Վերջին շրջանում բավականին բուռն արձագանք ստացավ ԱՄՆ-ում հրապարակված մի փաստաթուղթ: ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսի՝ օրերս հրապարակված «Սպառնալիքների գնահատականը» ամենամյա զեկույցը զարմանալի կարող են անվանել միայն այն մարդիկ, ովքեր այնքան էլ ծանոթ չեն Անդրկովկասի իրողություններին և Ադրբեջանի 2016 թ. ապրիլյան ռազմական արկածախնդրության նրբին մանրամասներին: Թեև Ռուսաստանն ու Չինաստանը մատնանշված են իբրև ամերիկյան ազգային անվտանգությանն սպառնացող հիմնական վտանգ, այնուամենայնիվ, քննարկվող զեկույցում Ռուսաստանը հիշատակված է 67 անգամ, իսկ Չինաստանը՝ սոսկ 36: ԱՄՆ-ի հակառակորդ մնացած երկրներն ընկալվում են իբրև տարածաշրջանային սպառնալիք: Հետախուզական միջակայքում տարածաշրջանային ընդդիմախոսներից հիմնական հակառակորդներն իրանական ու կուբայական հետախուզություններն են:
Սակայն, հաշվի առնելով, որ տարբեր տեսակետներից Անդրկովկասը՝ որպես Ռուսաստանի ու Իրանի միջև «սեղմված» տարածաշրջան, իրենից ներկայացնում է այդ տերությունների մի յուրօրինակ ռազմավարական թիկունք, և հաշվի առնելով, որ «Քոութսի զեկույցում» մեծ տեղ է հատկացված Սիրիայի և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքի իրադարձություններին, անհրաժեշտ ենք համարում ուշադրություն հրավիրել զեկույցի հենց անդրկովկասյան մասի վրա:
Վերջին շրջանի փորձն ակնհայտորեն վկայում է, որ ապակայունացման նոր փորձերը վերստին կարող են ձեռնարկվել հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների տիրույթում՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ: «Քոութսի զեկույցը» պաշտոնական փաստաթուղթ է և զետեղված է գերատեսչության պաշտոնական էջում: Արցախի շուրջ տիրող իրադրության առթիվ շարադրված մեկնաբանություններն առնչվում են Քոութսի ներածական խոսքի տեքստին, որը նախապատրաստված է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի հետախուզության հատուկ կոմիտեում ունկնդրումներ անցկացնելու համար: Կանոնավորապես անցկացվող այդ ունկնդրումներում քննության են առնվում ԱՄՆ-ի ազգային անվտանգությանն սպառնացող վտանգները: Քոութսը պաշտոնապես համարվում է ամերիկյան բոլոր 16 հետախուզական գերատեսչությունների աշխատանքի համակարգողը:
Զեկույցի՝ Արցախին նվիրված մասում նշվում է, որ «փոխզիջումից երկու կողմերի հրաժարումը, արտաքին ճնշման սաստկացումը, Ադրբեջանի մշտական ռազմական արդիականացումը և Հայաստանի կողմից 2018-ին ռուսական նոր զենքի ձեռքբերումը կարող են հանգեցնել խոշորածավալ մարտական գործողությունների»: «Վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ սաստկացող լարվածությունը կարող է լայնածավալ ռազմական հակամարտության վերածվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որը կարող է Ռուսաստանին ներգրավել իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար»,- նշված է փաստաթղթում:
Օրերս ՀՀ տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող լրագրողները ձգտում էին Շավարշ Քոչարյանից պարզել, թե ՀՀ իշխանություններն ինչպես են վերաբերվում ամերիկյան հատուկ ծառայությունների հաշվետվություններին, համաձայն որոնց՝ Արցախում տիրող լարված իրադրությունը կարող է պատերազմի հանգեցնել: Բայց իր մեկնաբանությունում Շ. Քոչարյանը ճկուն կերպով շրջանցեց «Քոութսի զեկույցում» առաջ քաշված առավել սուր հարցերը և սոսկ արձանագրեց, թե «այն փաստը, որ իրավիճակը մնում է պայթյունալի, ակնհայտ է», և որ լարված իրավիճակի դրսևորում է 2016 թ. Ապրիլյան պատերազմը:
«Քոութսի զեկույցը» ներկայացնենք ավելի մատչելի տարբերակով: Ներկայումս Բաքվում է գտնվում ԱՄՆ-ի պետդեպի էներգետիկ պաշարների բյուրոյի միջազգային էներգետիկ հարցերի հատուկ բանագնացի և համակարգողի պաշտոնակատար Սյու Սաարնիոն: Նա այստեղ է, այսպես կոչված, «Հարավային գազատար միջանցք» նախագծի կոնսուլտատիվ խորհրդի 4-րդ նիստին մասնակցելու համար: Ի. Ալիևի հետ բանակցությունների ժամանակ Սաարնիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահը, կառավարությունն ու պետքարտուղարը համակողմանի աջակցություն են ցուցաբերում «Հարավային գազատար միջանցք» նախագծին: «Հարավային գազատար միջանցքի» մասին սկսել է պտտվել այն բանից հետո, երբ երկար տարիների առարկություններից ու «մարգարեությունից» հետո նախորդ համանման նախագծերը ձախողվեցին, որոնք նախատեսում էին շրջանցել ՌԴ և Իրանի տարածքները նախկին խորհրդային հանրապետություններից դեպի Արևմուտք նոր խողովակաշարեր գցելիս: ԽոսքՆ Անդրկասպյան և Nabucco ծրագրերի մասին է: Հետաքրքիր է` «Քոութսի զեկույցը» «Հարավային գազատար միջանցքի» կոնսուլտատիվ խորհրդի 4-րդ նիստի՞ն, թե՞ ընդհակառակը: Մի բան ակնհայտ է` իրադարձությունները փոխկապակցված են, կասկած չկա: