«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դեռ փետրվարի սկզբին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանին, ՀՀ քաղաքացիներ Դիանա Գրիգորյանին (հաղորդավարուհի Դինա Ակոպովնա,– խմբ.) և Հրաչյա Աթոյանին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ դաշնային երդվյալների հանձնաժողովի կողմից մուտքի վիզաների հետ կապված խարդախության համար: Ըստ մեղադրանքի՝ նրանք շահույթ ստանալու նպատակով Հայաստանի քաղաքացիներին անօրինական ճանապարհով բերել էին ԱՄՆ: Մեղադրական եզրակացությամբ նրանց առաջադրվում է մեղադրանք հանցավոր համաձայնության, մուտքի վիզաների հետ կապված խարդախության, փողերի լվացման, ծանրացուցիչ հանգամանքներով զուգորդված անձնական տվյալների գողության և արտասահմանցիներին անօրինականորեն ԱՄՆ բերելու համար:

Մարտի 1–ին հերթական ու բավականին խիստ հայտարարություն եղավ՝ այս անգամ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան կողմից:

Հաղորդագրության մեջ ԱՄՆ դեսպանատունն ընդգծել էր. «ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և ԱՄՆ պետքարտուղարության դիվանագիտական անվտանգության ծառայության համատեղ քննությամբ ազդեցիկ ուղերձ է հղվում առ այն, որ ԱՄՆ վիզաների հետ կապված չարաշահումներն ազգային անվտանգության խնդիր են և դրանք չեն կարող հանդուրժվել: Անդրազգային կազմակերպված հանցավորությունը, որը շահույթ է ստանում ճանապարհորդական փաստաթղթերի հետ կապված խարդախությունների միջոցով անհանգստացնում է մեզ, ինչպես նաև այն հանգամանքը, որ հանցավոր նպատակներով շահարկվում է հայկական մշակութային ժառանգությունը, օգտագործվում են այլ անձանց տվյալներ և որակավորումների մասին սուտ տեղեկություններ:

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Բոյաջյանի, Ակոպովնայի և Աթոյանի հանցավոր գործունեության թիրախը եղել են P–3 տեսակի մուտքի վիզաները, որոնք տրվում են բացառիկ մշակութային գործիչներին: Սա վիզայի այն տեսակն է, որը սովորաբար ստանում են հայ արվեստագետները, մշակութային գործիչները, երաժիշտներն ու կատարողները, ովքեր ԱՄՆ են մեկնում ամերիկյան ժողովրդին ներկայացնելու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության կարևոր կողմերը: Ցավոք, նմանատիպ դեպքերը ստիպում են, որպեսզի հայ–ամերիկյան մշակութային փոխանակման հնարավորություններից յուրաքանչյուրը մանրակրկիտ քննության առնվի»:

Հայտարարության մեջ նշվել է նաև, որ մուտքի վիզաների հետ կապված խարդախության այս սխեմայի ներքո կազմակերպիչները պահանջել ու ստացել են կեղծ տեղեկանքներ, պատրաստել բեմադրված լուսանկարներ, որտեղ դիմողները հայկական պարի տարազով են, և հրահանգավորել են դիմողներին հարցազրույցի ժամանակ կեղծ տեղեկություններ հայտնել. «Ձերբակալությունից հետո Բոյաջյանը և Աթոյանը պատշաճ դատավարական ընթացակարգերից հետո կկանգնեն ամերիկյան դատարանի առաջ: Ակոպովնան դեռևս հետախուզման մեջ է գտնվում ԱՄՆ արդարադատության համակարգի կողմից: Երևանում ԱՄՆ դեսպանատունը կաջակցի նրան պատասխանատվության ենթարկելուն ուղղված ջանքերին: Գործով քննությունը դեռ ընթացքի մեջ է»:

Հայտարարությունների ֆոնին հետաքրքրական մի հանգամանք կա: Հետախուզման մեջ գտնվող անձը, այս պարագայում հաղորդավարուհի Դինա Ակոպովնան, այդուհանդերձ Հայաստանում շարունակում է գործունեություն ծավալել: Նա շարունակում է ոչ միայն աշխատել Հայաստանում, այլև սոցիալական ցանցերում պարբերաբար «check in» է լինում իր աշխատանքի վայրում: Սա բացահայտ ուղենիշ է նրա գտնվելու վայրի մասին, ինչից հետախուզվող անձը, փաստորեն, չի խուսափում: Երևույթը, սակայն, հետախուզման մեջ գտնվող անձի դեպքում մի փոքր տարօրինակ է: Նա ակտիվորեն նաև լուսանկարներ է հրապարակում:

ԱՄՆ դեսպանատունն, ըստ էության, նախազգուշացնում է՝ այսուհետ հայ-ամերիկյան մշակութային փոխանակման հնարավորություններից յուրաքանչյուրը մանրակրկիտ քննության կառնվեն: Չի բացառվում նաև, որ իրապես նման նպատակներ ունեցող անձինք հայտնվեն դեսպանատան ուշադրության կենտրոնում ու զրկվեն մուտքի վիզաներից:

Մինչ ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է, հաղորդավարուհին, անկախ ամեն ինչից, նույն օրը գարնան առաջին օրվա մասին գրառում է կատարում»:

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել