Արդեն 20 տարուց ավել է, ինչ ես սիրով դիտում եմ «Что? Где? Когда?» հաղորդումը Ռուսաստանի Առաջին ալիքով։ Շատ եմ սիրում այն ու կարծում եմ, որ հետխորհրդային տարածքում ամենաորակյալ ու օգտակար հեռուստանախագծերից է։ Բացի նրանից, որ այն էրուդիցիադ է զարգացնում ու լայնացնում մտավոր հորիզոնդ, այն էլիտարության ու ճաշակով բարձրաշխարհիկ կյանքի քարոզ է։ Ու եթե 20 տարուց ավել ես հետևողականորեն նայում եմ ռուսական «Что? Где? Когда?»-ն, ապա արդեն մի քանի տարի շարունակ ես ապարդյուն փորձեր եմ անում, որպեսզի կարողանամ դիտել հայկականը։ Պարզապես չի ստացվում մոտս, ու նյարդերս տեղի են տալիս։ Տպավորություն է, որ շատ որակյալ ապրանքի տուփով քեզ գարշահոտ ֆալշ են հրամցրել, ու այդ գարշահոտությունը միայն մեկ պատճառ ունի՝ հաղորդավարը։

Այո՛, ես պնդում եմ, որ հայկական «Что? Где? Когда?»-ի մեծագույն խնդիրը դրա հաղորդավար Կարեն Քոչարյանն է։ Ես իհարկե հասկանում եմ, որ նա է հայկական տարբերակի հեղինակը, ադմինիստրատորը, մենեջերը կամ էլ օրիգինալ ռուսական տարբերակի հեղինակների պաշտոնական ներկայացուցիչը, բայց ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ է նա համառորեն ուզում, որ հենց ինքն էլ լինի հաղորդավար։ Ախր դա ամենասովորական զոռբայություն է, որովհետև, երբ ռուսալեզու հաղորդումը վարում է մեկը, ում ռուսերենի իմացությունն ու որակը տպավորություն են ստեղծում, որ հայկական տարբերակը վարում է 3 սեզոն խոպան գնացած մեկը, հաղորդման ողջ էլիտարությունն ու որակն անէանում են։

Սա ամենասովորական քյարթուության դրսևորում է, եթե չասենք՝ ժլատության։ Հեռուստադիտողը կրա՞կն է ընկել Կարեն Քոչարյանի ամբիցիոզության ու նաև հաղորդավարի՝ ռոճիկ ունենալու մոլուցքի ձեռքը։ Բացի նրանից, որ նա զռռացող ակցենտով է վարում, նաև չափազանց տափակ են ստացվում նրա նմանակումները ռուսական տարբերակի հաղորդավարի վարելու ձևին։ Ու արդյունքում տուժում է հաղորդումը, որովհետև վստահ եմ, որ միայն ես չեմ, որ արագ փոխում է ալիքը, երբ լսվում է Կարեն Քոչարյանի կոտրատված ռուսերենը, ու դրան արդարացում չի կարող լինել, որովհետև ինչ-ինչ, բայց Հայաստանում ռուսերենի լավ իմացությամբ հաղորդավար գտնելը բացարձակ խնդիր չէ, առավել ևս, որ նրա դեմքը պետք էլ չէ ցուցադրել։

Բայց քանի որ սա Հայաստանն է, ապա դատապարտված ենք համակերպվելու այն իրողության հետ, որ նույնիսկ ամենաորակյալ պրոդուկտը ապականվելու է, որովհետև Հայաստանում քյարթիզմն ու զոռբայությունն են գերիշխում ու վերջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել