Աշխարհիկությունը մի սկզբունք է, որը ներառում է երկու հիմնարար պնդում: Առաջին պնդումն է, որ պետությունը պետք է կրոնական հաստատություններից անջատ լինի: Երկրորդը՝ տարբեր կրոնների և հավատալիքների տեր մարդիկ հավասար են օրենքի առջև:
Կրոնի բաժանումը պետությունից
Պետությունից կրոնի բաժանումը աշխարհիկության հիմքն է: Դա երաշխավորում է պետության գործերին կրոնական խմբերի չմիջամտելը և ապահովում է կրոնական գործերում պետության չեզոքությունը:
Աշխարհիկությունը պաշտպանում է և՛ հավատացյալներին, և՛ հավատք չունեցողներին
Աշխարհիկության նպատակն է հաստատել և պաշտպանել կրոնական հավատի ազատությունն ու դրա արտահայտումը բոլոր քաղաքացիների համար: Աշխարհիկության իմաստը կրոնական հավատքի մակարդակը նվազեցնելը չէ. իմաստն է երաշխավորել մտքի ու բանականության ազատության կիրառումը հավատացյալների և ոչ հավատացյալների համար հավասարապես:
Կրոնական ազատություն
Աշխարհիկության նպատակն է կրոնական և այլ հավատալիքների կատարյալ ազատությունը, և այն պաշտպանում է կրոնական հավատալիքը ցուցադրելու իրավունքը այնքան ժամանակ, քանի դեռ այդ գործընթացը անհամաչափորեն չի ընդհարվում այլոց իրավունքների և ազատությունների հետ: Աշխարհիկությունը երաշխավորում է մշտական համաչափություն (1) անհատների կրոնական ազատության և (2) անհատների՝ կրոնից ազատ լինելու իրավունքների միջև:
Աշխարհիկություն նշանակում է ժողովրդավարություն և արդարություն
Աշխարհիկ ժողովրդավարության համաձայն` բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի և Ազգային ժողովի առջև: Ոչ մի կրոնական կամ քաղաքական միավորում չի ստեղծում (այլոց համար) բարենպաստ կամ անբարենպաստ պայմաններ, իսկ կրոնավոր հավատացյալները դիտարկվում են որպես նույն իրավունքներն ու պարտավորություններն ունեցող քաղաքացիներ, ինչպես որ մյուսները:
Աշխարհիկությունը առաջադրում է մարդու իրավունքները ի հակադրում խտրական կրոնական պահանջների: Աշխարհիկությունը խրախուսում է հավասարություն հաստատելուն միտված օրենքներ, որոնք պաշտպանում են կանանց, ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) մարդկանց և փոքրամասնություններին: Հավասարության պաշտպանության այս օրենքները երաշխավորում են միևնույն իրավունքներ հավատ չունեցողների և կրոնական կամ փիլիսոփայական հավատ ունեցողների միջև:
Հանրային ծառայություններից օգտվելու հավասար հնարավորություններ
Բոլորս էլ օգտվում ենք հիվանդանոցների, դպրոցների, ոստիկանական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող ծառայություններից: Խիստ կարևոր է, որ հանրային այս ծառայությունները լինեն աշխարհիկ, որպեսզի ոչ ոք վնաս չկրի, ոչ էլ կրոնական հավատալիքների (կամ դրանց բացակայության) հիման վրա մերժվի հանրային ծառայություն մատուցելը: Պետության կողմից ֆինանսավորվող բոլոր դպրոցներն իրենց բնույթով պետք է լինեն անկրոն (աշխարհիկ), իսկ երեխաները պետք է բոլորը միասին կրթություն ստանան՝ անկախ նրանց ծնողների կրոնից: Երբ որևէ հանրային մարմին ծառայություններ տրամադրելու պայմանագիր է տրամադրում մի կազմակերպության, որը կապված է որևիցե մասնավոր կրոնի կամ հավատի հետ, ապա ծառայությունները պետք է տրամադրվեն չեզոք ձևով՝ առանց փորձելու քարոզել տվյալ կրոնական խմբի գաղափարները:
Աշխարհիկությունն աթեիզմ չէ
Աթեիզմը աստվածների նկատմամբ հավատի բացակայությունն է: Աշխարհիկությունն ուղղակի կառուցվածք, համակարգ է տրամադրում ժողովրդավարական հասարակության համար: Աթեիստներն ակնհայտորեն հետաքրքրված են աշխարհիկությունը սատարելու մեջ, սակայն աշխարհիկությունն ինքն իրենով ցանկացած կրոնի կամ հավատքի դրույթները հարցաքննելու, ոչ էլ ինչ-որ մեկին աթեիզմ պարտադրելու նպատակ չի հետապնդում:
Աշխարհիկությունն ուղղակի համակարգ է հասարակության մեջ քաղաքականության, կրթության, օրենքի և այլ բնագավառներում հավասարություն ապահովելու գործում և՛ ինչ-որ բանի հավատացողների, և՛ ինչ-որ բանի չհավատացողների համար:
Աշխարհիկությունը պաշտպանում է խոսքի և արտահայտման ազատությունները
Կրոնավոր մարդիկ իրենց հավատալիքները հանրայնորեն ցուցադրելու իրավունք ունեն, ինչպես որ այդ իրավունքն ունեն նրանք, ովքեր հակառակվում են կամ հարցականի տակ են դնում այդ հավատալիքները: Կրոնական հավատալիքները, գաղափարներն ու կազմակերպությունները չպետք է վայելեն արտոնված պաշտպանություն արտահայտման իրավունքի պարագայում: Ժողովրդավարական հասարակարգում բոլոր գաղափարներն ու հավատալիքները պետք է բաց լինեն քննարկման համար: Անհատներն ունեն իրավունքներ, իսկ գաղափարները՝ ոչ:
Աշխարհիկությունը լավագույն հնարավորությունն է ստեղծելու համար մի հասարակություն, որտեղ կրոն ունեցող և կրոն չունեցող բոլոր մարդիկ կարող են ապրել միասին, արդարության և խաղաղության մեջ:



