Մարիխուանան ամենատարածված թմրանյութերից մեկն է, որը հատկապես տարածված է դեռահասների և երիտասարդների շրջանում։ Շատ մարդիկ, ովքեր պարբերաբար օգտագործում են այս թմրանյութը, պնդում են, որ այն վնասակար չէ առողջության համար, չի առաջացնում կախվածություն և նույնիսկ օգնում է զարգացնել կրեատիվ մտածելակերպ։ Բնականաբար, դա որոշ չափով ճիշտ է. մարիխուանան ունի մի շարք կարճաժամկետ առավելություններ, սակայն դա մեդալի միայն մեկ կողմն է։ Մշտապես հիշեք, որ կյանքում ամեն ինչ իր արժեքն ունի։ Բացառություն չէ նաև մարիխուանան, քանի որ այն մի շարք հետքեր է թողնում մտավոր և մարմնական առողջության վրա։

BlogNews-ը որոշել է բացահայտել, թե ինչ վատ ազդեցություն է թողնում մարիխունայի պարբերական օգտագործումը, և ևս մեկ անգամ նախազգուշացնել, որ թմրամիջոցները՝ նույնիսկ ամենաթույլ և անվնաս, անվերապահորեն տանում են դեպի կախվածություն և կործանում։

Կարճաժամկետ ազդեցություն

Խելացնորություն (պարանոյա)


Սա ծանոթ է այս թմրանյութն օգտագործող բոլոր մարդկանց։ Մարիխունայի ազդեցության տակ գտնվող մարդիկ կարող են կենտրոնանալ ընդամենը մեկ բանի վրա, որը խառնաշփոթ կառաջացնի նրանց գլխում և կստիպի ոչ ադեկվատ քայլերի գնալ՝ ներքին հանգստությունը վերականգնելու համար։ Այս զգացումը կարող է պահպանվել օգտագործելուց մի քանի օր հետո ևս և մեծ անհարմարություն պատճառել։

Կոորդինացիայի կորուստ


Այս թմրանյութն օգտագործելուց հետո մարդկանց մոտ կորչում է տարածության և ժամանակի զգացումը։ Տարբեր մարդկանց մոտ սա արտահայտվում է տարբեր չափաբաժիններով, սակայն սա ոչ այդքան ցանկալի զգացողություն է։

Սրտի արագ աշխատանք


Ծխելու պահից սկսած 3 ժամ շարունակ մարիխուանան արագացնում է սրտի աշխատանքը։ Այս փոփոխությունն առավել ակնհայտ է օգտագործման պահից սկսած մեկ ժամ շարունակ։ Այս ընթացքում սրտի կաթված ստանալու հավանականությունը մեծանում է  5-7 անգամ։

Երկարաժամկետ ազդեցություն

Թոքերի ախտահարում


Մարիխուանայի ծուխը շատ քիչ է տարբերվում ծխախոտի ծխից։ Ցանկացած պարագայում այն չափազանց վատ հետք է թողնում շնչառության վրա։

Հիշողության կորուստ


Մարիխուանայի պարբերական օգտագործումն առաջացնում է հիշողության անկում։ Շատ մարդիկ տառապում են այս ախտանիշով և չեն կարողանում նորմալ կյանք վարել անընդհատ ինչ-որ բաներ մոռանալու պատճառով։

Կախվածություն


Նույնիսկ համեղ ուտեստներն են կախվածություն առաջացնում մարդկանց մոտ, և առհասարակ, յուրաքանչյուր հաճելի բան կախվածություն է առաջացնում։ Բացառություն չէ նաև մարիխուանան։ Երբեք մի՛ հավատացեք, որ դա չի առաջացնում կախվածություն։ Ֆիզիոլոգիական կախվածությունը բացակայում է, սակայն գրեթե բոլոր դեպքերում առաջանում է հոգեբանական կախվածություն, որից ազատվելը շատ ավելի բարդ է, քան ֆիզիոլոգիականից։

Հոգեբանական շեղումներ


Երկար ժամանակ այս թմրանյութն օգտագործող մարդկանց մոտ առաջանում են հոգեբանական շեղումներ, նրանք ագրեսիվ և պարփակված են դառնում։

Ամփոփելով այս ամենը՝ մենք հորդորում ենք բոլորին՝ հատկապես երիտասարդ տղաներին և աղջիկներին, հեռու մնալ բոլոր տեսակի թմրանյութերից և նույնիսկ չփորձել դրանք, քանի որ հետևանքները կարող են անդառնալի լինել։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել