, ինչն արտահայտվել է նույնիսկ կապիտալի վերադասավորման և վերաբաշխման կոշտ գործընթացներով: Այդ ամենի կատալիզատորի դեր են խաղացել աշխարհաքաղաքական դիմակայությունն ու ՌԴ հանդեպ պատժամիջոցները, Պուտինի հետ անմիջական առնչություն ունեցող շրջանակների հանդեպ պատժամիջոցները, տնտեսական կորուստները, ռեսուրսների սղությունը: Այս իրավիճակում, սակայն, Պուտինը հավաքում է ավելի շատ ձայն՝ մոտ 80 տոկոս:
Թվում է, թե 80 տոկոսանոց Պուտինը նշանակում է առավել հնչեղ պատասխան Արևմուտքին, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը կշարունակի կոշտ դիմակայությունը: Մյուս կողմից, սակայն, նաև այստեղ է հարցը, թե ինչ է իրենից ներկայացնում այդ 80 տոկոսը, և եթե Պուտինն այսբերգի տեսանելի մասն է, ի՞նչ կա այսբերգի անտեսանելի մասում, և արդյո՞ք, Պուտինի առերևույթ կոշտ գծով հանդերձ, այսբերգի անտեսանելի մասում տեղի չեն ունենա առավել դյուրահալ գործընթացներ:
Հ.գ. Ռուսական առաջնորդների մոտ կա ստանդարտ ընդունված պրակտիկա. ընտրությունների նախաշեմին բարձրացվում են կենսաթոշակները, նույնը կատարեց նաև Պուտինը: 1996թ. Ելցինն ընտրություններից առաջ իրականացրեց կենսաթոշակային բարեփոխումներ, իսկ ընտրություններից մի ամիս առաջ կրկնապատկեց նվազագույն կենսաթոշակը: 2000թ. սկզբին գործող նախագահ Պուտինն առաջին ընտրություններից մեկ ամիս առաջ բարձրացրեց թոշակները 20 տոկոսով։ 2008թ․ նախագահի թեկնածու Մեդվեդևի ընտրվելուց առաջ նախագահական հրամանագրով ավելացան վետերանների նպաստները, և բոլոր կենսաթոշակառուների համար մեկ անգամ լրացուցիչ կենսաթոշակ վճարվեց: Իսկ 2012 թ. Պուտինի վերընտրվելուց առաջ կենսաթոշակները վերանայվեցին՝ հօգուտ տարեցների։ Սակայն մեկ տարի անց այն չեղարկվեց։