Տնտեսական առումով 1915-ին Թուրքիան ունեցավ հետևյալ օգուտները: Հայի տնտեսական գործունեության արդյունքը` կապիտալը, նախ, ծառայեց որպես թուրք և քուրդ արյունռուշտ զանգվածի բարիք: Երկրորդ, դարձավ երիտթուքական կառավարության ցեղասպան քաղաքականության բաղկացուցիչ, ինչպես նաև Առաջին աշխարհամարտում պարտված Թուրքիայի ռազմատուգանքի պատժամիջոց:
«Լքյալ գույքի մասին» և նման այլ տխրահռչակ օրենքները փաստորեն իրավական տեսակետից ապահովեցին ընչազավթումը. առաջին` սա կատարվեց ամբողջ Թուրքիայի տարածքում, երկրորդ` մահմեդական փախստականները, գաղթականները`մուհաջիրները, տեղավորվեցին հայապատկան տներում և երրորդ` հայերից խլված ֆինանսական միջոցներն օգտագործվեցին ներքին և արտաքին պարտքերը մարելու համար:
Եթե ժամանակակից բանկային տերմինոլոգիայով նկարագրենք, թե ինչ կատարվել Արևմտահայ կապիտալի հետ, կլինի մոտավորապես հետևյալը. եթե հայոց տնտեսական կյանքը պատկերացնենք, որպես մի բանկ, ապա թուրք ավազակը ներխուժեց, սրի քաշեց բոլորին ու յուրացրեց դրամատան պահոցում կուտակված ահռելի հարստությունը: Դա մի վարկ էր, որի համար ոչ մի տոկոս չէր վճարելու, քանզի օրինական տերերին բնաջնջել էր:
Համաշխարհային բանկային պատմության մեջ Թուրքիան դարձավ բացառիկ վարկառու: Եվ այդ անտոկոս ու անվերադարձելի վարկով նա կառուցեց իր ներկայիս տնտեսությունը:
Հ.գ. Ցեղասպանությունը հանգեցրեց նաև արևմտահայոց տնտեսական լեզվի, բառամթերքի կորստի: