Armtimes.com-ը գրում է.

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում օրեր առաջ միջադեպ է տեղի ունեցել ՔԿՀ-ի կալանավորների եւ աշխատակցի միջեւ, որի ժամանակ կալանավորվածներից մեկն անգամ հարվածել է աշխատակցին: Armtimes.com-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ Գլխավոր դատախազությունից, նշելով, որ դեպքի առթիվ Լոռու դատախազությունում այսօր հարուցվել է քրեական գործ. « «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի զեկուցագրի վերաբերյալ նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն հիմնարկի թիվ 28-րդ խցում պահվող կալանավորված անձ Զ. Ն.-ն, զբոսանքից վերադառնալիս ցանկացել է մուտք գործել եղբոր՝ Լ. Ն.-ի խուց: Սակայն քրեակատարողական հիմնարկի մասնագետ Է. Կ.-ի կողմից մերժում ստանալով՝ նախ ինքը, ապա եղբայրը կալանավորվածներին պահելու վայրի բնականոն գործունեությունը խոչընդոտելու նպատակով վիճաբանության մեջ են մտել ՔԿՀ աշխատակցի հետ, որի ընթացքում գործադրել են նրա կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն՝ ձեռքերով հարվածներ են հասցրել նրա դեմքին»:

Դատախազությունից հայտնեցին նաեւ, որ նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հանցակազմի հատկանիշներ, Լոռու մարզի դատախազության ավագ դատախազի կողմից որոշում է կայացվել դեպքի առթիվ հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել