Բիզնեսը սովորաբար սոցիալական բարոյականություն չունի ու չի առաջնորդվում հումանիզմի սկզբունքներով: Բիզնեսի հիմքը շահն է, իսկ գործունեության սահմանափակիչը՝ մի կողմից օրենքը, եթե խոսում են իրավական պետության մասին, մյուս կողմից՝ մրցակից բիզնես խմբերի շահերը:
Երբ բիզնեսը լեգալ ու հրապարակային կերպով ստանում է կառավարչական լծակներ, նրա ախորժակին դիմագրավելու քիչ մեխանիզմներ են ի հայտ գալիս, ավելին՝ նա գերակա դիրք է ստանում բիզնես մյուս խմբերի նկատմամբ: Սա առավել տեսանելի է դառնում աղքատ երկրներում, երբ սեփականության բաշխման և վերաբաշխման մի քանի փուլ անցնելուց հետո պարզ է դառնում, որ շահույթ ստանալու համար, փաստորեն, պետք է մուտք գործել ոչ պոպուլյար ոլորտներ, որոնք ուղղակիորեն կապված են ազգաբնակչության սոցիալական ապահովության, ֆիզիկական առողջության ու տարրարկան գոյատևման հարցերի հետ: Սա, իհարկե, բիզնեսի համար խնդիր չէ, կարևորը ճկուն ու խելացի գործիքակազմով շահույթ ապահովելն է:
«Փող քերել ամեն ինչից» սկզբունքն այս պարագայում դառնում է դոմինանտ, ու որևէ սահմանափակում, որևէ բարոյական ու ռացիոնալ նորմ, որևէ սահման, բացի վերադասի անհատական վերաբերմունքից, չի կարող կանգնեցնել փող աշխատելու մոլուցքով տառապող չինովնիկներին: Ու զարմանալի չէ, որ նրանք անգամ կարող են հայտարարել, որ «нам до лампочки» մեր հեղինակազրկումը, կարևորը անհրաժեշտ որոշման կամ օրենքի ընդունումն է:
Սակայն խնդիրն այս «փող քերողները» չեն, այլ այն, որ նրանց վարքն ու գործելաոճը չի արժանանում համապատասխան արձագանքի, ում կողմից որ պետք է...
Մյուս կողմից՝ աղքատ, պատերազմող ու առողջ զինվորի դեֆիցիտ ունեցող երկրում սոցիալ-առողջապահության, կենսապահովման այլ ոլորտներում խորամանկ մեխանիզմներով «փող քերելը» հանգեցնում է երկրում հուսալքության հերթական ալիքին, իշխանության ինստիտուտի նկատմամբ ատելության, իսկ մյուս կողմից՝ նաև սոցիալական ագրեսիայի ու անհանդուրժողականության, մարգինալիզմի, որը ինչ-որ մի կետից հետո կարող է դառնալ մեծ քաղաքական խնդիր արդեն վերադասների համար: Մեծ հաշվով «փող քերողին» դա հետաքրքիր չէ, կարևորը, որ բիզնես շահերը բավարարվեն:
Հենց նման փոքր ու մեծ քայլերից է, որ պղտորվում է երկրում ապրելու մթնոլորտը, երբ անգամ սոցիալապես ապահովված շատ ու շատ մարդիկ իրենց ընտանիքներով արտագաղթում են արդեն ոչ թե ապրելու միջոց հայթայթելու, այլ հոգևոր ու արդեն նաև ֆիզիկական առողջության խնդիրներից ելնելով: Ու թող չասեն, թե «արտագաղթով պետք չէ վախեցնել», քանզի ամեն արտագաղթողի հետ փոքրանում է ճգնաժամային տնտեսությունը, փոքրանում է ապրանքների ու ծառայությունների սպառման ծավալները: Իսկ շուկան բիզնեսի տեսանկյունից կարևորագույն օղակ է:
Պետք է հիշել, որ բիզնեսը հայրենիք չունի, ինքը չգիտի՝ ի՞նչ է «ինքնորոշման իրավունքը», և ինչպե՞ս են ապահով ու անապահով ընտանիքի զավակներն օրուգիշեր -28-ից +48 եղանակային պայմաններում Օմարից Ջաբրաիլ պոստ պահում:
Բիզնեսի համար կարևորն այն է, որ աղքատ երկրում նստի, մտածի և ձև գտնի անգինայի՝ 1000 դրամանոց դեղը քաղաքացու վրա հարակից ծախսերով մի 6-7000 նստացնելու մասին: