Մի կողմից Գյումրիի «Լոֆթում» նստած նայում եմ պատուհանից դուրս ու տեսնում անհասկանալի 60%-ոց վարկերի հերթը, որ կուտակված սպասում են դրսում, և մյուս կողմից՝ նայում են ներս` «Լոֆթի» փայլուն աչքերով պատանիներին ու երիտասարդներին: Մի կողմից՝ Գյումրու Շալեի գեղեցկությունն ու մյուս կողմից՝ պատուհանից այն կողմ գորշ իրականությունը: Մի կողմից՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ընկերությունների մտքի հզորությունը, մյուս կողմից՝ կողքի փողոցում անիմաստ կանգնած ջահելների պարապությունը: Մի կողմից՝ ճղճիմ «շքեղության» հյուրանոցը, մյուս կողմից՝ անմիջապես կողքին՝ կորացած, մտահոգ դեմքերով, հաշվի շարժվող մարդիկ: Մի կողմից՝ Գյումրու նեղլիկ փողոցների տների գեղեցիկ դռները նկարող տուրիստները, մյուս կողմից՝ այդ տներում ապրող մարդկանց աղքատությունը: Մի կողմից՝ երիտասարդների լավատեսությունը, մյուս կողմից՝ Գյումրիից դեպի Ռուսաստաններ գնացող լիքը ավտոբուսները: Մի կողմից՝ փայլուն գեղանկարիչը, մյուս կողմից՝ դոմիկը, որտեղ ապրում է նա  Մի կողմից՝ Ֆրունզը` թատրոն հրավիրողը իր կոչով, մյուս կողմից… Բայց դե ամեն ինչ լավ է լինելու տեխնոլոգիական կենտրոնի, «Լոֆթի», «Շալեի» ու, իհարկե, լավատես, խելացի, աշխատող, նպատակասլաց ջահելության շնորհիվ: Ես հավատում եմ, որ Գյումրուն փայլուն ապագա է սպասվում: Նաև համաձայն եմ, որ մայրաքաղաքն էլ տեղափոխեն Գյումրի: Թող հայրաքաղաքն էլ, մայրաքաղաքն էլ միանան ու նույն տեղում լինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել