Մարտի 14-ին «Գրանդ հոթել Երևան»-ում տեղի ունեցավ Հայաստանի ամենաառաջատար կայքերից մեկի՝ Tert.am լրատվականի հիմնադրման տասնամյակը: Հրավիրվածների և հյուրերի շարքում էին քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, լրագրողներ, մտավորականներ, փաստաբաններ, ինչպես նաև շոուբիզնեսի ներկայացուցիչներ: Միջոցառման սկզբում կայքի ղեկավար Արամ Անտինյանը նշեց, որ սա շատ լավ առիթ է ոչ թե շնորհավորանքներ ընդունելու, այլ՝ շնորհակալություն հայտնելու՝ իրենց հանդեպ տարիներով ձևավորված վստահության և հավատարմության համար: Իսկ հյուրերն իրենց շնորհավորական ելույթների ժամանակ նշում էին, որ օրը սկսում են Tert.am ընթերցելով:
Խմբագրակազմը բավականին հետաքրքիր կերպով էր պատրաստվել միջոցառմանը. երեկոյի ընթացքում նվերներ և շնորհակալագրեր հանձնեց թվով 13 անվանակարգում լավագույնը ճանաչված անձանց. «Տնտեսական ոլորտի լավագույն մեկնաբան»՝ Բագրատ Ասատրյան, «Քաղաքական ոլորտի լավագույն մեկնաբան»՝ ՀՀ քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյան, «Իրավական ոլորտի լավագույն մեկնաբան»՝ ԱԺ պատգամավոր, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, Նախարարների կոմիտեում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գևորգ Կոստանյան, «Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով լավագույն մեկնաբան»՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը, «Ամենասուր հարցազրույցները տվող ընդդիմադիր գործիչ»՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան, «Ամենասուր հարցազրույցները տվող իշխանական գործիչ»՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, «Tert.am-ին ամենից հաճախ հարցազրույցներ տվող գործիչ»՝ Թևան Պողոսյան, «Ամենապատրաստակամ քաղաքական գործիչ»՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյան, «Ամենաօպերատիվ արձագանքող»՝ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյան, «Ամենահասանելի դեսպան»՝ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզ, «Ամենապատրաստակամ փաստաբան»՝ Երվանդ Վարոսյան, «Tert.am-ի բարեկամ»՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյան, «Կոլեգա, ում հետ Tert.am-ն ամենաշատն է համագործակցում»՝ «Արմենպրես»: