2018 թ-ի փետրվարի 25-ին, քրիստոնեական ամենամեծ սրբավայր՝ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը, փակել էր իր դռները ի նշան նոր օրենքի դեմ բողոքի, որով պետությանը թույլ էր տրվում եկեղեցուց հողատարածքներ բռնագրավել: Վերջին 100 տարվա ընթացքում սա առաջին դեպքն էր, երբ տաճարի դռները փակվում էին քաղաքական դրդապատճառներով:
Քրիստոնյա համայնքների բողոքը Երուսաղեմի քաղաքապետարանի նոր որոշման դեմ էր, որով քրիստոնեական համայնքներից պահանջվում էր նաև հարկ վճարել եկեղեցիների և վանքերի համար, ինչից քրիստոնեական եկեղեցիները դարեր շարունակ ազատված են եղել:
Սուրբ Հարության տաճարի երեք իրավատեր համայնքների հոգևոր պետերը՝ Երուսաղեմի Հայ Պատրիարրքը, Հույն Պատրիարքը և Ս. Երկրի Քուստոսը, ի նշան այդ որոշման դեմ բողոքի՝ փակեցին Ս. Հարության տաճարի դուռը և դռան առջև ընթերցեցին երեքի կողմից ստորագրված հայտարարությունը: Նրանք բողոքում էին նաև Իսրայելի Քնեսետում առաջադրված մի օրինագծի դեմ, որով պետությանը իրավունք էր տրվելու բռնագրավել եկեղեցապատկան այն կալվածքները, որոնց վարձակալությունը կտրվեր անհատ ձեռներեցների և չէր վավերացվի Քնեսետի կողմից:
Կաթոլիկ, Հույն ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցիների ներկայացուցիչները այս առթիվ հանդես էին եկել ասուլիսով և հայտարարել. «Սարսափելի այս օրինագիծը, եթե հավանության արժանանա, թույլ կտա բռնագրավել եկեղեցական կալվածքները: Մեզ դա հիշեցնում է բոլոր այն նման օրենքները, որոնք եվրոպական Մութ դարերին ընդունվել են հրեաների դեմ»:
Մինչդեռ օրինագծի կողմնակիցները պնդում էին, որ դրա հիմնական նպատակը իսրայելցիներին պաշտպանելն է, որոնք ապրում են նախկին եկեղեցական տարածքներում, որոնք այսօր վաճառվել են անհատ ձեռներեցների:
Իսկ Երուսաղեմի քաղաքապետ՝ Նիր Բարքաթը անդրադառնալով բողոքին՝ ասել է. «Եկեղեցիներն ու աղոթատեղիները ազատված են սեփականության հարկերից, և դա այդպես էլ կմնա: Սակայն ի՞նչ իմաստ կա նրանում, որ առևտրային տարածքը, որի վրա կառուցված են հյուրանոցներ և խանութներ, ազատված լինեն հարկից միայն այն պատճառով, որ պատկանում են եկեղեցուն: Երկար տարիներ պետությունը թույլ չի տվել քաղաքապետարանին այս տարածքներից գանձել պարտքերը... Ես թույլ չեմ տա, որ Երուսաղեմի քաղաքացիները վճարեն այդ պարտքերը»,- գրել է Jerusalem Post օրաթերթը:
2018 թ-ի փետրվարի 28-ի առավոտյան իրավատեր երեք եկեղեցիների ներկայացուցիչների կողմից վերաբացվեցին Սուրբ Հարության տաճարի դռները՝ վերջ դնելով եռօրյա բողոքի ակցիային: Քաղաքապեարանի հաշվարկների համաձայն՝ եկեղեցիները քաղաքային բյուջեին պարտք են ավելի քան 186 մլն դոլար:
Հոգևոր պետերը տարածած հայտարարության մեջ շնորհակալություն են հայտնել երկրի վարչապետ՝ Բենյամին Նաթանյահուին՝ խնդրի վերաբերյալ «կառուցողական միջամտություն» ցույց տալու համար՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցել փոխզիջման տարբերակ գտնելու ուղղությամբ աշխատող միջկառավարական աշխատանքային խմբի հետ:
Բացի այդ՝ Իսրայելը համաձայնել է զիջման գնալ եկեղեցիների հետ ևս մի վիճահարույց հարցում՝ սառեցնելով հողերի օտարման մասին օրինագիծը: