Երջանկության միջազգային ինդեքսը տարբեր երկրներում մարդկանց բարեկեցությունն ու շրջակա միջավայրի վիճակը պատկերող հետազոտություն է: Առաջին World Happiness Report-ը հրապարակվել է 2012 թ․ ապրիլ ամսին՝ ՄԱԿ-ի երջանկության կոնֆերանսի ժամանակ:
Օրերս մասնագետները ներկայացրել են երջանկության մասին հերթական միջազգային հաշվետվությունը: Զեկույցում մասնագետները 156 երկրի գնահատել են մի քանի ֆակտորներով՝ կյանքի երկարատևությամբ, սոցիալական վիճակով, կոռուպցիայով: Ռեյթինգային աղյուսակը կազմելիս հետազոտողները հաշվի են առել այն ցուցանիշները, օրինակ՝ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, գործազրկությունը, գնաճը:
Առաջին հորիզոնականում Ֆինլանդիան է, երկրորդում` Նորվեգիան: Զեկույցում ընդգծվում է, որ Ֆինլանդիայում ապրում է 300 հազար ներգաղթյալ: Հիմնականում գալիս են եվրոպական երկրներից, սակայն կան նաև Աֆղանստանից, Չինաստանից, Իրաքից և Սոմալիից:
Լավագույն երկրների ցանկում են նաև Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Շվեդիան և Ավստրալիան: Նշենք, որ Միացյալ Նահանգները գտնվում է 14-րդ հորիզոնականում:
Հայաստանը գտնվում է 129-րդ հորիզոնականում, Վրաստանը 128-րդ տեղում է, Ադրբեջանը` 87-րդ: