Ցավով եմ հետևում, թե ինչպես է իրեն ըմբոստ հեղափոխականի տեղ դրած պատկառելի տարիքի մի պարոն հագել Ժաննա դ՛Արկի շորերը, ձեռքն առել հեղափոխության դրոշն ու իր մեջ եղած ողջ ուժով, տաղանդով ու էներգիայով ընկել մի նվազ կնոջ հետևից, ով ինչ-որ ֆիլմեր ու սերիալներ է նկարում ու դրա համար ինչ-որ ուշադրության է արժանացել երկրի բարձրագույն ղեկավարության կողմից:
Ու թեև ինքս ոչ վերոնշյալ կնոջ արվեստի, ոչ էլ Սովետից եկած մեդալներ նվիրելու ինստիտուտի երկրպագուն ու սատարն եմ, ուզում եմ մի երկու խոսք ասել ոչ թե սերիալների ու մեդալների, այլ՝ վաղուց մոռացված մարդկային մի երկու արժեքի մասին:
Կյանքում կան կարմիր գծեր, որոնք անցնել չի կարելի: Ընդդիմադիր ես, իշխանական ես, լիբերալ ես, թե չգիտեմ ինչ... Ոչ մեկին անցնել չի կարելի: Կնոջ վրա ինքնահաստատվել, սեփական հացի հարցը կնոջ հաշվին լուծել, դիվիդենտ հավաքել, հավաքած դիվիդենտով սրան-նրան վաճառվել չի կարելի: Դա ցածր է, մանր է… Անգամ նման պղծված միջավայրի համար, ինչպիսին Ֆեյսբուքն է:
Քեզ հետ նույն շենքում աշխատող կոլեգային գցելու գնով լայքեր հավաքել չի կարելի: Անգամ, եթե այլ ելք չկա, անգամ եթե դա շատ է պետք, անհրաժեշտ է, նույնիսկ մեռնելու չափ պետքական ու կարևոր:
Այսօր՝ Կառավարության շենք, վաղը Պաշտպանության նախարարություն վազել, մեծածախ գներով ստատուսներ գրելու ծառայություններ առաջարկել, իրարամերժ հանձնարարականները սիրով համաձայնել կատարել չի կարելի: Դա սխալ է, ցածր է, մանր է, անգամ եթե հազար երես ունես ու կարմրել վաղուց արդեն չգիտես:
Փողով ֆլեշմոբներ անել, Ֆեյսբուքում թեմաներ մոգոնել, ոչինչ չկասկածող մարդկանց կրքերն անտեղի բորբոքել չի կարելի: Անգամ, եթե դրա համար քեզ շատ փող են տալիս: Այդ շատը նույնիսկ եթե համաձայնեն տասնապատկել, մեկ է, չի կարելի:
Հաջողության հասած ամեն շարժվող էակի, քեզնից մի բանով լավին, մի բանով առաջ ընկածին նախանձել, հետևից ընկնել, քեզ բոլորից խելացի, արժանի, բայց չգնահատված համարել չի կարելի: Քո ժամանակն էլ հաստատ կգա… բայց՝ իր ժամանակին:
Մնացածը վաճառվում են, և բոլո՞րն են վաճառվում: Գիտեմ, դարն է այդպիսին: Բայց երբ վաճառում ես կոլեգայիդ, դրկիցիդ, հարազատիդ ու ամեն օր նույն շենքում շրջելիս նրա աչքերի մեջ նայելու խնդիր ես ունենում, ուրեմն՝ տուն պահելու միջոցդ փոխելու ճիշտ ժամանակն է:
Նյութի աղբյուր՝ http://dzkanachq.blogspot.am/2018/03/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել