Հայաստանի իշխանության հանցավոր գործունեության մասին եթե մինչ օրս խոսում էր ընդդիմությունը և ընդդիմախոս լրատվամիջոցներ, որոնցում տպագրվող նյութերն ու դրանց հեղինակներն ուղղակի արժանանում են համակարգված հետապնդումների, ընդհուպ մինչեւ անձնական հաշվեհարդարներ և խոսքի ազատությունն ընդհանրապես բացառող օրենսդրական նախաձեռնություններ, այսօր արդեն Ռուսաստանի լրագրողներն են ահազանգում, որ հայ ժողովուրդը բառացիորեն հարստահարվում է: Ի տարբերություն Հայաստանում դեռևս կենդանության նշույլներ ցուցաբերող ազատ խոսքի ամբիոններից հանդես եկողների վախվորած ու վերապահումներով շարադրված հրապարակումների` ներկայացնում են Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգի բոլոր մասնակիցների գործողությունները, տալիս նրանց հանցավոր նկարագիրը և, որ ամենակարևորն է, հրապարակում նրանց հանցանքը փաստող տվյալներ: «Պետության շահը բառացիորեն ստորադասված է բարձրաստիճան պաշտոնյաների անձնական շահին, ձևավորվել է կազմակերպված հանցագործության աննախադեպ բուրգ, որին ենթակա են իրավապահ մարմինները, արդարադատության համակարգը և Ազգային ժողովը: Ֆինանսաբյուջետային համակարգի պաշտոնական տվյալներին զուգահեռ, գործում են ստվերային ֆինանսական հոսքեր, որոնց շրջանառությունը մի քանի անգամ գերազանցում է բյուջեն: Կարծում ենք, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման պահից պետական կառավարման համակարգ թափանցեց նաև փողոցի կրիմինալը, ինչը հանգեցրեց հանցագործությունների ավելացմանը: «Հայաստանի օլիգարխները փողերի լվացման և կապիտալը երկրից հանելու գործընթացն իրականացնում են Շվեյցարիայում, Կիպրոսում, Լիբանանում, Լիխտենշտեյնում, Մեծ Բրիտանիայում: Սակայն ակնհայտ է նաև փողերը այլ երկրներում լվանալու և «թաքցնելու» միտում: Այդ իմաստով, առաջին հերթին կարելի է առանձնացնել Հարավային Եվրոպայի մի շարք երկրներ՝ Խորվաթիա, Չեռնոգորիա, Իտալիա, Բուլղարիա, Ռումինիա, Հունաստան: Որոշ տվյալներով, այդ շարքում է նաև Թուրքիան՝ անշարժ գույքի ձեռքբերման իմաստով, Իսրայելը՝ «Ապոլիմ» բանկի գործարքներով, և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ՝ Արգենտինա, Բելիզ: Դատելով լրատվական դաշտում առկա տեղեկություններից` ԱՄՆ հատուկ գործակալությունները Հայաստանի օլիգարխների, կոռումպացվածների և նրանց լիազոր ներկայացուցիչների կողմից իրենց երկրում փող լվանալու փորձեր են ֆիքսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել