Ժողովուրդ, շիրիմիս մոտ կանգ առ մի պահ, բան ունեմ ասելու: Լավ մտածիր ու նոր արա այն, ինչ ուզում էիր անել, տասը չափիր՝ մեկը կտրիր: Էս որ բոլորդ էսպես ոտքի կանգնել ու ձեն ձենի տված գնում եք Հայաստանից, բա չե՞ք ասում` էս ի՞նչ ենք անում մենք: Ո՞վ է մշակելու էս հողը, խնամելու այգիները, պահպանելու սահմանները, երգ հորինելու, հեզաճկուն պար բռնելու, տղավարի կոխ կպնելու, ու էլ ո՞ր մեկն ասեմ կամ թվեմ: Ախր մեղք է մեր նախագահը, էլ ու՞մ վրա է իշխելու, նա էլ չի կարողանա ասի՝ Հայաստանը դու ես: Տեսա՞ք՝ նա ասաց, բոլորդ էլ ելաք, որ հեռանաք: Բա առանց ձեզ հանրահավաք ո՞վ է անելու, պարապ ականջ էլ չեն գտնի, ու՞մ են խոսելու, հասկանու՞մ եք դա: Բա էդ անելու՞ բան է, որ դուք անում եք: Բա մեր օլիգարխները, ո՞վ է նրանց համար աշխատելու, թու՞րքը, էս խիղճներդ կորցրե՞լ եք: Բա դուք որ չանեք նրանց համար էդ սև գործը, ախր կնիհարեն, կխռովեն ու մեկ էլ տեսար ելան ու նեղացած գնացին Հայաստանից, բա կարո՞ղ է, ժողովուրդ, դուք եք էս երկրին տիրություն անելու, որ մունաթ եք գալիս խեղճերի վրա: Լսեք, ժողովուրդ, գիտեք էդ խեղճ զինվորականներին մեղքս գալիս է, անընդհատ կռիվ-կռիվ են խաղում, ե՞րբ են մեծանալու: Դե դուք, որ գնացիք էստեղից, ո՞վ է նրանց համար բանակին զինվոր տալու: Էլ չեն կարողանա հրամաններ տալ, զինվոր ծեծել, սպանել: Է՜, էլ պագոնի աստղերով նշան-նշան չեն խաղա: Վայ, բա մեր վարչապետը, լավ տղա է, նա գիշեր-ցերեկ կուզը ծռած թվերի հետ է կռիվ տալիս, որ ձեզ լավ լինի, տեսնում եք, տարին տարու վրա լավանում է, էլ ի՞նչ եք ուզում, յա, գիտեք` հե՞շտ է թիվը թվին բերել, դուք որ գնաք, բա միջազգային բանկերից վերցված վարքերն ո՞վ է փակելու, հո՞ չես ասի վիլաններդ ծախի՝ փողը փակվի: Ես զարմանում եմ: Անընդհատ գոչում էին աղանդավորները, աղանդավորները, բա ու՞ր են նրանք: Ախր ասում էին մեզ` միաբանվեք, մեկ ազգ լինենք, ուժեղ, էս բոլորդ խառնվել եք իրար ու միասին ոտքներդ մեկ կոշիկի մեջ դրած հեռանո՞ւմ եք: Դե էստեղ հոգևորականներն էլ աղմկելու բան չեն ունենա, գոնե նրանց էլ տարեք ձեր հետ, էնտեղ ձեզ պետք կգան: Այսինքն՝ էստեղ ինչ արին, որ հիմա էնտեղ ինչ-որ բան անեն, բացի ձեզ իրար խառնելուց: Հա, ժողովուրդը իմաստուն է, դուք իրար հետ լեզու եք գտնում, իսկ մնացածը դրսի պատ: Ասում ես կամաց, կլսեն, է, թող լսեն, ինձ ի՞նչ կանեն, ես արդեն մեռած եմ: Ի դեպ, 20 ամյակդ շնորհավոր: Ջահել ես դեռ, ապագադ` առջևում: Հուսով եմ` ընտրել ես, թե ինչպիսին ես լինելու և ապագայում որտե՞ղ ես ապրելու: Կներես հարցիս համար, այ, ասում են` հազարավոր տարիներ առաջ ես դու եղել, բա էդ ինչպե՞ս է ստացվում, որ հիմա նոր ես ազատության տոնում, այն էլ 20 ամյակ: Մի՞թե քեզ գերի են պահել այդքան երկար ժամանակ: Խեղճ, մեղքս գալիս է քեզ: Իսկ ինչպե՞ս է հիմա, դե ես ի նկատի ունեմ լույսի, ջրի, գազի հարցը, դե մյուս բաների համար էլ չհարցնեմ: Ասում են` քոնը չէ, բայց էլ ինչո՞ւմ է քո ազատությունը, երբ ամեն բանով կախված ես ուրիշներից: Չպետք է հարցնեի, երևի ցավեցրի քեզ, հա՞: Ժողովուրդ, փորձում եմ մտովի պատկերացնել, թե ի՞նչ տեսք կունենա մեր երկիրն առանց ձեզ, դատարկ վիճակում, բայց չի ստացվում: Չեմ հավատում, որ դուք կարող եք էդպես վարվել: Սիրելիներս, ձեզ նեղացրել են, նվաստացրել, հասկանում եմ ձեզ, ո՞վ լիներ ձեր փոխարեն, որ չնեղանար: Բայց, դե արի ու տես, որ առանց ձեզ այստեղ կյանք չկա: Երկիրը երկիր չէ առանց ձեզ, ախր մյուսներից էլ ինչպե՞ս է տարբերվելու: Երբ ասում են հայ, հասկանում են Հայաստան, երբ ասում են Հայաստան, հասկանում են Հայ: Դուք եք այս երկրին համ տվողը, դուք եք նրա ջրին օխայ ասողը: Առանց քո երջանիկ ծիծաղի չի ծաղկի խնձորենին, ծիրանենին, թզենին ու նռենին: Խաղողն էլ իր քաղցրությունը չի տա, ու ցորենն իր դեղին հասկով քեզ ողջույն չի ասի, քամին պարապ ու տխուր իր սառնությամբ կփչի, արեգակն էլ կխամրի, ու մեր Մասիսը կմեռնի: Ես շատ եմ սիրում էն ծիրանեփողի ձայնը, ո՞նց է հնչում էդ դուդուկը, մոտս կանգնած մարդիկ բոլորը լացում էին, դե ես էլ կլացեի, բայց արդեն արտասուքներս չորացել են էս երկրի վրա լացելուց: Դուդուկ ասի՝ Ջիվանին հիշեցի: Էն օրը աշուղ Ջիվանին տեսա, խոսքի բռնվեցինք: Ասում է, այ մարդ, բան չի փոխվել, էլի նույնն են: Իրենք ուտելու բան չունեն, յոթ հատ վանք են շինել՝ խելքի աշեցեք: Դե ասում եմ, համբերի էլի այ մարդ` կփոխվեն: Մեր պապերը մի լավ խոսք ունեին, ասում էին,- սա մեր երկիրն է ու մեր մեռելներն այստեղ, ու՞ր գնանք այստեղից: Ախր, դուք եք այս երկրի գինը, ժողովուրդ ջան՝ սրտով, մտքով ու էությամբ կապակցված այս հողին, ջրին ու արմատացած նրանում: Վայ, ծիծաղս եկավ: Տես ես էլ ուրիշ կերպ եմ արմատացած, մի քանի հարյուր կիլոգրամ ամրան են դրել ու մի քանի կուբ բետոն, հետո էլ բազալտով շրջապատել են ու վրաս գրանիտե տապան դրել, դե ծանր է, բայց ձմեռը չեմ բողոքվում: Բայց գիտես` գլուխ եմ ջարդում, թե ո՞նց եմ հարություն առնելու էսքանից հետո: Էս հողին էլ եմ ափսոսում, ցորեն ցանելու փոխարեն, օր օրի վրա տարածում են էս բետոնե ու բազալտե քաղաքը: Վա՜յ, դուք որ գնացիք, մենք անտեր կմնանք, ու մեզ այցի եկող ու խնամող չի լինի: Դե, մի խոսքով՝ լսիր ինձ, հեռանալդ ելք չէ, դե ինձ մոտ գալդ նույնպես, արի կլինի դու մնա, ապրի, տեր կանգնի քո երկրին, ծաղկեցրու նրան, կառուցիր, շենացրու ու էնպես ապրի, որ բոլորը քեզ երնեկ տան: (Սա հեգնանք է, բայց ոչ երբեք ծաղր: Հավաքական պատկեր ու դառը իրականություն)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել